Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմատները պալարանման են, հաստացած, ցողունը՝ կանգուն, բարձր.՝ 50-150 սմ: Տերևները մատնաձև են, խորը կտրտված: Ծաղկաբույր ողկուզանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ անկանոն, դեղին, մանուշակագույն, կապույտ, հազվադեպ՝ սպիտակ: Ծաղկում է հունիս-սեպտեմբերին: Պտուղը բազմատերևիկ է: Մեծ մասը թունավոր է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ (ակոնիտին, զոնգորին, ատիզին և այլն): Արմատների թուրմը ցավամոքիչ է, ջերմությունն իջեցնող: Ալկալոիդները կրծողների և վնասատու միջատների դեմ պայքարի միջոց են: Որոշ տեսակներ գեղազարդիչ են:

ԹԱԼ (Atriplex), թաղթ, մոխրաթելուկ, թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 225), ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Թ. թուրքմենական (A. turcomanica), Թ. շողուն (A. nitens), Թ. տարասերմ (A. micrantha), Թ. թաթարական (A. tatarica), Թ. փռված (A. patula) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, գետերի հովիտներում, լճափերին, աղուտներում, բանջարանոցներում և այլն:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-150 սմ: Տերևները հերթադիր կամ հակադիր են, եռանկյունաձև, նշտարաձև, ձվաձև, նիզակաձև՝ հաճախ պատված մոխրագույն ալրանման փառով: Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ միասեռ: Իգական ծաղիկները պատված են ծածկոցով, որը գերաճում է պտղի հասունացման ժամանակ: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը միասերմ, չբացվող ընկուզիկ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ (սերմերը), պոտաշ (մոխիրը) և այլն: Ուտելի են (եփած):

ԹԱՂԱՂՈՒ (Asphodeline), թաղաղուազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 15 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Թ. ծառանմանը (A. dendroides) հանդիպում է Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, կավոտ կամ քարքարոտ լանջերին, ցանքերում (800-1500 մ բարձր-ներում), Թ. դեղինը (A. lutea) անհետացող տեսակ է, հանդիպում է միայն Տավուշի մարզում (Իջևանի ֆլորիստիկ. շրջան): Աճում է քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, բաց տարածքներում (700-1100 մ բարձր-ներում), Թ. ղրիմյանը (A. taurica) հանդիպում է Լոռու մարզում (Սպիտակ ք-ի շրջակայք և Ջաջուռի լեռնանցք): Աճում է չոր, քարքարոտ վայրերում, հեղեղատներում, ժայռերի ելուստներին (1500-2000 մ բարձր-ներում): Երեք տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-80 սմ: Տերևները գծաձև կամ գծաբզաձև են: Ծաղկաբույլը նոսր սակավածաղիկ կամ խիտ ողկույզ է, ծաղիկը՝ կանաչադեղնավուն կամ սպիտակ: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը տուփիկ է:

ԹԱՆԹՌՆԻԿ (Sedum), փերփեր, գառնադմակիկ, թանձրատերևազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 450), ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ Թ. բարակացողուն (Տ. tenellum), Թ. բարակ (Տ. gracile), Թ. կովկասյան (Տ.caucasicum), Թ. հակադրատերև (Տ. oppositifolium) ևն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է միջին և բարձրլեռն. գոտիների քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում, խճաքարերի մեջ:

Կոճղարմատավոր բույս է: Ցողունը երբեմն ճյուղավորվող է, բարձր.՝ 3-20 (հազվադեպ՝ մինչև 60) սմ: Տերևները մսալի են, ամբողջական, հերթադիր: Ծաղկաբույլը հովանոցաձև է կամ վահանանման, ծաղիկները՝ մանր, կարմրավուն, կանաչասպիտակավուն, դեղին, սպիտակ և այլն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը հավաքական տերևապտուղ է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ: Գեղազարդիչ է: Օգտագործվում է ներշենքային կանաչապատման և քարապարտեզների ձևավորման ու հարդարման համար:

ԹԱՎՇԱԾԱՂԻԿ (Tagetes), մախմրի ծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 35 տեսակ: ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ տարածված են Թ. մեքսիկական (T. patula), Թ. բարակատերև (T. tenuifolia), Թ. կանգուն (T. erecta) տեսակները: Բոլորն էլ գեղազարդիչ են:

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 20-80 (120) սմ: Տերևները փետրաբաժան են: Ծաղկաբույլը տարբեր չափերի զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մուգ դարչնագույն և այլն, եզրայինները՝ միասեռ, իսկ կենտրոնականները՝ երկսեռ: Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին: Պտուղը սերմիկ է. պարունակում է եթերայուղեր, որոշ տեսակներ՝ վիտամին C: