Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են իգական, խոշոր լեզվակավոր, կենտրոնականում՝ երկսեռ, խողովակաձև, դեղին ծաղիկները: Արմատային համակարգը հզոր է և խոր: Առաջացնում է տարբեր մեծության, ձևերի և գույների (սպիտակ, դեղին, կարմիր և այլն) պալարներ (որոնց օգնությամբ բազմանում է): Դրանք աճում են ստորգետնյա ընձյուղների (ստոլոններ) վրա և պարունակում են ինուլին, որից ստանում են սպիրտ, բյուրեղային ֆրուկտոզ, B1 և C վիտամիններ: Պալարներն ուտելի են: Փրերն օգտագործում են որպես կանաչ կեր և սիլոս։

ԳԵՏՆԱՄՈՐՈՒՔ (Hypnum), գետնամորուքազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 6 տեսակ: Ամենատարածվածը՝ Գ. նոճիաձեվը (H. cupressiforme), հանդիպում է բոլոր տիպերի, առավելապես՝ միջին լեռն․ գոտու բուս․ ծածկույթներում: Առաջացնում է կանաչ կամ դեղնականաչավուն, մետաքսանման փայլուն ճիմ: Ցողունը պառկած կամ վեր բարձրացող է, երկար. 2-10 սմ, փետրաձև ճյուղավորվող: Տերևները մանգաղաձև են, ձվաձև կամ երկարավուն-նշտարաձև: Երկարավուն-էլիպսաձև կամ գլանաձև սպորակիր տուփիկը երկար ոտիկի վրա է՝ խոնարհված, հազվադեպ՝ կանգուն:

ԳԵՏՆԱՄՈՒՇԿ (Lycopodium), հորիզո, գետնամուշկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. սելագո (Լ. selago): Հանդիպում է Տավուշի մարզում (Միափորի լեռնաշղթա):

Ցողունը փռվող է, ճյուղավորվող, ճյուղերը՝ կանգուն, բարձր.՝ 5-25 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, մանր, գծանշտարաձև, կոշտ: Սպորանգիումները (որոնց մեջ ապրիլ-հունիսին գոյանում են սպորները) զարգանում են ցողունի վերին կամ միջին մասում գտնվող սպորատերևիկի հիմքում: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, շաքարներ, սպիտակուցային միացություններ, ճարպեր, միկրոտարրեր և այլն: Պատրաստուկներն օգտագործում են քրոնիկ․ ալկոհոլամոլության, նյարդ․ հիվանդությունների, թոքաբորբի, նյութափոխանակության խանգարումների և այլ դեպքերում՝ որպես լուծողական, ճիճվամուղ, միջատասպան միջոց և այլն:

ԳԵՏՆԱՆՈՒՇ (Arachis), գետնընկույզ, գետնակաղին, թոզար, գետնապիստակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտանման բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 30, մշակության մեջ՝ 1 տեսակ՝ գետնընկույզ (A. hypogaea): Ցողունը կանգուն է կամ փռվող, բարձր.՝ 25-75 սմ։ Տերևները բարդ են, զույգփետրաձև: Խազմոգամ (սովորական, վերևի մասում բացվող) ծաղիկները դեղին են կամ նարնջագույն՝ հավաքված ծաղկաբույլում, կլեյստոգամները (մանր, աննշան, բոլորովին չբացվող) առաջացնում են ստորգետնյա պտուղներ: Պտուղը փշրվող ծղոտանման թաղանթով պատված, 1-7 սերմերով ունդ է: Սերմերը պարունակում են յուղեր (մոտ 60%), սպիտակուցներ (30%) և ածխաջրեր (մինչև 10 %): Ձեթն օգտագործում են պահածոների, մարգարինի, օճառի, հրուշակեղենի և սննդի արդ-յան այլ ճյուղերում: Բոված սերմերը սննդարար են, քուսպը, ցողուններն ու տերևները՝ սննդանյութերով հարուստ կեր: ՀՀ-ում մշակվում է Սյունիքի մարզում:

ԳԵՏՆԱՍՏՂ (Asperula), տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Գ. բուրավետ (A. odorata), Գ. խոզանավոր (A. setosa), Գ. դաշտային (A. arvensis), Գ. գետնատարած (A. prostrata) և այլն: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է խոտածածկ լանջերին, չոր, քարքարոտ վայրերում, թփուտներում, ցանքերում և այլն:

Ցողունը քառակող է, երբեմն՝ հիմքի մասում փայտացած, բարձր.՝ մինչև 80 սմ: Տերևներն օղակաձև են, հազվադեպ՝ հակադիր, կոշտ եզրերով: Ծաղկաբույլը գլխիկ է կամ կիսահովանոց, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կանաչադեղնավուն: Պտուղը միասերմ երկկաղնիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. դաշտային Գ. պարունակում է ֆերմենտներ (որպես պեպսինին փոխարինող՝ օգտագործում են պանրագործության մեջ): Գ-ի արմատներից և ծաղիկներից ստանում են կապույտ ու կարմիր ներկեր:

ԳԻՀԻ (Juniperus), գի, մատիտածառ, նոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար, հիմնականում՝ երկտուն ծառերի, երբեմն՝ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Գ. բազմապտուղ կամ արեվելյան (J.polycarpos), Գ. սրաթեփուկ կամ գարշահոտ (J.foetidissima), Գ. կազակական (J.sabina) և այլն: Տարածված է Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է լուսավոր անտառամերձ թփուտներում, անտառեզրերին, բաց վայրերում, ավազուտներում, չոր, քարքարոտ լեռնալանջերին, հաճախ առաջացնում է Գ-ու նոսրանտառներ (գիհուտներ), որոնք ունեն հակաէրոզային նշանակություն: Նշված երեք տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Բարձր. 10-12 (հազվադեպ՝ 20-30մ) մ է: Տերևներն ասեղնաձև են կամ թեփուկանման, հակադիր: Ծաղիկները երկտուն են: Ծաղկում է մայիսին: Կոներն առաջանում են տերևածոցերում կամ ճյուղերի գագաթներին: Հասած կոնը մսալի է, հյութալի, հասունանում է առաջին, հիմնականում՝ երկրորդ կամ երրորդ տարում: Պտուղները կոնահատապտուղներ են: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, փոխարկվող շաքար, խեժ, ներկանյութ, ճարպ, օրգ. թթուներ, աղաղանյութեր ևն։ Պտուղների թուրմն օգտագործում են որպես միզամուղ: Գ-ու բնափայտն ամուր է, որոշ տեսակներինը՝ արժեքավոր ատաղձագործ․ հումք:

Լուսասեր է, չորադիմացկուն, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ:

ԳԻՆՁ (Coriandrum), համեմ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 2, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Գ. ցանովի (C. sativum): Մշակվում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ որպես համեմունքային բույս: Երբեմն հանդիպում է վայրի վիճակում՝ ցանքերում, բնակավայրերի մոտ, ճամփեզրերին: Ցողունը մերկ է, վերևի մասում՝ ճյուղավորվող,