Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ըստ Ն. Վավիլովի սխեմայի (1931)՝ Հայաստանն իրավամբ համարվում է հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից մեկը Առաջավոր Ասիայում: Այդ բույսերից շատերի նախորդները կամ մոտ ձևերը մասնակցել են մշակաբույսերի առաջացմանը, մյուսները ծագումնաբանական տեսակետից մոտ են կանգնած նրանց և կարող են օգտագործվել (կամ օգտագործվում են) նոր, ընտրասերումնային, հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկուն, բարձր բերքատու և երաշտա- ու ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար:

ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր: Դրանք օգտագործվում են ապարների հասակի որոշման, նստվածքակուտակման պայմանների բացահայտման, ցամաքային ու ծովային հասակակից ապարների համադրման, հնակլիմայի վերականգնման նպատակով:

ՀՀ տարածքում բրածո բույսերի մնացորդներ կան Տավուշի և Կոտայքի մարզերում, Երևանի շրջակայքում (Մուշավան, Արգիշտի)՝ պալեոգենի նստվածքներում: Դրանց համալիրներն աչքի են ընկնում իրենց հազվագյուտ տեսակային կազմի բազմազանությամբ և առատությամբ: Շիրակի (Սարիար գ.), Սյունիքի (Ագարակ, Սիսիան ք-ներ, Նոր Արևիկ, Լիճք գ-եր և այլն), Գեղարքունիքի (Գավառ ք.) մարզերի՝ պլիոցենի նստվածքներում հայտնաբերվել են մերկասերմ և ծածկասերմ բույսերի, դիատոմային ջրիմուռների և այլ մնացորդներ: ՀՀ-ում մինչ այժմ հայտնի բրածո ֆլորաներից ամենաերիտասարդը Նուռնուսինն է (Կոտայքի մարզ)՝ ներկայացված լավ պահպանված եղեգի կոճղարմատներով, իսկ ամենահինը՝ Ջերմանիսինը (ՀՀ Արարատի մարզի տարածքում, այժմ՝ ապաբնակեցված), որն ընդգրկում է մեզոզոյան դարաշրջանի պտերների և ասեղևատերևավորների մնացորդներ:

Վերջին շրջանում արդյունաբերության զարգացման, աննախադեպ շինարարության ծավալման, ինչպես նաև բնական պաշարների ոչ խնայողական օգտագործման հետևանքով ՀՀ բուսաշխարհը մեծ կորուստներ է կրել: Դա չի սահմանափակվում միայն առանձին բուսատեսակներով, այլ զանգվածաբար ոչնչանում են ցենոֆոնդի բուսական համակեցություններ, ամբողջական ասոցիացիաներ, ֆորմացիաներ և բուսաբանական խմբավորումներ:

Բնաջնջման եզրին են կանգնած անապատային, կիսաանապատային, տափաստանային և ճահճային բուսականության տիպերը, որոնք ընդգրկում են Հայաստանի ֆլորայի շուրջ 25 %-ը: Այս իրավիճակից դուրս գալու ելքը հանրապետության բուսատեսակներով հարուստ, առաջնային բուսական համակեցությունների ամենաբնորոշ նմուշային ոչ խոշոր հատվածները պետական պահպանության տակ առնելն է: Ստեղծված արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը (ընդհանուր տարածքը կազմում է 218807 հա) այս առումով ի վիճակի չեն ապահովել գենոֆոնդի վերարտադրությունը: Անհրաժեշտ է անհապաղ կատարել ՀՀ ֆլորայի՝ գենոֆոնդի և ցենոֆոնդի նոր, բազմակողմանի փորձաքննություն, որի խնդիրը պետք է լինի ցենոֆոնդի պահպանության և վերարտադրության նոր ռազմավարության մշակումը:

Այս ուղղությամբ խրախուսելի գործ է կատարվում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հայկական ֆլորայի և բուսականության հողամասում, որտեղ զգալի քանակ են կազմում Հայաստանի հազվագյուտ, անհետացող, բնաշխարհիկ, մնացորդւսյին և այլ բնորոշ բուսատեսակները (շուրջ 900): Ալպյան, մերձալպյան և գորգային բուսականության համար կազմված են առանձին լեռնազանգվածների՝ Արագածի, Կապուտջուղի և Արմաղանի մոդելներ՝ իրենց բնորոշ բուսատեսակներով ու համակեցություններով: Կատարվում է այդ պայմաններին լավ հարմարված և լավ սերմնանյութ տվող առանձին անհատների վերաինտրոդուկցիա (սերմնանյութի վերադարձ բնությանը):

Բուսական աշխարհի և Հայաստանի Կարմիր գիրք. Բույսեր քարտեզները տրված են գրքի վերջում՝ ներդիրում: