Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՂՈՒՏ-ԱԼԿԱԼԻ ՀՈՂԵՐ, մշակաբույսերի աճի և զարգացման համար վնասակար քանակությամբ ջրալույծ աղեր պարունակող հողեր: Ըստ քիմ. կազմի՝ լինում են սոդային, սուլֆատ-սոդային և քլորիդ-սուլֆատային Ա-ա.հ., որոնք զգալիորեն կարբոնատացված, թույլ հումուսացված, բարձր հիմնայնությամբ, միջին կամ ծանր մեխ. կազմով հողեր են: ՀՀ-ում դրանք առաջանում են կիսաանապատային և անապատային գոտիներում, որտեղ գոլորշացումը գերազանցում է տեղումների քանակին, և ստորերկրյա ջրերի բնական հոսքը թույլ է: Տարածված են Արարատյան դաշտում: Զարգանում են ոռոգելի մարգագետնային գորշ հողերի տարածքում և հիմնականում ունեն հիդրոմորֆ ծագում: Տարբերում են մարգագետնային և ճահճամարգագետնային ծագումնաբան. 2 խումբ: Մեծ տարածք (75-80 %) են զբաղեցնում մարգագետնային Ա-ա.հ.՝ Արմավիրի (Հրազդան-Մեծամոր գետերի միջև), Արարատի (Արազդայանի տափաստան) մարզերում: Ճահճամարգագետնային Ա-ա.հ. սահմանափակ տարածում ունեն, կղզյակներով զարգանում են Մեծամոր գետի երկայնքով, Հրազդան գետի դելտայի շրջանում և Արազդայանի տափաստանի ծայրամասում:

ՀՀ-ում Ա-ա.հ-ի բարելավման արդյունավետ միջոցներ են մշակվել Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում։ Ոչ հիմնային ռեակցիա ունեցող Ա-ա.հ. բարելավում են հանքայնացված ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցմամբ (2,5-3 մ խոր.) և լվացման միջոցով հողի ակտիվ շերտից աղերի հեռացմամբ: Սոդային Ա-ա. հ. բարելավում են միայն քիմ. եղանակով՝ հիմնականում ծծմբական թթվի թափոններից պատրաստած ջրային լուծույթով հավասարաչափ լվանում են հողը: Արդյունքում ավելանում են ջրի ծծանցումը և լվացազատման ընթացքում աղերի անցումը հողից դեպի ստորերկրյա ջրեր: Ջրալվացազատման ժամանակ հեշտ լուծվող աղերն ու նոր առաջացած միացությունները հողից հեռացվում են ցամաքուրդային ցանցով, և առաջացած գիպսը նպաստում է հողբարելավմանը: Հողի հիմնային ռեակցիայի չեզոքացման հետևանքով մեծանում է կալցիումի և մագնեզիումի կարբոնատների լուծելիությունը, որոնց իոնները նույնպես նպաստում են հողբարելավմանը: Որպես հողբարելավող միջոց կիրառվում են նաև երկաթարջասպի թափոնները: Ա-ա.հ-ի հետագա բարելավման համար կարևոր են նաև ցանքաշրջանառության ճիշտ ընտրությունը և ագրոտեխնիկայի արդյունավետ ձևերի կիրառումը: Տես նաև Հողբարելավում, Հողի լուծույթ, Հողի ջրաթափանցելիություն:

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, հողագործություն, 1. գյուղատնտեսության ճյուղ, ընդգրկում է պարենային, տեխ., կերային և գյուղատնտ. այլ բույսերի մշակությունը: 2. Գիտություն, գյուղատնտեսագիտության՝ ագրոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է բույսերի մշակության ընդհանուր ձևերը, մշակում հողօգտագործման և հողի բերրիության բարձրացման առավել արդյունավետ եղանակներ: Ե. բնակչությանն ապահովում է պարենով, անասնապահությանը՝ կերով, արդ-յան որոշ ճյուղերի՝ հումքով: Տարբերում են Ե-յան էքստենսիվ՝ արտադրությունը զարգանում է հողային տարածքների ընդարձակման շնորհիվ, և ինտենսիվ՝ լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, հողբարելավում, քիմիացում և այլն), ձևեր:

Ե. լինում է կայուն (բավարար ջրաջերմային շրջաններում), անկայուն կամ չոր (մթն. անբավարար տեղումներով ու անկայուն եղանակով շրջաններում), ոռոգվող (անապատային, կիսաանապատային, մասամբ՝ բարեխառն գոտիներում), անջրդի (ոռոգվող անջրդի հողերում), լեռնային, բևեռային և այլն:

Հայկ. լեռնաշխարհում Ե-յամբ զբաղվել են դեռևս միջին քարի դարից: Այն ունեցել է երկու գլխ. փուլեր՝ բրիչային և արորագութանային: Ըստ հնագիտության, հնաբուսաբանության տվյալների՝ երկրագործ․ առաջին բույսերը (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ և այլն ) մշակվել են սկսած մ.թ.ա. X-VIII դդ-ից: Գիտ. տեղեկությունները վկայում են, որ Հայկ. լեռնաշխարհը ցորենի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության նախասկզբնական կենտրոններից է: Մի շարք հնավայրերում (Շենգավիթ, Կարմիր բլուր, Մոխրաբլուր) հայտնաբերված ցորենի, գարու, կորեկի մնացորդները, հացահատիկի կարասները, երկրագործ. գործիքները (մանգաղների շեղբեր և գութանների սանդեր և այլն), ինչպես նաև Գեղամա և Զանգեզուրի լեռների ժայռապատկերները վկայում են, որ միջին և նոր քարի դարերում