Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերը զբաղեցնում են 697 հզ. հա (տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ տարածքի 11,7 %-ը:

ՀՀ-ում հանդիպում են երկրագնդի վրա տարածված հայտնի գրեթե բոլոր հողային տիպերն ու ենթատիպերը՝ բացառությամբ պոդգոլայինի, լատերիտայինի և այլն: Այստեղ կա նույնիսկ շարժվող ավազներով տիպիկ անապատ (Արարատի մարզի Գոռովան գ., 200 հա), իսկ բարձրլեռնային շրջաններում հանդիպում են լեռնատունդրային հողեր: Տափաստանային հողերը ներկայացված են բազմաթիվ տիպերով և ենթատիպերով: Անտառային և լեռնամարգագետնային հողերը ևս մեծ բազմազանությամբ են ներկայացված:

Հողային այս զարմանալի բազմազանությունը հետևանք է ոչ միայն ՀՀ ռելիեֆի խիստ կտրտվածության և բարձրաչափական նիշերի մեծ տարբերության (ամենացածր կետը 375 մ է, ամենաբարձրը՝ 4090 մ), այլև կլիմայի և բուսածածկույթի մեծ բազմազանության, որը հետևանք է բնապատմական զարգացման, ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի:

Ակադեմիկոս Ա. Թախտաջյանի բնորոշմամբ՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիբիրական և Իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ և, որպես հետևանք, հողածածկույթի մեծ բազմազանությամբ չորս բուսական գավառներ:

Պոնտական բուսական գավառի սահմաններում՝ այժմյան Տավուշի և Լոռու մարզերում, հանդիպում են տիպիկ անտառային հողեր, որովհետև այդ տարածքները նախկինում (մասամբ նաև ներկայումս) ծածկված են եղել սաղարթախիտ, մեզոֆիլ անտառներով: Նույնպիսի հողեր են հանդիպում նաև Հիրկանյան բուսական գավառի՝ այժմյան Սյունիքի և Սևանի մարզերի տարածքում: Արմենաանատոլիական բուսական գավառը՝ այժմյան Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի տարածքում, ունի տիպիկ և խիստ բազմազան տափաստանային բուսականություն, որտեղ կան ՀՀ անջրդի գյուղատնտեսության ոսկե ֆոնդը հանդիսացող լեռնային սևահողերի տարբեր ենթատիպեր: Ատրպատականյան բուսական գավառի՝ այժմյան Արարատի և Արմավիրի, մասամբ՝ Վայոց ձորի մարզերի բուսականությունն աչքի է ընկնում տիպիկ անապատակիսաանապատային բնույթով: Կլիման չոր է և խիստ ցամաքային: Նման պայմաններում ձևավորվել են կիսաանապատային գորշ հողերը (800-1250 մ բարձրության վրա), որոնք ունեն փոքր հզորություն և հումուսի փոքր (1-2 %) քանակություն:

Մշակաբույսերի համար պիտանի ՀՀ այս հողատարածքներում զարգանում են խաղողագործությունը, ջերմասեր կորիզավոր պտղատուների (ծիրանենի, դեղձենի) այգիները, բոստանաբանջարանոցային բույսերի ցանքատարածությունները, ծխախոտի տնկատափերը:

Հողատարածքների այսպիսի սուղ պայմաններում չափազանց կարևոր են ՀՀ հողային ֆոնդի պահպանությունը, արդյունավետ օգտագործումն ու հետագա հարստացումը: Նոր, խոպան հողերի նվաճումը բացառված է, քանի որ ՀՀ տարածքում մնացել են միայն մարգինալ՝ անձեռնմխելի, մերձսահմանային հողեր, որոնք մշակության ոլորտ ներգրավելն անթույլատրելի է: Ուստի անհրաժեշտ է մշակվող հողերն արդյունավետ օգտագործել, իրականացնել հակաէրոզային միջոցառումներ, կիրառել ճիշտ ցանքաշրջանառություն, մշակության համար ոչ պիտանի տարածքների վրա աճեցնել արհեստական անտառներ, մշակվող թեք լանջերի վրա հիմնել բուֆերային՝ թափարգելակիչ տնկարկներ, ստեղծել պաշտպանական անտառներ, օգտագործել մեծ քանակությամբ օրգանական պարարտանյութեր: Հարկավոր է նաև ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները համապատասխանեցնել տվյալ հողային ծածկույթի առանձնահատկություններին, կատարելագործել ոռոգման համակարգը, կիրառել հողերի մշակության ժամանակակից տեխնոլոգիա, օգտագործել նորագույն գյուղատնտեսական մեքենաներ ու ինքնաշխատ սարքավորումներ, խուսափել հողը փոշիացնող, էրոզացնող և վատթարացնող աշխատանքներից:

Հողերի քարտեզը տես գրքի վերջում՝ ներդիրում: