Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստորերկրյա ջրերից: Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արարատի մարզի հողատարածքները:

ԱՐՓԱ, Արևելյան Արփաչայ, Արփանյալ (վերին հոսանքում՝ Ջերմ), գետ ՀՀ Վայոց ձորի մարզում, Նախիջևանում, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հս-արմ. լանջից՝ մոտ 3260 մ բարձր-ից: Երկար. 128 կմ է, ջրհավաք ավազանը՝ մոտ 2630 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 92 կմ և 2080 կմ2): Գետահովիտը վերին հոսանքում նեղ և խորը կիրճ է, որոշ հատվածներում վերածվում է կանիոնի, ընդունելով Դարբ վտակը՝ հոսում է Միջին Արփայի գետահովտով, այնուհետև կտրելով Վայքի լեռնաշղթան՝ դուրս է գալիս Շարուրի դաշտ և միանում Արաքսին: Առավել խոշոր վտակներն են Եղեգիսը, Դարբը, Հերհերը, Գնիշիկը, Ելփինը և այլն: Սնումը հալոցքային (39 %) և ստորերկրյա (43 %) է, վարարումը՝ մարտ-հուլիսին, առավելագույնը՝ մայիսին: Տարեկան միջին ծախսը 21,2 մ/վ է, առավելագույնը՝ 340 մ3/վ (1969), հոսքը՝ 667,8 մլն մ3: Վարարումների ժամանակ գետի գրեթե բոլոր վտակները վերածվում են սելավների: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ա-ի ջրերի զգալի մասը (250 մլն մ3) Որոտան-Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Թունելի գլխամասում կառուցվել է Կեչուտի ջրամբարը: Ագարակաձոր գ-ի մոտ Ա-ի վրա կանգուն է XIII դ. միակամար կամուրջը: Ա-ի ափին են Ջերմուկ առողջավայրը և Մոզ ք-ի ավերակները:

ԱՐՓԻ, լիճ ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթի հս-արմ-ում՝ 2025 մ բարձր. վրա: Ունի տեկտոնահրաբխ. ծագում: Ջրհավաք ավազանը 220 կմ2 է: Լճից սկիզբ է առնում Ախուրյանը: 1951-ին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի: Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ2 էր, խոր.՝ 1,6 մ, ջրի ծավալը՝ 5 մլն մ3:

ԱՐՓԻ ԼՃԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՀ Շիրակի մարզում: Շահագործման է հանձնվել 1951-ին՝ Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում՝ 2025 մ բարձր. վրա՝ Արփի լիճը պատվարելով: Մակերեսը 22,5 կմ2 է, միջին խոր.՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ), ջրատարողությունը՝ 105 մլն մ3: Սնումը հիմնականում աղբյուրներից և գետակներից է (Կարմիրջուր, Եզնաջուր և այլն): Ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Պատվարը երկաթբետոնե է, երկար.՝ 80 մ, առավելագույն բարձր.՝ 11,2 մ: Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ: Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները: Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները: Կա մակույկային երթևեկություն: Ձմռանը սառցակալում է: Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, խրամուլ): Կա ձկնաբուծ. և ձկնորս. տնտեսություն: Կաթնասուններից կան ջրասամույր և ջրառնետ, թռչուններից՝ հավալուսն, մի քանի տեսակի բադեր, չվող թռչուններ:

ԲԱԽՏԱԿ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արլ. լանջերից, 3070 մ բարձր-ից և թափվում Սևանա լիճ: Երկար. 30,3 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ2: Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում և ստորինում՝ տաշտակաձև: Սնումը հիմնականում ձնաանձրևային և ստորերկրյա է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,8 մ/վ3 է, հոսքը՝ 23,3 մլն մ3: Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն, կան հանք/ աղբյուրների ելքեր:

ԲԵՐԿՐԻ, Բենդիմահի, Առեստ, գետ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի ավազանում: Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հս-արլ. լանջերից՝ մոտ 2960 մ բարձր-ից: Երկար. 93 կմ է: Հոսում է հվ-արլ., դուրս գալիս Աբաղայի դաշտ, ապա ուղղվում հվ-արմ. և Բերկրի (այժմ՝ Մուրադիե) ք-ից 10 կմ հվ, թափվում Վանա լիճ: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին: Ամռանը ցամաքում է: Գետաբերանից մոտ 4 կմ վեր, Վան-Արճեշ ճանապարհի վրա, կա երկկամար հին քարաշեն կամուրջ: Ուրարտ. շրջանում (մ.թ.ա. IX-VIIIդդ.) Բ-ից անցկացվել է ոռոգիչ ջրանցք: Այդ մասին Բերկրի ք-ի գերեզմանոցում պահպանվել են ուրարտ. Մենուա թագավորի արձանագրությունների տարբերակներ:

ԲՅՆՈՒՆՅԱՑ ԾՈՎ, տես Վանա լիճ։

ԲԻԹԼԻՍ, Բաղաղեշ, Բաղեշ, գետ Հայկ. լեռնաշխարհում, Արևելյան Տիգրիսի աջ վտակը: Սկիզբ է առնում Վանա լճի հվ-արմ-ից՝ Շատախի լեռնաշղթայի հվ. լանջից՝ մոտ 2400 մ բարձ-՜ից: Երկար. 105 կմ է: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիսին: Խոշոր վտակը Գյոզալդարան է: Բ-ի ափին է Բիթլիս ք.:

ԲԼԴԱՆ, գետ ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը: Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի Բովաքար լեռնագագաթի հվ. լանջից՝ 2800 մ բարձր-ից: Երկար. 15կմ է, ջրհավաք ավազանը՝ 72 կմ2: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին: Տարեկան միջին ծախսը 0,3 մ3