Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(A. rubra), Ա. հսկա (A. gigantea) և այլն: Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահճուտներում, ջրամբարների և գետերի ափերին:

Ցողունն ուղղաձիգ է, բարձր.՝ մինչև 150 սմ: Տերևները տափակ են, անհարթ: Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը հատիկ է: Կերաբույս է:

Ալիքասունկ (Lactarius torminosus), միկոռիզ գոյացնող կաթնասնկերի ցեղի սունկ: Ամռանը հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում (1100-1950 մ բարձր-ներում): Համակեցության մեջ է մտնում գլխավորապես կեչու հետ:

Գլխարկը (տրամագիծը՝ 5-15 սմ) վարդագույն է, կարմրավուն շրջաններով, ուռուցիկ, հասունների մոտ՝ ձագարաձև, ներծալված եզրերով, մակերեսը՝ խոնավ, խավամազոտ: Ոտիկը (երկար.՝ 4-6 սմ, հաստ.՝ 1-2 սմ) գլանաձև է, բաց վարդագույն կամ գլխարկի գույնի: Պտղամիսը սպիտակ է, գլխարկի եզրերին՝ վարդագույն, ոտիկի կտրվածքում՝ ավելի մուգ: Պարունակում է սպիտակ, կծվահամ կաթնահյութ: Թիթեղները նեղ են, խիտ դասավորված, սկզբում՝ սպիտակ, ապա՝ վարդագույն:

Ուտելի է. օգտագործվում է միայն աղ և թթու դրած (եփելուց հետո ջուրը պետք է թափել):

ԱԼՐԱՑՈՂԱՅԻՆ ՍՆԿԵՐ (Erysiphales), էրիզիֆային սնկեր, պայուսակավորների դասի մասնագիտացված մակաբույծ սնկեր: Հայտնի է ավելի քան 400 տեսակ, որոնցից շատերը տարածված են նաև ՀՀ-ում: Հարուցում են իսկական ալրացող կոչվող հիվանդությունը: Վնասում են բույսերի տերևները, ցողունները, ծաղկաբույլերը, ծաղիկները, պտուղները և այլն: Վնասված մասերում առաջանում է սպիտակավուն ալրանման փառ, որը կազմված է տակառաձև անսեռ սպորներից (կոնիդիումներ): Հետագայում փառի վրա ձևավորվում են պտղամարմիններ (կլեյստոտեցիումևեր՝ պայուսակներով): Պտղամարմինների վրա կան հատուկ հավելվածներ, ըստ դրանց ձևի, պտղամարմնի վրա ունեցած դիրքի, նաև կլեյստոտեցիումների պայուսակների քանակի՝ կատարվում է Ա. ս-ի ցեղերի դասակարգումը: Որոշ Ա.ս-ի պայուսակավոր փուլը բացակայում է. դրանք դասվում են անկատար սնկերի շարքը:

ԱԿԱՆՋԱՍՆԿԵՐ (Pleurotus), կախասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ: ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ, առավել տարածված է Ա. սովորականը (P.ostreatus): Հանդիպում է բոլոր մարզերում: Աճում է խառը և սաղարթավոր անտառներում, կոճղերի կամ ծառերի բների վրա՝ կղմինդրաձև դասավորված մեծ խմբերով (ողջ տարին):

Գլխարկը (տրամագիծը՝ 5-30 սմ) խոշոր է՝ ականջանման, լայն ձագարաձև, ներծալված եզրերով, հարթ, խոնավ, սպիտակավուն, մոխրագույն կամ գորշ մակերեսով: Ոտիկը գլանաձև է (երբեմն բացակայում է)՝ ծածկված մազմզուկներով: Պտղամիսը սպիտակ է, մսալի, թիթեղները՝ լայն, խիտ, սպիտակ, հետագայում՝ մոխրագույն: Ուտելի է, ունի հաճելի հոտ ու համ: Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած: Ունի արդ. նշանակություն (աճեցվում է արհեստականորեն):

ԱԿԱՑԻԱ (Acacia), ակակի, կակիա, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի, թփերի, հազվադեպ՝ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 750 տեսակ: ՀՀ-ում գրեթե ամենուր աճում է Ա. սպիտակ կամ կեղծ (Robinia pseudoacacia) տեսակը:

Խոշոր, գեղազարդիչ ծառ է (բարձր.՝ 25-30 մ)՝ լայն գլանաձև սաղարթով: Տերևները բարդ, կրկնակի փետրաձև են: Ծաղիկները սպիտակ են կամ դեղնավուն, հոտավետ՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում: Պտուղը մանր սերմերով ունդ է: Ծաղկում է մայիս-հուլիսին: Մեղրատու է: Դեղաբույս է. պարունակում է A և C վիտամիններ, եթերայուղեր, արաբ. խեժ, աղաղանյութեր, ներկանյութ: Չորա- և ցրտադիմացկուն է: Օգտագործվում է կանաչապատման և անտառբարելավող տնկարկների ստեղծման համար, ամուր և արժեքավոր բնափայտը՝ կահույքագործության մեջ:

ԱԿՆԱԽՈՏ (Euphrasia), աչախոտ, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ: