Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:

Ցողունը կողավոր է, բարձր.՝ 10-60 սմ: Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց դեղնականաչավուն: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը հարթ է, սեղմված, թույլ խավոտ: Պարունակում է կումարիններ:

ԲՈԽԵՍՈՒՆԿ (Leccinum griseum), լեկցին մոխրագույն, լեկցին ցեղի գլխարկավոր սունկ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում (1100-1500 մ բարձր-ներում): Աճում է հողի վրա, սաղարթավոր անտառներում, համակեցության մեջ մտնում բոխու հետ:

Գլխարկը (տրամագիծը՝ 6-12 սմ) մսոտ է, հարթ, ուռուցիկ, ձիթապտղագույն, գորշավուն, լորձնոտ: Պտղամիսը սպիտակադեղնավուն է, կտրելիս դառնում է մոխրագույն, ապա սևանում: Սպորակիր շերտը խողովակաձև է, սպիտակ, ավելի ուշ՝ ավազամոխրագույն: Ոտիկը վերին մասում ձիթապտղամոխրագույն է, ստորինում՝ հաստացած, գորշագույն՝ պատված մուգ թեփուկներով: Ուտելի է. օգտագործում են թարմ:

ԲՈԽԻ (Carpinus), ղաժի, կեչազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական կամկովկասյան (C. caucasica) և Բ. արևելյան կամ ղաժի (C. orientalis): Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում (բացառությամբ՝ Սևանի ավազանի և Վայոց ձորի մարզի), երկրորդը հիմնականում՝ ստորին անտառային գոտում:

Բունը հարթ է՝ մոխրագույն կեղևով, կովկասյան Բ. բարձր. 30-35 մ է, արևելյանինը՝ 5-18 մ: Տերևներն էլիպսաձև են, կրկնակի ատամնաեզր, հերթադիր: Ծաղիկները բաժանասեռ են՝ խմբված կատվիկներոււմ: Ծաղկում է մայիսին: Պտուղը միաբուն, միակորիզ ընկուզիկ է: Արևելյան Բ. ավելի չորադիմացկուն է, ջերմասեր, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ: Բ. ապրում է մինչև 200 տարի:

Բ. Շուշիին (C. schuschaensis) սահմանափակ տարածությամբ հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռն․ գոտիների անտառներում և նոսր անտառներում: Շատ արժեքավոր է. ունի հոծ, ծանր բնափայտ: Կեղևի ներսի կողմից ստանում են դեղին ներկ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԲՈԽԻ (Hippomarathrum), ձիասամիթ, ժախ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝Բ. մանրապտուղ (H.microcarpum): Տարածված է Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:

Ցողունն անկյունակողավոր է, ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 1 մ: Տերևները գորշականաչավուն են՝ բազմակի փետրաձև կտրտված: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը ձվաձև է կամ գնդաձև: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Հաստ տերևակոթուններն օգտագործում են սննդի մեջ:

ԲՈԽՆԻ (Angelica), հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ, նեխուրազգիների (հովանացավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 80), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. Տատյանայի (A. tatianae): Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում: Աճում է ենթալպյան գոտում, անտառների բացատներում և մարգագետիններում:

Ցողունը սնամեջ է, հաստ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ մինչև 2 մ: Ստորին տերևները կոթունավոր են՝ կրկնակի-եռակի փետրաձև կտրտված, վերինները՝ փոքր, լայն տերևապատյանով: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը ձվաձև է: Դեղաբույս է. պտուղներն ու արմատները պարունակում են կումարիններ:

ԲՈՂ (Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. տափակապտուղ (C. platycarpos): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, երբեմն աղբոտում ցանքերը:

Ցողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձր.՝ մինչև 35 սմ: Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են: Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկներով: Ծաղիկները սպիտակ են կամ կարմրավուն: Պտուղը մերկ է, ամուր, հիմքում՝ կարթաձև: Պարունակում է ֆլավոնոիդ, եթերայուղ, ճարպ, պոլիացելինային միացություններ: Երիտասարդ ընձյուղներն ուտելի են:

ԲՈՂԿ (Raphanus), բողկուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և երկամյա արմատապտղավոր բանջարաբույսեր: Հայտնի է 8 (10), ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ Բ. դաշտային (R. raphanistrum): Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի մարզերում (մինչև վերին լեռն․ գոտի), Երևանի շրջակայքում: Աճում է ցանքերում, բնակավայրերի մոտ և այլն: Մշակության մեջ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տարածված է Բ. մշակովին կամ ընտանին (R. sativus), որն ունի 2 տարատեսակ՝ տարեկան Բ. և ամսաբողկը: