Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է շուրջ 80 տեսակ: ՀՀ-ում մշակվում է ջերմատնային և սենյակային պայմաններում, հիմնականում՝ Դ. ծառանման (H. arborescens), Դ. խոշորատերև (H. macrophylla), Դ. հուրանավոր (H. paniculata), Դ. պարտեզային (H. hortensis) և այլ տեսակներ ու նրանց որոշ սորտեր:

Մշտադալար կամ տերևաթափ թուփ է, հազվադեպ՝ ծառ, բարձր.՝ մինչև 3 մ: Տերևները հակադիր են, պարզ, սրածայր, օվալաձև, երբեմն՝ թաթանման, ատամնաեզր: Վերին մակերեսը մուգ կանաչ է, ստորինը՝ բաց կանաչ: Ծաղկաբույլը վահանաձև, հուրանաձև կամ գնդաձև հովանոց է, որի եզրային ծաղիկներն անսեռ են, խոշոր, իսկ կենտրոնինը՝ երկսեռ, մանր: Ծաղիկները բազմերանգ են՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, կապույտ և այլն: Թաղարներում մշակվող տեսակների մեծ մասը ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն: Պտուղը 4-5-բնանի տուփիկ է: Սերմերը մանր են, հաճախ՝ թևավոր: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. հուրանավոր բոլոր օրգանները պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ֆլավոնիդներ, կումարին, կաուչուկ: Բնափայտն ամուր է և սպիտակ, օգտագործվում է փայտամշակման արդ., ինչպես նաև թղթի արտադրության մեջ:

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ (Zea), մաիս, մսրացորեն, սիմինդր, լազուտ, փեղամ, մայծ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա բույսերի մոնոտիպ ցեղ: Ունի միայն մեկ տեսակ՝ Ե. սովորական (Z. mays): ՀՀ-ում մշակում են Արարատի, Լոռու, Սյունիքի մարզերում:

Արմատային համակարգը փնջաձև է, ցողունը՝ կանգուն, հզոր, բարձր.՝ 0,6-4 մ և ավելի: Տերևները հերթադիր են: Արական ծաղկաբույլը հուրան է, գտնվում է ցողունի գագաթին, իգականը՝ հասկ (կողր)՝ տերևածոցում: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղը կլորավուն, սեղմված կամ երիկամաձև հատիկ է: Օգտագործվում է սննդի արդ. (ստանում են ալյուր, ձավարեղեն, ձեթ և այլն), հատկապես օսլայի, գարեջրի, սպիրտի և պահածոների արտադրության մեջ: Հատիկը, կանաչ զանգվածը և սիլոսը սննդարար կեր են: Ցողունի և կողքերի վերամշակումից ստանում են թուղթ, մեկուսիչ նյութեր, լինոլեում, արհեստ․ խցան, կինոժապավեն և այլն:

Ե-ի սռնակն ու սպին պարունակում են ճարպայուղ, գլիկոզիդներ, սապոնիններ, թթուներ, վիտամին K և այլն, սերմերը՝ օսլա, ձեթ, վիտամիններ, թթուներ և այլն: Ունի նաև դեղագործ․ նշանակություն. բուժ․ նպատակներով օգտագործում են սռնակը (այն բավականին երկար է, կանաչաոսկեգույն, ունի մետաքսի թելիկների տեսք), որի ծայրին գտնվում է սպին: Պատրաստուկները (լուծամզվածք, թուրմ, եփուկ) միզամուղ, լեղամուղ են, ձեթը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը: ՀՀ-ում շրջանացված են Հիբրիդ 1, Վիր 42 ՄՎ և Աբովյան 2 հիբրիդները:

Հայաստանում Ե. մշակվում է XVII դ. վերջից: Այդ մասին հիշատակում է Ղ. Ալիշանը «Հայ-Բուսակ...»-ում (1895): Դեռևս 250 տարի առաջ թարգմանիչ Հովհաննես Անկյուրացին հիշատակել է Ե.՝ «մայծ» անվան տակ, «որ Լազիստանին մոտ բնակուող Պոնդոսի հայերը լազուտ կ՚անուանեն»:

ԵԶԱՆ ԼԵԶՈՒ (Plantago), ջղախոտ, ջղախոտազգիների ընտանիքի միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 260, ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ Ե. լ. մեծ (P.major), Ե. լ. նշտարատերեվ (P.lanceolata), Ե. լ. անհարթ (P.scabra), Ե. լ. ծովափնյա (P.maritima), Ե. լ. սևացող (P. atrata) և այլն: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ ՀՀ բոլոր մարզերում: Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը:

Ծաղկակիր ցողունի բարձր. 5-50 (80) սմ է: Տերևները ջղավոր են, հիմնականում՝ արմատամերձ վարդակում, երբեմն՝ հերթադիր կամ հակադիր, գծաձև, գծանշտարաձև, ձվաձև, էլիպսաձև: Ծաղկաբույլը հասկ է կամ գլխիկ, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն: Ծաղկում է ապրիլ-օգոստոսին: Պտուղը բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ մանր: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, ածխաջրեր, ճապայուղեր, թթուներ, կարոտին (A-նախավիտամին), ֆիտոնցիդներ, ստերոիդներ, լորձնանյութ, վիտամիններ և այլն: Պատրաստուկները կիրառվում են որպես հակաբորբոքային, ջերմիջեցնող, խորխաբեր, մարսողությունը լավացնող, վերքերն ամոքող միջոց: Կոսմետիկայում լորձն օգտագործվում է որպես օսլայի փոխարինիչ, կիրառվում է նաև տեքստիլ արդ. և տպագրության մեջ: Մատղաշ տերևներն ուտելի են:

ԵԶՆԱԿՈՂ (Bupleurum), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ Ե. կլորատերև (B. rotundifolium), Ե. բազմատերև (B. polyphyllum), Ե. բարձր (B. exaltatum) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է անտառի բացատներում, թփուտներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-100 սմ: Տերևներն ամբողջական են, ամբողջաեզր, տարբեր ձևերի: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ դեղին, կարմրավուն, կանաչավուն: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը կողքերից թեթևակի սեղմված է, նեղ կողերով, հարթ կամ կնճռոտ, գոգավորություններում՝ 1 կամ 3-5 յուղանցքերով: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ածխաջրեր, սապոնիններ, ֆենոլային միացություններ, կումարիններ, ֆլավոնիդներ և այլն: Արմատների եփուկն օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող, վերքերն ապաքինող միջոց: