է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է նախալեռն․ և լեռն․ գոտիներում (700-2000 մ բարձր-ներում), ասեղնատերև, և խառնանտառներում, խճահողերում, կրաքարոտ վայրերում և այլն:
Բարձր. 15-60 սմ է: Տերևները խոշոր են, նստադիր, հերթադիր, լայննշտարաձև կամ էլիպսաձև: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը տուփիկ է:
Կովկասյան Ե. ՀՀ բնաշխարհիկ է: Դամասոնյան Ե. (հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի միջին և ստորին լեռն․ գոտիների հաճարենու, բոխու և կաղնու անտառներում), կարմիր Ե. (հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նախալեռն․ և լեռն. գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) և քրդական Ե. (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռն․ գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Գեղազարդիչ է:
ԵՂԵԳ (Phragmites), եղեգնատունկ, շամբ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, ճահճային խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ե. հարավային կամ Ե. սովորական (P.australis=P.communis): Հանդիպում է բոլոր մարզերում: Աճում է ճահճուտներում, գետերի, լճերի, ջրամբարների գերխոնավ առափնյա մասերում, ստորգետնյա կամ արհեստ․ ջրերի ելքերի մոտ և այլ խոնավ վայրերում, հաճախ նաև որպես մոլախոտ:
Կոճղարմատը հզոր է, երկար, սողացող, որի բողբոջներից դուրս են գալիս նոր ցողուններ: Ցողունը հարթ է, սնամեջ, հանգուցավոր, բարձր.՝ 5-6 մ: Տերևները լայն-գծաձև են, հերթադիր, ամուր, թխակապտականաչ: Ծաղկաբույլը 30 սմ-ի հասնող, գորշ մանուշակագույն (հետագայում՝ դեղին), խիտ հուրան է: Հասկիկները 8-12 (15) մմ են: Ծաղկում է հուլիսի առաջին տասնօրյակին: Պտուղը հատիկ է: Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով: Ե. պարունակում է սպիտակուց․ ճարպ, թաղանթանյութ: Ե-ից կարելի է ստանալ սպիրտ, թուղթ, քացախաթթու, մեթիլսպիրտ և այլն: Եղեգնուտներում բնադրվում, բազմանում և պատսպարվում են ջրլող և առափնյա թռչուններ ու կենդանիներ (ճահճակուղբ, մշկամուկ): Մատղաշ Ե. արժեքավոր անասնակեր է: Այն օգտագործում են որպես շինանյութ, ճյուղերից հյուսում զամբյուղներ, խսիր, ցանկապատ: Ե-ի կոճղարմատը հայկ. որդան կարմիր բնաշխարհիկ միջատի կեր է: ՀՀ մի շարք վայրերում՝ Նուռնուսում (Կոտայքի մարզ), Արարատում (Արարատի մարզ), բացահայտվել են բրածո Ե-ի մնացորդներ:
ԵՂԵԳՆԱԲՈՒՅՍ (Arundo), շամբ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, խոնավասեր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ե. եղեգնանման (A.donax): Հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտում և Արաքս գետի առափնյա տարածքներում, գետերի, առուների, լճերի ափերին:
Կոճղարմատը հաստ է ու երկար: Ցողունը կանգուն է, սլացիկ ու հարթ, բարձր.՝ 2-4 մ Տերևները լայն են՝ կարճ լեզվակով, բաց կանաչավուն: Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ ոսկեգույն: Ծաղկում է օգոստոսի երկրորդ տասնօրյակին: Բազմանում է հիմնականում վեգետատիվ ճանապարհով: Գեղազարդիչ է. կարելի է օգտագործել աշնանային ծաղկեփնջեր կազմելու համար:
ԵՂԵԳՆԱԽՈՏ (Calamagrostis), եղեգնասեզ, ավազեղեգ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ ավելի քան 200), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ Ե. թխակապույտ (C. glauca), Ե. եղեգանման (C. arundinacea), Ե. մազանման (C. trichantha), Ե. աննմշմարելի (C. neglecta) և այլն: Տարածված է բոլոր մարզերում և գոտիներում (բացառությամբ՝ ալպյանի և ենթալպյանի): Աճում է մարգագետիններում, անտառներում, անտառի բացատներում, ճահիճներում և այլն:
Կոճղարմատը սողացող է, ցողունը՝ ամուր, կանգուն, անհարթ, բարձր.՝ մինչև 1,5 մ: Տերևները նեղ-գծաձև են, կոշտ: Ծաղկաբույլը հուրանանման է, հազվադեպ՝ հասկանման, հասկիկները՝ բազմաթիվ, միածաղիկ: Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր: Պտուղը հատիկ է:
Մոլախոտ է, առաջացնում է ամուր ճիմ, խանգարում ծառերի ու թփերի բնական վերաճին: Աճելով ավազուտներում (օրինակ՝ Սևանա լճի ազատված հողագրունտներում)՝ ամրացնում է այն:
ԵՂԵՍՊԱԿ (Salvia), մատնոցխոտ, մեղրթեր, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 700 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 21 տեսակ՝ Ե. հաստահասկ (Տ. pachystachya), Ե. կիսաթփային (Տ. suffruticosa), Ե. կպչուն (Տ. glutinosa), Ե. կանաչ (Տ. viridis) և այլն: Տարածված է Արագածուոնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է խոտածածկ, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, անտառներում, բոլոր տիպի ագրոցենոզներում, այգիներում, ցելերում, աղբոտ վայրերում և որպես մոլախոտ:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 100-130 սմ։ Տերևները պարզ են՝ փետրաձև կտրտված կամ ամբողջական: Ծաղիկները երկնագույն են, մանուշակագույն, վարդագույն՝ կեղծ տերևանութներում, կազմում են հասկանման կամ հուրանանման ծաղկաբույլեր: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Պտուղն ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, որոնք օգտագործվում են դեղագործության, լիկյորի և օղու, հրուշակեղենի, ծխախոտի արտադրության մեջ:
ԵՂԵՎՆԻ (Picea), սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղ: Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են Ե. սովորականը (P.abies) և Ե. կեռիկավորը կամ արծաթափայլը (P. pungens v. glauca): Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձր.՝ 20-50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Փշատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5-7 (9-12) տարի: Իգական