տակ է, ապա վերածվում է շագանակագույն կամ սև փոշիացող զանգվածի: Հողի վրա աճող սնկերն ունեն նստած պտղամարմին, կեղծ կամ իսկական ոտիկ, իսկ հողի մեջ աճողները պալարաձև են, ունեն պարզ կառուցվածք: Կան ուտելի (երբ պտղամիսն սպիտակ է) և թունավոր տեսակներ: Որոշ տեսակներ ունեն հականեխիչ, հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ:
ԳԱՐԻ (Hordeum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտանման բույսերի ցեղ: Հայտնի է 40 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 8 վայրի տեսակ. միամյա՝ Գ. վայրի երկշար (H. spontaneum), Գ. կապտականաչ (H. glaucum), մկնագարի (H. murinum), Գ. հրազդանյան (H. hrazdanicum), Գ. ծովային (H. marinum), Գ. ծնկաձև(H. geniculatum), և բազմամյա՝ Գ. մանուշակագույն (H. violaceum), Գ. սոխուկավոր (H. bulbosum): Հանդիպում է Արարատի, Արագածուոնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ, մանրահող լանջերին, աղուտ, ավազային կիսաանապատային վայրերում, թփուտներում, ճամփեզրերին, աղբոտում ցանքերը (450֊ 2200 մ բարձրներում): Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Մշակության մեջ տարածված են Գ. երկշար (H. distichon), Գ. բազմաշար (H. vulgare) և Գ. միջանկյալ (H. intermedium) տեսակները, որոնք գարնանացան են կամ աշնանացան:
Գ-ու բոլոր տեսակների արմատը փնջաձև է, ցողունը՝ սնամեջ ծղոտ, բարձր.՝ 30-135 սմ: Տերևները կազմված են տերևապատյանից և տերևաթիթեղից: Ծաղկաբույլը հասկ է: Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին: Պտուղը հատիկ է:
Գ. պարենային և տեխ. բույս է, օգտագործվում է սննդի (ձավար, ալյուր, սրճի փոխարինիչ և այլն), ածիկի հյութը՝ դեղագործության, հացաթխման, սպիրտի թորման, հրուշակեղենի, գարեջրի արտադրության և տեքստիլ արդ. մեջ, նաև արժեքավոր կերաբույս է:
Գ. հնագույն մշակաբույսերից է: ՀՀ տարածքում Գ-ու մշակությունն սկըսվել է 5-6 հզ. տարի առաջ: Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. IX-VI դդ. մշակել են Գ-ու բարձրարժեք փոփոխականներ և դրանցից պատրաստել գարեջուր:
ԳԱՐՆԱԿԵՑԻԿ (Arnebia), գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 18, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Գ. փռված (A. decumbens) և Գ. գծատեր եվ (A. linearifolia): Հանդիպում է Արագածոտնի (Ուրծի լեռնաշղթա), Արարատի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, անպտուղ լանջերին, կավոտ և ավազոտ հողերում:
Ցողունի բարձր. 5-20 սմ է: Տերևները ամբողջաեզր են, նեղ, երկար: Բույսը պատված է խոզաններով: Ծաղկաբույլը ոլորքներից կազմված հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղին: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտղի ընկուզանման մասերը Եռանիստ են՝ սուր, մսոտ ելունդներով: Պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, կումարիններ, նավթաքինոններ: Փռված Գ-ի արմատները ներկատու են: Որոշ տեսակներ ունեն հակաբակտերային հատկություն: ԳԵԼԻ ԲՈԽԻ (Prangos), պրանգոս, պոլի, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 4(5) տեսակ՝ Գ. բ. նարդեսանման (P. ferulacea), Գ. բ. բերդաթումբ (P. arcisromanae), Գ. բ. գանգրաթեվ (P. uloptera) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է քարքարոտ, կավոտ լանջերին, լեռնատափաստաններում:
Ցողունը կանգուն է, կենտը, հատվածից ճյուղավորվող, թավոտ, բարձր.՝ 15-100 սմ: Տերևները բազմակի փետրաբաժան են, թավոտ: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ դեղին: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը խոշոր է, երկարավունձվաձև, հարթ: Պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ: Տերևներն օգտագործում են որպես համեմունք:
ԳԵՂԱՎԵՐ (Cirsium), տատասկ, փշփշուկ, բորիկոնիմ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 17 տեսակ՝Գ. թարթիչավոր (C.ciliatum), Գ. ալեհեր (C. incanum), Գ. անատոլիական (C. anatolicum), Գ. սովորական (C. vulgare) և այլն: Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է ամենուր, վնասում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիների հացաբույսերը, բազմամյա խոտաբույսերը, աղբոտում ցելերը:
Ցողունը կանգուն է, բարձր.՝ 40-200 սմ: Տերևները երկարավուն-նշտարաձև են, եզրերը՝ բլթակաձև կտրված կամ ամբողջական, փշոտ: Զամբյուղները խմբված են ողկուզանման կամ գլխիկահուրանանման ծաղկաբույլերում: Ծաղիկները խողովակավոր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակավուն: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Սերմերը մերկ են, հարթ՝ կողքերից սեղմված: