Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ածուխ, նավթի երևակումներ: Հարուստ է ջերմուկներով: Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -8-ից-16°C, հուլիսինը՝ 16-20°C, տարեկան տեղումները՝ 300-500 մմ: Խոշոր գետը Արմ. Եփրատն է: Լանդշաֆտը լեռնամարգագետնատափաստանային է: Գետահովիտներում և նախալեռն. ձորակներում կան թփուտներ: Էրզրում ք-ից հս. զգալի տարածություն են զբաղեցնում ճահճուտները (հնագույն լճի մնացորդ է Կարնո շամբը):

Տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառին:

ԹԱԼԻՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Արագած լեռնազանգվածի և Ախուրյան գետի միջև՝ ՀՀ Արագածոտնի ու Շիրակի մարզերում: Բարձր. 1250-1800 մ է: Կազմված է նեոգենի ու անթրոպոգենի հրաբխ. ապարներից: Մակերևույթը բլրաթմբային է, թույլ մասնատված, հվ-արմ. և հվ. դիրքադրության, բազմաթիվ արտավիժման կոներով, լավային հոսքերով ու քարացրոններով: Այստեղ են Արտենի արտաժայթուք լեռնազանգվածը, Մաստարայի, Զարնջայի ու Աշնակի հեղեղատները: Կան տուֆի, պեմզայի ու պեռլիտի պաշարներ: Կլիման չափավոր ցամաքային է, տարեկան տեղումները՝ 300-650 մմ: Լանդշաֆտը կիսաանապատային, չոր լեռնատափաստանային է: Անասնապահ., հացահատիկի մշակության, խաղողագործ. ու պտղաբուծ. շրջան է:

ԹԵԺԼԵՌ, Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3101 մ)՝ ՀՀ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Ներժայթուք է՝ կազմված էոցենի հրաբխ. ապարներից (նեֆելինային սիենիտներ, գրանիտներ): Լանջերը զառիթափ են, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային:

ԹԵՂԵՆԻՍ, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (2851 մ)՝ ՀՀ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին: Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտներ: Հս. լանջն ունի թույլ թեքություն, հվ-ը զառիթափ է, ժայռոտ, մասնատված: Լանջերը մինչև 2300-2400 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն: Հս-արլ. լանջին է Ծաղկաձոր ք., որից ճոպանուղի է բարձրանում մինչև Թ.: Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր:

ԹԵՂԵՆՅԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Ծաղկունյաց լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ ՀՀ Կոտայքի մարզում: Երկար. 20 կմ է, առավելագույն բարձր.՝ 2851 մ (Թեղենիս)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից (գնեյսներ, թերթաքարեր), որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ, անդեզիտաբազալտներ: Կան մարմարի, թերթաքարերի, հանք, ջրերի պաշարներ: Թ. լ. ունի անհամաչափ կառուցվածք, հվ. լանջը զառիթափ է՝ տեղ-տեղ ժայռոտ, մասնատված, հս-ը՝ մեղմաթեք: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արլ. լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխոլ անտառներ:

ԹԵՔՍԱՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՀ Վայոց ձորի մարզում: Վարդենիսի լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից ձգվում է հվ-արմ. մոտ 20 կմ: Առավելագույն բարձր. 3379 մ է (Սեմասար լ.): Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև: Կազմված է պալեոգենի հրաբխանստվածք. ապարներից: Ունի անհամաչափ կառուցվածք. հս. լանջերը զառիթափ են, հվ-ը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով: Հվ. ստորոտներին կան լերկուտներ: Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ չոր լեռնատափաստանային, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:

ԹՈՆԴՐԱԿ, լեռնազանգված Հայկ. հրաբխ. բարձրավանդակի արլ. մասում՝ Ծաղկանց լեռներից արլ.: Շրջանաձև հիմքով (տրամագիծը՝ 22 կմ), բազմածին գործող հրաբուխ է: Հիմքում նստվածք․ ապարներ են՝ ծածկված անդեզիտային-տրախիտային երիտասարդ լավաներով: Ունի լավ պահպանված խառնարան (շրջագիծը՝ մոտ 2 կմ, խոր.՝ 350 մ), հատակին՝ լիճ: Թ. գործում է՝ արտավիժելով ծծմբային գազեր, ջրային գոլորշիներ և եռման ջրեր:

Գագաթնային մասը 2900-3200 մ բարձր․ սարավանդ է՝ Թոնդրակ (3542 մ) կոնաձև գագաթով: Լանջերը և մերձգագաթնային սարավանդը ծածկված են քարակարկառներով: Կան հրաբխ. շինանյութեր, ջերմուկներ: Կլիման բարեխառն ցամաքային է, տարեկան տեղումները՝ 500-700 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է:

ԻՇԽԱՆԱՍԱՐ, լեռնազանգված Սյունիքի բարձրավանդակի հվ-արլ-ում՝ ՀՀ Սյունիքի մարզում: Առավելագույն բարձր. 3550 մ է (Մեծ Իշխանասար լ.): Կազմված է անթրոպոգենի դացիտային ու անդեզիտադացիտային լավաներից: Ի-ի հս-ում առանձնանում է Փոքր Ի.: Հս-արմ-ում Ի. թամքոցով