Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և հվ-արլ. շրջաններում՝ 900-1300 մ բարձրություններում: Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5°C է, նվազագույնը՝ -30°C: Գարունը մեղմ է, տևական և խոնավ, ամառը՝ չափավոր շոգ, համեմատաբար՝ խոնավ: Հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը 22°C է, առավելագույնը՝ 35°C: Աշունը զով է (միջին ջերմաստիճանը՝ 10-17°C), արևոտ՝ անհողմ եղանակների գերակշռությամբ: Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 220 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3900°C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ՚. Պայմանները բարենպաստ են հանգստի և բուժման համար: Լանդշաֆտը լեռնատափաստանային, անտառային է:

ՉԱՓԱՎՈՐ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է Արարատյան գոգավորությունում, Վայքում՝ 1300-1700 մ բարձրություններում: Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գերակշռում են սառնամանիքային եղանակները: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 8°C է, նվազագույնը՝ -33°C: Գարունը տևական է, բարեխառն: Ամառը չափավոր շոգ է, արևոտ՝ չոր եղանակների գերակշռությամբ: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 20-23°C է, առավելագույնը՝ 38°C: Աշնանը գերակշռում են տաք, արևոտ եղանակները: Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 200 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3300°C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Պայմանները բարենպաստ են հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, ճակնդեղի և պտղաբուծության համար: Կլիմ. և օրացուցային եղանակները համընկնում են: ՉՈՐ, ԽԻՍՏ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 1000 մ բարձրություններում: Ձմեռը ցուրտ է, գերակշռում են սառնամանիքային եղանակները, հունվարին օդի միջին ջերմաստիճանը -4°C է, նվազագույնը՝ -33°C: Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի: Գարունը կարճատև է, մեղմ, ամառը՝ տևական (4-5 ամիս), շոգ, չոր՝ արևոտ եղանակների գերակշռությամբ: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 26°C է, առավելագույնը՝ 42°C: Աշունը մեղմ է, տևական, տաք՝ անհողմ Եղանակների գերակշռությամբ: Անսառնամանիք ժամանակաշրջանը 230 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4600°C, տարեկան տեղումները՝ մինչև 300 մժ. Լանդշաֆտը անապատային և կիսաանապատային է: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային բույսեր և ծառատեսակներ՝ դեղձենի, ծիրանենի, խաղող և այլն: ՉՈՐ ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՅԱՅԻՆ ԿԼԻՄԱ, ՀՀ-ում ձևավորվում է հս-արլ. և հվ-արլ. շրջաններում՝ 700-900 մ բարձրություններում: Ձմեռը կարճատև է, մեղմ՝ ոչ հաստատուն ձնածածկույթով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 1-ից -1°C է, նվազագույնը՝ -25°C: Գարունը տաք է ու կարճատև, օդի միջին ջերմաստիճանը՝ 0-15°C, ցրտահարություններ դիտվում են ապրիլ-մայիսին, ապրիլին՝ նաև խորշակներ: Ամառը տևական է, գերակշռում են շոգ, չոր եղանակները: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 24-26°C է, առավելագույնը՝ 41 °C: Աշունը տևական է, մեղմ՝ տաք ու չոր եղանակների գերակշռությամբ, հոկտեմբեր-նոյեմբերին՝ թխպամած և անձրևոտ: Անսառնամանիք ժամանակաշրջանը 230-250 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4300-4800°C, տեղումների քանակը՝ 300-350 մմ։ Լանդշաֆտը չոր տափաստանային է: Պայմանները բարենպաստ են ջերմասեր բույսերի և ծառատեսակների մշակման համար: ՉՈՐ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԼԻՄԱ, չոր, խիստ ցամաքային կլիմայի տարատեսակ: ՀՀ-ում ձևավորվում է Արարատյան գոգավորությունում, Վայքում՝ 1400-1500 մ բարձրություններում: Ձմեռը չափավոր ցուրտ է՝ անկայուն ձնածածկույթով: Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -4-ից -5°C է, նվազագույնը՝ -34°C: Գարունը մեղմ է, համեմատաբար՝ խոնավ: Ամառը շոգ է, արևոտ՝ չոր եղանակների գերակշռությամբ, սկսվում է մայիսի սկգբին: Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 23°C է, առավելագույնը՝41 °C: Աշունը մեղմ է, արևոտ՝ անհողմ եղանակների գերակշռությամբ: Անսառնամանիք ժամանակաշրջանը 200-220 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4300°C, տարեկան տեղումները՝ 350-400 մմ. Լանդշաֆտը կիսաանապատային է: Ոռոգման դեպքում պայմանները բարենպաստ են պտղաբուծության, այգեգործության և հացահատիկային բույսերի մշակման համար: ՊՏՏԱՀՈՂՄ, մրրիկ, ուժգին, սրնթաց պտուտակաձև քամի: Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը: Բարձր. 800-1500 մ է: Պ. ունենում է վերին՝ ձագարաձև (որով միախառնվում է ամպերին), և ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ: Պ-ում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր: Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է, տրամագիծը՝ տասնյակ մետրեր: Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով: Կարող է մեծ ավերածություններ պատճառել: ՀՀ տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին: ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԻՆՎԵՐՍԻԱ, ջերմաստիճանի շրջադասություն, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման փոխարեն ջերմաստիճանի աճի երևույթ: Դիտվում է առավելապես ներքնոլորտում, օդի երկրամերձ շերտում (երկրամերձ շրջադասություն), ազատ մթնոլորտում (հատկապես ստորին 2 կմ-անոց շերտում) և ներքնոլորտից վերնոլորտին անցման շերտում (տրոպոպաուզայում): Առաջանում է պարզկա գիշերներին՝ երկրի մակերևույթից ջերմաճառագայթման՝ ջերմաստիճանի զգալի նվազման և երկրի սառը մակերևույթի վրայով տաք օդային հոսանքների անցման ժամանակ: Երկրամերձ Ջ.ի-ի ստորին սահմանը համընկնում է երկրի մակերևույթի հետ: Շերտի հաստությունը լինում է մի քանի մ-ից մի քանի տասնյակ մ(Երբեմն՝ ավելի քան 1000մ), ջերմաստիճանի աճը՝ 0,1-ից մինչև 10-15°Շ: Երկրամերձ Ջ.ի. սովորաբար արևածագից հետո վերանում է, իսկ ձմռանը, երբ շրջադասության վերին շերտում գոյանում է խիտ մառախուղ կամ շերտավոր ամպամածություն, պահպանվում է մի քանի շաբաթ: Երկրամերձ Ջ.ի. հաճախ դիտվում է Արարատյան, Շիրակի, Սևանի,