Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճամփեզրերին: Մոլախոտ է: Աղբոտում է ցանքերը և այգիները:

Ցողունը կիսականգուն է, հիմքից՝ ճյուղավորվող, բարձր.՝ 40-80 սմ: Տերևները գծաձև են, կոշտ, թխակապտավուն: Ծաղկաբույլը թաթաձև է՝ 3-8 հասկանման ճյուղերով, հասկիկները՝ մանր: Ծաղկում և պտղաբերում է հունիս-սեպտեմբերին: Հատիկը մերկ է, մուգ գորշագույն: Չորադիմացկուն կերաբույս է: Օգտագործվում է նաև որպես սիզամարգային բույս՝ ֆուտբոլի և թենիսի խաղադաշտերը կանաչապատելու համար:

ԱՐՔԱՅԱՊՍԱԿ (Fritillaria), շահպսակ, արքունի կակաչ, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. դեղին (F. lutea), Ա. կովկասյան (F. caucasica), Ա. հայկական (F. armena), Ա. քրդական (F. kurdica): Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, անպտուղ լանջերին, նոսրանտառներում, մարգագետիններում, թփուտներում և այլն:

Սոխուկավոր բույս է: Ցողունի բարձր. 20-25 սմ է: Տերևները հերթադիր են, նշտարաձև: Ծաղիկները միայնակ են, հազվադեպ՝ կրկնակի, սպիտակավուն, ոսկեդեղնավուն, մանուշակագույն, մուգ ծիրանագույն, հոտավետ: Ծաղկում է մարտ-մայիսին: Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, տափակ, դարչնագույն: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ: Գեղազարդիչ է:

Դեղին Ա. հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի վերին լեռն․ և ալպյան գոտիների մարգագետիններում: Ծաղիկները դեղին են, խոշոր: Քրդական Ա. հանդիպում է Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի միջին լեռն․ գոտու խճաքարային և ավազոտ լանջերին, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԱՔԼՈՐԱԲԲՈՒԿ (Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա, կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ա. միջերկրածովային (R. mediterraneus), Ա. փոքր (R. minor), Ա. սանրավոր (R. pectinatus), Ա. ռումելեական (R. rumelicus): Հանդիպում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռն․ գոտիների անտառներում, մարգագետիններում, թփուտներում, տափաստաններում և այլն։

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձր.՝ 20-70 սմ: Տերևները հակադիր են, ամբողջական, ատամնաեզր, նստադիր: Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները՝ երկշուրթ, դեղին, բաց դեղին: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը կլորավուն, երկբուն, սեղմված տուփիկ է: Վայրի և մշակովի դաշտավլուկազգի բույսերի մակաբույծ է:

ԲԱԴԱԽՈՏ (Glyceria), փսիկախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Բ. ծալքավոր (G.plicata), Բ. եղեգնաձև (G. arundinaceae) և Բ. լողացող (G. fluitans): Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Ճահճային խոնավասեր բույս է, աճում է լճերի, գետերի, արհեստ․ ջրամբարների ափերին:

Ունի սողացող կոճղարմատ: Ցողունն ուղղաձիգ է կամ հիմքում ծնկաձև ծալված, բարձր.՝ 20-150 սմ: Տերևները նեղ են, գծաձև, լեզվակավոր: Ծաղկաբույլը խիստ ճյուղավոր, փռված հուրան է, հասկիկները՝ բազմածաղիկ: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը հատիկ է: Ուտելի է: Հատիկներից պատրաստում են մանրաձավար: Կերաբույս է ընտանի, վայրի կենդանիների և ջրլող թռչունների ու ձկների համար:

ԲԱԶԻԴԻԱՎՈՐ ՍՆԿԵՐ, բազիդիո միցետներ (Basidiomycetes), բարձրակարգ սնկերի դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ (ձևավորվում են սեռ. պրոցեսի ընթացքում): Հայտնի է շուրջ 30 հզ., ՀՀ-ում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկեր: Լայնորեն տարածված են ՀՀ բոլոր մարզերի մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում, անտառներում և այլ ֆիտոցենոզներում: Բ.ս. լինում են ուտելի (սպիտակ սունկ, կաթնասունկ, ականջասունկ, յուղասունկ, ագարիկոն և այլն), թունավոր (կարմիր և դժգույն ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն), ծառերի և խոտաբույսերի մակաբույծներ, գյուղատնտ. բույսերի և ծառատեսակների հիվանդությունների հարուցիչներ (ժանգասնկեր, մրիկասնկեր, տնային սունկ և այլն): Այդ սնկերի որոշ տեսակներ մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին, իսկ որոշներն էլ միկոռիզային են (միկոռիզ՝ սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատների փոխշահավետ համակեցություն):

ԲԱԶՄՈՏԻԿ (Polypodium), պասբայջ, կճութ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր պտեր: Հայտնի է 75, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. սովորական (P. vulgare): Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի անտառներում, հաճախ բուսուտներ է առաջացնում հաճարենու, բոխու, լորենու և թանթրվենու տարածքներում, հումուսով հարուստ սևահողերում: