Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Գագաթին կա խառնարան: Արլ. լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը: Կան ռելիեֆի սառցադաշտային ձևեր, լերկ տեղամասեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԻՋԵՎԱՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կայենի լեռնաշղթա, ՀՀ Տավուշի մարզում: Սկսվում է Գուգարաց լեռնաշղթայից և ձգվում զուգահեռականի ուղղությամբ մինչև Իջևան: Երկար. 26 կմ է, բարձր.՝ 2507 մ (Հովք լ.): Կազմված է մեզոզոյի և պալեոգենի նստվածք․ ապարաշերտերից, բնորոշ են կարստային երևույթները: Լանջերը զառիթափ են, անտառածածկ, կատարային մասը՝ տափարակ:

ԼԱԼՎԱՐ, լեռնազանգված Վիրահայոց լեռնաշղթայի արլ. մասում՝ ՀՀ Լոռու մարզում: Բարձր. 2544 մ է: Կազմված է յուրայի ու նեոգենի հրաբխանստվածք. ապարներից: Կան պղնձի և բազմամետաղային հանքավայրեր: Կատարային մասը բութ է, հվ., հվ-արլ. լանջերը՝ մասնատված, մերկ ու ժայռոտ, հս-ը՝ անտառածածկ: Հվ-արմ. լանջին կան սողանքներ: Լ-ից սկիզբ են առնում Շուլավեր, Բոլնիս և այլ գետեր:

ԼԵՋԱՆ, լեռնազանգված Վիրահայոց լեռնաշղթայի հվ. մասում՝ ՀՀ Լոռու մարզում: Բարձր. 2527 մ է: Կազմված է հրաբխանստվածք. ապարներից, մասամբ՝ գրանիտոիդային ներժայթուքներից: Ունի անհամաչափ կառուցվածք: Հվ. լանջերը երկար են՝ մասնատված Ձորագետի ձախակողմյան վտակների հովիտներով: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Կան երբեմնի անտառի մնացուկներ:

ԼԻՄ, կղզի Վանա լճի հս-արլ-ում՝ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա: Վանա լճի կղզիներից ամենամեծն է: Երկար. 2 կմ է, լայն.՝ 0,5 կմ: Վաղ ժամանակներում միացած է եղել ցամաքին, որից անջատվել է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով: Մակերևույթը հարթ է, լանդշաֆտը՝ չոր տափաստանային:

Ըստ ավանդության՝ IV դ. սկզբին Գրիգոր Լուսավորիչը Լ-ում հիմնադրել է Լիմի անապատը, որտեղ XIV դ. սկզբին գործել են Ս. Աստվածածին, Ս. Կարապետ և Ս. Գևորգ Եկեղեցիները: Լիմի անապատը ծաղկում է ապրել XVII դ., երբ (1622-ին) Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև XIX դ.:

ԼՈՌՈՒ ԴԱՇՏ, Լոռու սարահարթ, միջլեռն. բարձրադիր հարթավայր՝ ՀՀ Լոռու մարզի հս-ում: Եզրավորված է Ջավախքի, Վիրահայոց և Բազումի լեռնաշղթաներով: Բարձր. 1300-1600 մ է, երկար.՝ մոտ 30 կմ, լայն.՝ մինչև 18 կմ: Ձգվում է հս-արմից հվ-արլ.՝ թույլ թեքությամբ: Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբագալտներից և բազալտներից՝ ծածկված ջրասառցադաշտային, հեղեղատային նստվածքներով: Արմ-ում մակերևույթը միատարր է, արլ-ում՝ մասնատված Ձորագետի, Ուռուտի, Տաշիրի և Գարգառի խոր կիրճերով: Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4°C, հուլիսինը՝ 16°C, տարեկան տեղումները՝ 700- 800 մմ: Լանդշաֆտը տափաստանային է, տեղ-տեղ կան անտառապուրակներ: Լ. դ-ի տարածքում են Լոռե (Լոռի) քաղաք-ամրոցի (հիմնադրվել է 1005-20-ին) ավերակները, Գյուլագարակի սոճու արգելավայրը (տես Արգելավայր հոդվածում):

ԼՈՔ, լեռնագագաթ Վիրահայոց լեռնաշղթայի կենտր. մասում՝ ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի սահմանագլխին: Բարձր. 2140 մ է: Մնացուկային բլուր է՝ կազմված էոցենի հրաբխածին ապարներից: Լանջերը մասնատված են: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հս. լանջը՝ անտառապատ: Լ-ից 3 կմ արմ.՝ 1835 մ բարձր․ վրա է համանուն լեռնանցքը, որը Լոռու մարզը կապում է Վրաստանին:

ԽԱՐԱԲԱԲԱԶԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Հայկ. լեռնաշխարհի արլ-ում՝ Արարատ լեռնազանգվածի և Հայկ. Պար լեռնաշղթայի միջև՝ 1671 մ բարձր․ վրա: Խ. լ-ով է անցնում Իգդիր-Բայազետ ճանապարհը:

ԽՆՁՈՐՈՒՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Տավուշի մարզում: Ձգվում է Միափորի լեռնաշղթայից հս-արլ. մինչև Հախինջա և Խնձորուտ գետերի միախառնման վայրը: Երկար. 40 կմ է,