խոտհարքներրսմ, ցանքերում, տնկարկներում, խոնավ վայրերում (400-3200 մ բարձր-ներում):
Ցողունն ուղիղ է, պարզ, բարձր.՝ մինչև 120 սմ: Տերևները գծաձև են, թրաձև կամ նշտարաձև, ընդգրկում են ցողունը երկու կողմից: Ծաղկաբույլը հասկանման է (միա- կամ երկկողմանի), ծաղիկները՝ ձագարաձև, սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, ծիրանագույն, երկնագույն, մուգ վարդագույն ևն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը եռաբուն տուփիկ է, սերմերը՝ դարչնագույն, թևավոր կամ առանց թևերի: Գեղազարդիչ է։
Թ. մուգ մանուշակագույն [(G. atroviolaceus) հանդիպում է Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի նախալեռն, և լեռն, գոտիներում՝ չոր, քարքարոտ, կավային և գիպսակիր լանջերին, գիհու նոսրանտառներում], Թ. իտալական [(G. halophilus)՝ Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն. գոտիներում՝ չոր, քարքարոտ լեռնալանջերին, ցանքսերում], կովկասյան Թ., Թ. Շովիցի կամ աղասեր (G. halophilus), Կոչիի և բարակ Թ. տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Ընտրասերման միջոցով ստացվել է Թ-ի ավելի քան 10 000 սորտ:
ԹՈՒՆԱԹԱՓ (Vincetoxicum), թունաթափագգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Թ. լայնատերև (V. amplifolium), Թ. գորշավուն (V. fuscatum), Թ. դեղատու (V. hirundinaria), Թ. թաղման (V. funebre): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ լանջերին և այլն:
Ցողունն ուղղաձիգ է կամ փաթաթվող, բարձր.՝ 20-180 սմ: Տերևները պարզ են, հակադիր, ամբողջաեզր, ձվաձև կամ ձվանշտարաձև: Ծաղկաբույլը վահանաձև է, տերևանութային կամ գագաթնային: Ծաղիկները դեղնականաչավուն են կամ սպիտակ: Ծաղկում է ամռանը: Պտուղը՝ մեկ, հազվադեպ երկու տերևապտուղ է: Սերմերը փուփուլավոր են: Որոշ տեսակներ պարունակում են կաուչուկ, գլիկոզիդներ և այլն: Մեղրատու է:
ԹՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, իրենց կենսագործունեության ընթացքում մարդու և կենդանիների համար թունավոր քիմ. նյութեր արտադրող և տարբեր օրգաններում կուտակող բույսեր:
Հայտնի են ավելի քան 10 հզ. Թ. բ., որոնք պատկանում են մորմազգիների, իշակաթնուկազգիների, շուշանազգիների, հրանունկազգիների, նեխոտազգիների, խլածաղկազգիների, աստղածաղկազգիների, բակլազգիների և այլ ընտանիքների: Թ. բ. կան նաև սնկերի, պտերների, մերկասերմերի մեջ:
Մարդուն շրջապատում են սննդի մեջ օգտագործվող տեխ., թունավոր և դեղատու բույսեր, որոնց միջև չկա խիստ սահմանազատում: Շատ ուտելի և տեխ. բույսեր (որոնց թվում կան նաև Թ. բ.) նաև դեղաբույսեր են: Թ. բ. ազդում են կեդանի օրգանիզմների կենտր. նյարդ., սիրտանոթային և մարսող., շնչառ. համակարգերի և այլ օրգանների վրա: Բույսերի թունավոր հատկությունները պայմանավորված են նրանցում պարունակվող ֆիզիոլոգ. ակտիվ նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, խեժեր, աղաղանյութեր, օրգ. թթուներ և այլն ), որոնք կուտակվում են ինչպես բույսի բոլոր մասերում (բանգի, շիկատակ, արջընկույզ, ընձախոտ և այլն), այնպես էլ առանձին օրգաններում (ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզներում): Վերջինս պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, իսկ աշնանը՝ պալարասոխուկները), տարածման արեալից (օրինակ՝ հյուսիսում աճող ընձախոտը գրեթե թունավոր չէ, իսկ հարավում աճողը խիստ վտանգավոր է):
Շատ վտանգավոր են գեղազարդիչ որոշ բույսեր (մագնոլիա, շուշան, դափնեվարդ, մատնոցուկ, ոջլախոտ և այլն) և այն Թ. բ., որոնց պտուղները (շիկատակ, դժնիկ, տերևատ, ցախակեռաս և այլն), սերմերը (բանգի, սոֆորա, արջնդեղ) և արմատները (գինազոխ, մոլեխինդ) նման են սննդի մեջ օգտագործվող բույսերի կամ դեղաբույսերի պտուղներին ու արմատներին:
Տեղային վնասվածք (մաշկի, լորձաթաղանթների) կարող է առաջանալ նաև Թ. բ-ի (ողկուզակ, կոծուկ, տերևատ, աղտոր և այլն) հետ շփվելուց, որը կարող է հանգեցնել նաև ընդհանուր թունավորման: Շատ բուս. թույներ փոքր քանակությամբ օգտագործվում են որպես դեղամիջոց (օրինակ՝ մատնոցուկից և հովտաշուշանից ստանում են սրտային գլիկոզիդներ, բանգիից՝ ատրոպին և այլն), որոշ Թ. բ-ից ստանում են միջատասպան նյութեր:
ԺԱՆԳԱՍՆԿԵՐ (Uredinales), ուրեդինայինների կարգի բազիդիավոր սնկերի դասի սնկեր: Հայտնի է մոտ 5000, ՀՀ-ում՝ 250 տեսակ: Օբլիգատ մակաբույծներ են, հարուցում են