Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծաղկացողունը ճյուղավորվող է: Վարդակի տերևները թավոտ են, տերևաթիթեղը՝ քնարաձև բլթակավոր, վերին բլթակը՝ խոշոր: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը չբացվող պատիճ է, արմատապտուղները՝ տարբեր ձևի (կլոր, կլոր-տափակավուն, կոնաձև, ձվաձև, գլանաձև և այլն), մեծության (տարեկանը՝ 0,5-5 կգ, ամսաբողկը՝ 20-60 գ) և գույնի (սպիտակ, կարմիր, վարդագույն, մոխրագույն և այլն): Պարունակում են վիտամիններ (C, B1), կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլն: Սննդի մեջ օգտագործում են միայն թարմ (բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը):

ԲՈՇԽ (Carex), բոշխազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2000, ՀՀ-ում՝ 65 տեսակ: Տարածված է բոլոր մարզերում: Ջրաճահճային միջավայրերում աճում են Բ. սուր (C. acutiformis), Բ. գեղակազմ (C. gracilis), Բ. երկառէջք (C. diandra), մարգագետիններում՝ Բ. տխուր (C. tristis), Բ. սև (C. nigra), անտառներում՝ Բ. աղքատիկ (C. depauperata), Բ. Միքելի (C. michelii), անապատներում՝ Բ. հաստասռնակ (C. pachystylis), Բ. թավոտ (C. hirta) և այլ տեսակներ:

Կոճղարմատները սողացող են, առաջացնում են գուղձեր, ճիմեր: Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձր.՝ 10-80 սմ: Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը եռանիստ ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ֆիզիոլոգիորեն ակտիվ նյութեր (օրինակ՝ բրևիկոլին, որն օգտագործում են որպես արյան ճնշումը կարգավորող միջոց): Որոշ տեսակների ծղոտից պատրաստում են ճիլոպ, խսիր, պարան, պարկացու գործվածք, հյուսում պայուսակներ և այլն:

Բ. Բոհեմին (C. bohemica) հանդիպում է միայն Լոռու սարահարթում (1450 մ բարձր-ներում), ճահճուտներում, Բ. կիլիկյանը (C. cilicica)՝ Վայքի լեռնաշղթայում (2600 մ բարձր-ներում), ենթալպյան գոտու ճահճուտներում և առվակների ափերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԲՈՐԱԿԱԹՈՒՓ (Nitraria), բորակաթուփազգիների ընտանիքի թփուտների ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. Շոբերի (N. schoberi): Հանդիպում է Արմավիրի (Երասխավան, Արազափ գ-երի շրջակայքում) և Սյունիքի (Արաքս գետի մերձափնյա որոշ հատվածներում) մարզերում: Աճում է բլրակածածկ աղուտներում, գետերի և առվակների աղակալած ափերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ցողունը փռված է, խիստ ճյուղավորվող, փշոտ, սպիտակակեղև, բարձր.՝ 30-200 սմ։ Տերևները փնջերով են, նստադիր, երկարավուն՝ բութ գագաթով, հիմքում՝ նեղ: Ծաղկաբույլը խխունջաձև է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը հատապտղանման, նարնջագույն կամ մուգ կարմիր, միասերմ կորիզապտուղ է: Պարունակում է ալկալոիդներ: Ցողուններից կարելի է ստանալ սոդա: Պտուղը քաղցր է և ուտելի: Լավորակ կեր է նաև տարբեր կենդանիների, սողունների և թռչունների համար:

ԲՈՐԲՈՍԱՍՆԿԵՐ, պատկանում են սնկերի տարբեր դասերի: ՀՀ-ում տարածված են գեոտրիխում (Geotrichum), ասպերգիլ (Aspergillus), վրձնասունկ կամ պենիցիլիում (Penicillium), ֆոպարիում(Fuzarium), բուորիտիս (Botrytis), կլադոսպորիում (Cladosporium), մուկոր (Mucor) և այլ ցեղերի բազմաթիվ տեսակներ: Բնակվում են հիմնականում հողում, քայքայում օրգ. մնացորդները, մասնակցում դրանց հանքայնացմանը: Առաջացնում են տարբեր գույների և խտության բորբոս, որը կազմված է սպորատվության օրգաններից և թելանման կամ խմորասնկանման սնկամարմնից: Հիմնականում սապրոտրոֆներ են: Բարձր ֆերմենտային ակտիվության շնորհիվ զարգանում են տարբեր բնական և արհեստ․ հիմնանյութերի վրա: Հանդիպում են նաև ֆակուլտատիվ մակաբույծներ: Վնասում են սննդամթերքը, արդ. հումքը, արտադրանքը, արվեստի գործերը և այլն: Որոշ տեսակներ թունավոր են. արտադրում են մարդու, կենդանիների, բույսերի համար վնասակար սնկային թույներ: Օգտագործվում են ֆերմենտներ, օրգ. թթուներ, հակաբիոտիկներ ստանալու համար:

ԲՈՐԲՈՍԱՏԵՍՈՒԿ (Ceratoides), թելուկազգիների ընտանիքի միամյա թփերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Բ. գորշ (C. papposa): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին:

Ցողունը (բարձր.՝ 40-100 սմ) պատված է գորշ-դեղնավուն, աստղաձև թավով: Տերևները հերթադիր են, երկարավուն, էլիպսաձվաձևից մինչև գծանշտարաձև, ամբողջաեզր, եզրերը՝ թեթևակի շրջված: Առէջքային ծաղիկները մանր են՝ կարճ հասկանման ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ տերևանութներում: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին:

Հարուստ է վիտամիններով (տերևները): Գեղազարդիչ է:

ԲՈՑԱՍՆԿԵՐ (Pholiota), թեփուկասնկեր, բազիդիավոր սնկերի ցեղ: ՀՀ-ում տարածված 116 տեսակ, առավել հաճախ հանդիպում է Բ. ոսկեգույնը (Ph. aurivella)՝ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Երևանի շրջակայքում։