Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական լեռնաշխարհը ջրային պաշարներով շատ հարուստ չէ. սակայն այն ինքնատիպ ջրագրական հանգույց է, որտեղից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը (Հայոց մայր գետը), Ճորոխը, որոնք ավանդաբար համարվում են դրախտի գետեր: Ստորին հոսանքում, լեռնաշխարհի սահմաններից դուրս, Եփրատը միանում է Տիգրիսին, կազմավորում Շատ էլ Արաբ գետը և թափվում Պարսից ծոց: Հնում հայերն ինքնաշեն նավերով ապրանքները Եփրատով փոխադրել և վաճառել են Բաբելոնում: Ամեն տարի Հայկական լեռնաշխարհի տարածքից գետերի միջոցով դեպի Համաշխարհային օվկիանոս է տեղափոխվում մոտ 90 կմ3 ջուր, լվացվում-հեռացվում է մոտ 80 մլն տ ջրաբերուկ: Հայկական լեռնաշխարհը ջրաբաշխ է. այստեղ սկիզբ առնող գետերը, խոր կիրճերով ճեղքելով եզրային լեռնաշղթաների օղակը, դուրս են գալիս շրջակա հարթավայրեր, թափվում Սև (ջրհավաք ավազանը՝ 53 հզ. կմ2), Կասպից (128 հզ. կմ2) ծովերը, Պարսից ծոցը (135 հզ. կմ2) և ներքին ջրային ավազաններ (58,8 հզ. կմ2):

Հայկական լեռնաշխարհի գետային ցանցի ընդհանուր երկարությունը 180 հզ. կմ է (ցանցի խտության գործակիցը՝ 0,5 կմ/կմ2):

Լեռնաշխարհի գետերը սնվում են հիմնականում հալոցքային, ստորերկրյա և անձրևային: Սառցադաշտային սնումը գետերի ընդհանուր հոսքի 1%-ից էլ պակաս է: Գետերը հիմնականում վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը, նվազագույն մակարդակները դիտվում են հուլիս-օգոստոսին և ձմռանը: Միջնաշխարհում, բարձրլեռնային զանգվածներում, գերակշռում է հալոցքային, իսկ ցածրադիր գոգավորություններում՝ անձրևաջրային սնումը:

Հայկական հրաբխային բարձրավանդակի տարածքով հոսող գետերի ջրհավաք ավազաններում լայն տարածում ունեն խիստ ծակոտկեն և ճեղքավորված ջրաթափանց ապարները, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ քարակարկառները, որոնք գետերի սնման համար կատարում են կարգավորիչ դեր՝ ջուրը ներծծվում, կուտակվում է հրաբխային ապարների մեջ և նպաստում ստորերկրյա սնմանը:

Հայկական լեռնաշխարհի գետերին հատուկ են նաև մակարդակների անսպասելի տատանումները, հզոր արտաբերման կոները, մեծ արագությունը (որի պատճառով չեն սառցակալում, բայց սղինատար են), սահանքների և ջրվեժների առկայությունը (օրինակ՝ Եփրատը, ճեղքելով Հայկական Տավրոսը, գոյացնում է ավելի քան 300 սահանք ու ջրվեժ):

Հայկական լեռնաշխարհի ջրագրական առանձնահատկություններից է տարբեր ծագման (տեկտոնական, տեկտոնահրաբխային, հրաբխային, սառցադաշտային) լճերի առատությունը: Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերի՝ Սևանի, Վանի, Ուրմիայի գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, իսկ Սևանը և Վանը նաև լավային