մոլախոտերի ցուցակում: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պատրաստուկներն ունեն լեղամուղ, հակաթունային, հակաուռուցքային հատկություններ, ժող. բժշկության մեջ օգտագործվել է նաև էպիլեպսիայի, նյարդաբորբերի բուժման ժամանակ:
ԳԱՂՏՐԻԿ (Borago), գաղտիկուր, թարթիկ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2(3), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. դեղատու (B.officinalis), որը բերովի մշակաբույս է, հանդիպում է նաև որպես մոլախոտ՝ բնակավայրերի մոտ: Ցողունը ճյուղավորվող է, մազմզոտ, բարձր.՝ 40-80 սմ: Տերևները մսոտ են, ամբողջական, կնճռոտ՝ վարունգի բույրով: Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ բաց կապտավուն: Ծաղկում է հունիսին: Պտուղը քառընկուզիկ է: Դեղաբույս է. տերևների եփուկն ունի միզամուղ, քրտնաբեր, պատող և փափկեցնող հատկություններ: Սերմերը պարունակում են մինչև 32 % ձեթ: Մատղաշ տերևներն ուտելի են (աղցան, խավարտ, մածնաբրդոշ և այլն): Մեղրատու է և գեղազարդիչ:
ԳԱՅԼԱԹԱԹ (Alchemilla), արծաթախոտ, ոսկեծիլ, չտաբլիթ, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 300, ՀՀ-ում՝ 19 տեսակ՝ Գ. մետաքսյա (A.sericea), Գ. հոդավորված (A. heteroschista), Գ. կոշտ (A. rigida), Գ. տարակոթուն (A.diversipes) և այլն: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի և այլ մարզերում: Աճում է խոտածածկ լեռնալանջերին, առվակների և գետերի ափերին, անտառեզրերին և բացատներում, բարձրլեռն. մարգագետիններում և այլն: Կան նաև բնաշխարհիկ տեսակներ՝ Գ. Սևանի (A. sevangesis), Գ. Սմիռնովի (A. smirnovii): Կոճղարմատավոր բույս է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձր.՝ 5-70 սմ Տերևներն արմատամերձ վարդակներով են, երկար կոթուններով, բլթակավոր կամ ատամնավոր, երբեմն՝ մասնատված՝ պատված մազիկներով: Ծաղկաբույլը վահանահուրանանման է, ծաղիկները՝ մանր, կանաչավուն կամ դեղնականաչավուն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը ձվաձև ընկուզիկ է: Պարունակում է ներկանյութեր: Գ-ի ծայրամասային ընձյուղների հյութը օգտագործվում է որպես կոսմետիկ, միջոց:
ԳԱՅԼԱՀԱՏ, տես Տերևատ:
ԳԱՅԼՈՒԿ (Humulus), հումուլ, հմուլ, ջղլաբատ, կանեփազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա փաթաթվող խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. սովորական (H. lupulus): Հանդիպում է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում (մինչև 1000 մ բարձրներում), Երևանի շրջակայքում: Աճում է խոնավ վայրերում, թփուտների մացառուտներում, գետափերին, երբեմն հանդիպում է նաև մշակության մեջ (տնամերձ հողամասերում): Ցողունը կողավոր է, փաթաթվող, երկար.՝ մինչև 10 մ: Տերևները խոշոր են, հիմքում՝ սրտաձև, հակադիր, ներքևի կողմից՝ թավոտ, վերևինները՝ ամբողջական, ստորինները՝ 3-5 բլթակավոր: Իգական ծաղկաբույլը կոնաձև է, արականը՝ հուրանաձև, ծաղիկները՝ մանր, երկտուն, միասեռ: Ծաղկում է օգոստոսին: Պտուղը միասերմ ընկուզիկ է: Մշակվում են իգական բույսերը, որոնց չբեղմնավորված ծաղկաբույլերի կոները պարունակում են լուպուլին (դառը, բուրավետ նյութ, որն օգտագործում են գարեջրի արտադրության մեջ): Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, եթերայուղ, խոլին, եռամեթիլամին, ասպարագին, թիամին, կիտրոնաթթվ. աղեր, վալերիանաթթվ. եթեր, խեժ, ֆիտոստերիններ, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես հանգստացնող, միզամուղ, հակաբորբոքային, ցավազրկող, ախորժաբեր միջոց: Ունի նաև ֆիտոնցիդային, ախտահանիչ և մանրէասպան հատկություններ: Կիրառվում է նաև կանաչապատման մեջ:
ԳԱՌՆԱԴՄԱԿ (Sempervivum), թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. անդրկովկասյան (Տ. transcaucasicum): Հանդիպում է Կոտայքի մարզի միջին և վրին լեռն. գոտիներում: Աճում է ժայռաճեղքերում և քարքարոտ լանջերին: Ցողունը թավոտ է, բարձր.՝ 10-25 սմ: Արմատամերձ տերևներն ամբողջական են, թարթիչաեզր, երկարավուն-թրաձև՝ հավաքված կլոր վարդակում, ցողունայինները՝ երկարավուն-ձվաձև, հերթադիր: Ծաղկաբույլը հովանոցանման վահան է՝ կազմված գագաթնային կարճ, սակավածաղիկ ոլորքներից: Ծաղիկը դեղին է կամ կանաչավուն, գեղձոտ: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը բազմատերևապտուղ է: Բույսի հյութն օգտագործում են որպես կոսմետիկ միջոց: Գեղազարդիչ է:
ԳԱՌՆԱՌՎՈՒՅՏ (Oxytropis), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփիկների ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Գ. կապույտ (O.cyanea), Գ. հայկական (O.armeniaca), Գ. մազմզոտ (Օ.pilosa) և այլն: Հանդիպում է բոլոր մարզերում: Աճում է քարքարոտ կրային լանջերին, մարգագետիններում, արոտավայրերում: Գ. պատված է գեղձային և պարզ մազիկներով, ցողունի բարձր.՝ 5-50 սմ: Տերևները կենտփետրաձև են: Ծաղկաբույլը գլխիկավոր կամ երկարավուն ողկույզ է, ծաղիկները՝ կարմրավուն, դեղին, մանուշակագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղն ունդ է:
ԳԱՍՏԵՐՈՄԻՑԵՏՆԵՐ (Gasteromy-cetes), բազիդիավոր սնկերի դաս: Հայտնի է մոտ 1600, ՀՀ-ում՝ մոտ 80 տեսակ՝անձրևասունկ տանձաձև (Lycoperdon pyriforme), անձրևասունկ մարգարտյա (Lycoperdon perlatum), գլխասունկ պարկանման (Calvatia utriformis), վառոդասունկ սևացող (Bo-vista nigrescens), հողաստղ պսակաձև (Geastrum coronatum), կեղծ անձրևասունկ սովորական (Scleroderma aurantium) և այլն: Հանդիպում են ամենուրեք: Աճում են փտած բնափայտի, հողի վրա և հողի մեջ, անտառներում, մարգագետիններում, դաշտերում, այգիներում, տափաստաններում: Պտղամարմինը (տրամագիծը՝ 1-30 սմ, երբեմն՝ 50, հազվադեպ՝ 150) հիմնականում փակ է, պալարաձև, կլոր, ձվաձև, տանձաձև, աստղաձև և այլն ՝ պատված բազմաշերտ թաղանթով, որը պատռվում է հասունանալուց հետո: Պտղամիսը սկզբում սպիտակ