ԹԽԱԿԱԿԱՉ (Glaucium), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 23, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Թ. եղջերավոր (G. corniculatum), Թ. խոշորածաղիկ (G. grandiflorum), Թ. նրբագեղ (G. elegans): Տարածված է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում՝ մինչև միջին լեռն. գոտի: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ցանքերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-15 սմ և ավելի: Տերևները փետրաբաժան են, քնարաձև, թխակապույտ: Ծաղիկները մեկական են, գագաթնային կամ տերևանութային, դեղին, նարնջագույն, կարմիր: Ծաղկում են մայիս-հուլիսին: Պտուղը երկար-գլանաձև, պատիճանման, կեղծ միջնապատով, երկփեղկ տուփիկ է: Սերմերը սև են, բավականին խոշոր: Արմատները պարունակում են կաթնանման հյութ: Երեք տեսակներն էլ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ:
ԹԽԵՆԻ (Padus), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Թ. սովորական (P. racemosa): Տարածված է ՀՀ գրեթե բոլոր անտառներում: Բարձր. մինչև 8 մ է: Տերևները հերթադիր են, ամբողջական, էլիպսաձև: Ծաղկաբույլը երկարավուն է, ողկուզանման, ծաղիկները՝ բուրավետ, մանր, սպիտակ: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը սև, կլորավուն, կնճռոտ, քաղցրադառնահամ կորիզապտուղ է: Պարունակում է թթուներ, շաքարներ, աղաղանյութեր, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են բժշկության մեջ, մանրաշերտ բնափայտը՝ տարբեր մանր շինվածքների, իրերի արտադրության մեջ: Ցրտադիմացկուն է: Գեղազարդիչ է և մեղրատու: Աճեցվում է այգիներում և պուրակներում:
ԹԽԿԻ (Acer), թխկազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ Թ. դաշտային (A.campestre), Թ. Տրաուտվետերի կամ բարձրլեռնային (A. trautvetteri), Թ. վրացական (A. ibericum), Թ. սրատերև (A. platanoides) և այլն: Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի անտառներում, լեռնալանջերին, Երևանի շրջակայքում և այլն:
Բարձր. մինչև 30 մ է: Տերևները հակադիր են, պարզ կամ բարդփետրաձև: Ծաղկաբույլը հուրան է կամ վահանիկ, ծաղիկները՝ մանր, Երկսեռ, դեղնականաչավուն: Ծաղկում է մարտ-ապրիլին: Պտուղը երկթևապտուղ է: Տերևները պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, հյութը՝ շաքարներ: Բնափայտն օգտագործվում է կահույքի, երաժշտ. գործիքների արտադրության, նավաշինության մեջ: Մեղրատու է:
Թ. դուրեկանը (A.laetum) հանդիպում է միայն Տավուշի մարզի անտառների համեմատաբար խոնավ հողերում (ստորին և միջին լեռն. գոտիներում), Թ. Տրաուտվետերի կամ բարձրլեռնայինը Կովկասի բնաշխարհիկ է, հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերի վերին լեռն. գոտու (1600-2000 մ բարձր-ներում) հս. լանջերին: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
ԹՌՉՆԱԹԱԹ (Cleome), կապարազգիների ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է մոտ 70 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Թ. վրացական (C. iberica): Տարածված է Արարատյան գոգավորությունից մինչև միջին լեռն. գոտի (մինչև 2200 մ բարձր-ներում), Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է չոր, ցամաքային տարածքներում:
Խիտ, կարճ, կոշտ թավապատ, միամյա բույս է: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-60 սմ: Տերևները կոթունավոր են, եռմասնյա, ամբողջաեզր, երկարավուն, նշտարաձև: Ծաղկաբույլը գագաթնային է, ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին: Ծաղկում է մայիսի կեսին: Պտուղը պատիճանման տուփիկ է: Սերմերը մանր են, կլորավուն:
Ժող. բժշկության մեջ արմատներն օգտագործում են որպես հականեխիչ միջոց: Որոշ վայրերում սերմերն օգտագործում են որպես մանանեխին փոխարինող: Թ. առաջացնում է ինքնուրույն համակեցություններ Սևանա լճի ավազուտներում և նպաստում դրանց բուսապատմանն ու ամրացմանը:
ԹՐԱՇՈՒՇԱՆ (Gladiolus), ագռավաթուր, արիտ-պարիտ, հիրիկազգիների ընտանիքի պալարասոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 250, ՀՀ-ում՝ 9 տեսակ, որոնց մի մասը Հայաստանի [Թ. հայաստանյան (G. hajastanicus), Թ. Կոչիի (G. kotschyanus)] կամ Կովկասի [Թ.բարակ (G. tenuis), Թ. կովկասյան (G. caucasicus), Թ. ջավախքյան (G. dzhavakheticus)] բնաշխարհիկներ են: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում: Աճում է անտառի բացատներում, լեռնալանջերին, ժայռաճեղքերում, մերձալպյան