Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակով: Տեղադրված են 4 ջրհան պոմպեր, մղման բարձր. 20 մ է, ջրի ելքը՝ 4,7 մ³/վ

ՔԱՍԱՂԻ ՋՐԱՆՑՔ, ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Սկիզբ է առնում Քասաղ գետից: Շահագործման է հանձնվել 1973-ին: Մայր ջրանցքը սկսվում է ջրարգելակ-վահան կարգավորիչով, անցնում 2,5 կմ թունելով, Քասաղի կիրճով: Երկար. 3,8 կմ է, ջրթողունակությունը՝ 18 մ3/վ: Բաժանվում է ձախ և աջ ճյուղերի: Ձախափնյա ջրանցքը ձգվում է Քասաղից դեպի արլ., հասնում Զորավան գ-ի սահմանները: Երկար. 8,9 կմ է, ջրթողունակությունը Արզնի-Շամիրամին փոխհատուցող ջրանցքի հետ՝ 16,4 մ3/վ: Կառուցվել է Արզնի-Շամիրամ ջրանցքին լրացուցիչ ջուր (14 մ3/վ) տալու համար: Աջափնյա ջրանցքը դյուկերով անցնում է Քասաղը, ձգվում արմ.՝ մինչև Օհանավան և Ուշի գ-երի հողատարածքները: Երկար. 6,6 կմ է, ջրթողունակությունը՝ 1,65 մ3/վ:

ՔԱՐԱՁԻ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արգիճիի ձախ վտակը: Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գեղասար լեռնագագաթի հվ. լանջից՝ մոտ 3000 մ բարձր-ից: Երկար. 25 կմ է, ջրհավաք ավազանը՝ 96 կմ2: Տարեկան միջին ծախսը 1,61 մ3/վ է: Գետահովիտը V-աձև է: Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ մայիս-հունիսին:

ՔԱՐԻ ԼԻՃ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագածի մերձգագաթնային սարավանդում՝ 3190 մ բարձր․ վրա: Լճի գոգավորությունն առաջացել է սառցադաշտամորենային ամբարտակման հետևանքով: Ափերը հարթ են: Հս. ափին, լճի մակարդակից մոտ 60-70 մ բարձր., վեր է խոյանում քարափակերպ լանջերով և քարաթափվածքներով ծածկված մի լեռնագագաթ: Մակերեսը 0,3 կմ2 է, առավելագույն խոր.՝ 8 մ, ջրհավաք ավազանը՝ 3,6 կմ2, ջրի ծավալը՝ 357 հզ. մ3: Ջուրը սառնորակ է, վճիտ, օգտագործվում է խմելու համար: Լիճը ներառված է Արագածի ալպյան արգելավայրի մեջ:

ՔՅՈՒՐԱԿ, գետ ԼՂՀ-ում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Առավի լեռնաշղթայի հս. լանջերից՝ 3100 մ բարձր-ից: Երկար. 126 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2080 կմ2: Կուր է թափվում ծ.մ. 18 մ բարձր․ վրա: Սնումը ստորերկրյա (40 %) և անձրևային (31 %) է, վարարումը՝ մարտ-հունիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 47 %-ը: Տարեկան միջին ծախսը 2,85 մ3/վ է, հոսքը՝ 90 մլն մ3 (Գետաշեն գ.): Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

ՕԼԹԻ (պատմ.՝ Ուղթեաց, վերին հոսանքում՝ Բողխա), գետ Հայկ. լեռնաշխարհում, Ճորոխի աջ վտակը: Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից (Հայկ. հրաբխ. բարձրավանդակի արմ-ում), հոսում նեղ կիրճով մինչև Օլթիք.: Երկար. 144 կմ է: Սնումը ձնաանձրևային է: Ձախից ընդունում է Թորթումը և թափվում Ճորոխ գետը: