Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է: Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ: Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար: Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և Իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան:
Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով: Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև սնկերը, ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ: Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում: Հայաստանի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող բնաշխարհիկներից (էնդեմներից) են Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն: Մնացորդային բույսերի մեծ մասը՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիլյակը, սովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են: Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը և այլն:
Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, սոխը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն: Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն: