Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան կոները գլանաձև երկարավուն Են, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ: Ապրում է 250-300 (հազվադեպ՝ 500) տարի: Բնափայտն սպիտակ է, թեթև, օգտագործվում է շին-յան, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտ. գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնախեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղագարդիչ է:

ԵՂԵՐԴԱԿ (Cichorium), ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, մշակության մեջ՝ միամյա և երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10-12, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ե. սովորական (C. intybus) և Ե. գեղձավոր (C. glandulosum): Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարգերում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր մարգագետիններում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում:

Արմատը հաստ է, իլիկաձև: Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 50-100 սմ Ցողունի վերին մասի տերևները Նստադիր Են, նշտարաձև, ստորին մասինը՝ փետրաբաժան, ատամնաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկնագույն կամ բաց կապույտ: Ծաղկում է մայիսի սկզբից մինչև ուշ աշուն: Պտուղը փուփուլավոր սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, շաքարներ, թթուներ, վիտամիններ C, B, խեժ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ (լյարդի, լեղապարկի բորբոքումների), միզամուղ (Երիկամների հիվանդությունների) միջոց, նաև փորկապության, ստամոքսաբորբի, շաքարախտի և այլ դեպքերում: Դալար ընձյուղները, ցողուններն ու տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ որպես աղցան, արմատները՝ սուրճին փոխարինող միջոց:

ԵՂԻՆՋ (Urtica), կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, երկտուն, հազվադեպ՝ միատուն բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ե. երկտուն (Ս. dioica) և Ե. այրող (Ս. urens): Տարածված է ՀՀ բոլոր մարզերում: Աճում է լեռն., տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն:

Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձր.՝ 1,5-2 մ: Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղն ընկուզիկ է: Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով: Բազմանում է սերմերով: Դեղաբույս է. պարունակում է K, C, B2 վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), աղաղանյութեր, օրգ. թթուներ, գլիկոզիդներ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց: Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ: Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն:

ԵՂՋԵՐԱՌՎՈՒՅՏ (Lotus), նեգրյուն, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա և երկամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 60), ՀՀ-ոււՐ5 տեսակ՝Ե. կովկասյան (Լ. caucasicus), Ե. եղջրավոր (Լ. corniculatus), Ե. բարակ (Լ. tenuis), Ե. ցցված (Լ strictus), Ե. Գեբելի (Լ. goebelia): Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է մարգագետիններում, անտառեգրերին, գետափերին, չոր, քարքարոտ լանջերին, խոնավ և աղուտ վայրերում:

Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, պառկած կամ կիսապառկած, բարձր.՝ 10-60 սմ: Տերևները կենտփետրաձև են: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ հինգմասնյա, նավակը՝ կտցաձևերկար: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը գլանաձև, բազմասերմ ունդ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում նե տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C: Օգտագործում են որպես վերքերն ապաքինող և ցավազրկող միջոց: Տերևներից ստանում են դեղին ներկ: Մեղրատու է: