Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր.՝ 20-120 սմ: Տերևները հերթադիր են, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, հազվադեպ՝ բաց վարդագույն, դեղին: Պտուղը գնդաձև է՝ կազմված 2 միասերմ պտղիկներից: Սերմերը պարունակում են 0,5-1,2% եթերայուղ և 20 % ձեթ: Եթերայուղից ստացված բուրավետ նյութերն օգտագործվում են օծանելիքի և սննդի, իսկ ձեթը՝ տեքստիլ և պոլիգրաֆ, արդ-յան մեջ: Տերևները հարուստ են վիտամիններով [E, կարոտին (A-նախավիտամին)], հանք, աղերով: Բժշկության մեջ Գ-ի պատրաստուկներն օգտագործում են որպես խթանող, լեղամուղ, վերքերն ապաքինող միջոց:

ԳԻՇԱՏՒՉ ՍՆԿԵՐ, էկոլոգ. խումբ, որի ներկայացուցիչներն ընդունակ են հափշտակելու, սպանելու, յուրացնելու և մարսելու կլոր որդեր (նեմատոդներ), մանր միջատներ:

Հայաստանի հողերից անջատվել է մոտ 25 տեսակ: Ավելի հաճախակի հանդիպում են արտրոբոտրիս սակավասպոր (Arthrobotrys oligospora), արտրոբոտրիս սեպաձեվ (Arthrobotrys conoides), արտրոբոտրիս հոծ (Arthrobotrys compacta), արտրոբոտրիս անկանոն (Arthrobotrys irregularis) տեսակները:

Վեգետատիվ մարմինը՝ միցելիումը, կազմված է ճյուղավորված հիֆերից: Էվոլյուցիայի ընթացքում հիֆերից ձևավորվել են մասնագիտացված ծուղակներ (դիպչելու պահին առաջացնում են սոսնձող հեղուկով պատված որսող օղակներ), որոնց կառուցվածքը և գործող մեխանիզմը տարբեր տեսակների մոտ տարբեր է: Կլոր որդերի բացակայության դեպքում վերջիններս չեն ձևավորվում: Որոշ նեմատոդների մոտ հայտնաբերվել է նեմին նյութը, որը խթանում է ծուղակների առաջացումը:

Փորձեր են կատարվում Գ. ս. օգտագործել որպես կենսբ. պայքարի միջոց՝ ախտածին նեմատոդների դեմ, որոնք մարդու, կենդանիների և գյուղատնտ. մշակաբույսերի հիվանդությունների հարուցիչներ են:

ԳԻՇԵՐԱԾԻՆ (Mirabilis), զարմանածաղիկ, գիշերային գեղեցկուհի, գիշերածինազգիների ընտանիքի միամյա, մեծ մասամբ՝ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 60 տեսակ, ՀՀ-ում մշակության մեջ առավել տարածված է Գ. գեղեցկուհի (M.jalapa) գեղազարդիչ տեսակը՝ բազմաթիվ սորտերով:

Արմատը պալարանման կամ շաղգամանման հաստացած է: Ցողունի բարձր. 1,5 մ է: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր: Շաղիկները միայնակ են կամ ծաղկաբույլերով: Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն: Ծաղիկները բազմերանգ են, բացվում են երեկոյան (ամպամած օրերին՝նաև ցերեկը): Պտուղը օվալաձև, սև կամ մուգ դարչնագույն, ամուր, չբացվող միասերմ է: Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ:

ԳԼԽԱՍՈՒՆԿ (Calvatia), անձրևասնկայինների ընտանիքի ցեղ: ՀՀ-ում հայտնի է 11 տեսակ: Առավել տարածված է Գ. պարկանմանը (C.utriformis). հանդիպում է բոլոր մարզերում: Աճում է սաղարթավոր անտառներում, այգիներում, բացատներում, տափաստաններում, ալպյան մարգագետիններում, հողի վրա՝ ամռանը և աշնանը՝ միայնակ կամ խմբերով (1600- 3300 մ բարձր-ներում): Պտղամարմինը (տրամագիծը՝ 5-18 սմ) պարկանման է, լայն տանձանման, կեղծ ոտիկով (սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ մոխրադարչնագույն), խավոտ՝ պատված մանր հատիկավոր թեփուկներով: Պտղամիսը փափուկ է, սկզբում՝ սպիտակ, սպունգանման, հաճելի սնկային հոտով և համով, ապա՝ կանաչամոխրագույն, ձիթապտղագույն, հասունանալուց հետո՝ գորշ: Միջուկը փոշիանում, դուրս է թափվում, և պտղամարմնից մնում է դատարկ, գավաթաձև հիմքը: Հաստ միցելիումային ձգաններով ամրանում է հիմնանյութին:

Ուտելի է: Օգտագործում են միայն թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է): Գ-ից ստացվում է կալվացին հակաբիոտիկը, որն օգտագործվում է որպես հակաուռուցքային դեղամիջոց:

ԳՆԱՐԲՈՒԿ (Primula), գինարբուկ, գարնանածաղիկ, թավրնջակ սքանչելի, սոսուն, գնարբուկազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միապտուղ խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Գ. սովորական (P.vulgaris), Գ. գարնանային (P. veris), Գ. սառը (P. algida) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է ենթալպյան և ալպյան զոտիների մարգագետիններում, սաղարթավոր անտառներում, բացատներում:

Ցողունը տերևազուրկ է (բարձր.՝ մինչև 35 սմ) կամ բացակայում է՝ առաջացնելով արմատամերձ ծաղկակոթուններ: Տերևներն ամբողջական են, կոթունավոր կամ նստադիր, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնավոր՝ հավաքված արմատամերձ վարդակում: Ծաղկաբույլը հովանոց է կամ գլխիկ, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն, դեղին, կարմիր: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը գնդաձև, բազմասերմ տուփիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր Են. պարունակում են սապոնիններ, գլիկոզիդներ, C, E վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), եթերայուղեր և այլն: Արմատների պատրաստուկն օգտագործում են որպես խորխաբեր միջոց և ռևմատիզմի ժամանակ, տերևներինը՝ վիտամինային անբավարարության դեպքում: Ծաղիկներն ու տերևներն օգտագործում են նաև օղուլիկյորի արտադրության մեջ: Մեղրատու է և գեղազարդիչ: