գ-ի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում: Աճում է վերին լեռն., ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրերում), մարգագետիններում, անտառներում:
Կիսաթուփ է, բարձր.՝ 25-60 սմ: Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն-ձվաձև: Ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, հաճելի թույլ բույրով: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է:
Օգտագործում են թարմ և վերամշակված: Պտուղները պարունակում են շաքարներ (մինչև 10 %), վիտամիններ C՝ 15-30 մգ %, կարոտին (A-նախավիտամին)՝ 0,1 %, օրգ. թթուներ և այլն, սերմերը՝ ճարպեր, տերևները՝ գլիկոզիդներ, թթուներ և այլն: Դեղաբույս է. պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ախտահանող, կապող միջոց, աղերի կուտակման, պոդագրայի ժամանակ և այլն: Մեղրատու է:
ՀԱՍՄԻԿ (Jasminum), ժասմին, ձիթենազգիների ընտանիքի գեղազարդիչ թփերի կամ լիանների ցեղ: Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. թփային (J. fruticans): Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (երբեմն՝ մինչև 1600 մ բարձրերում): Աճում է չոր, քարքարոտ լանջերին, թփուտային մացառուտներում:
Թփի բարձր, մինչև 1 մ է: Տերևները մանր են, կոշտ, եռմասնյա, հազվադեպ՝ պարզ: Ծաղկաբույլը կիսահովանոցանման կամ վահանիկանման է, ծաղիկները՝ բուրավետ, սպիտակ, դեղին, կարմրավուն, միայնակ: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը մանր, կլոր, սև, փայլուն հատապտուղ է: Ծաղիկներից ստացվում է յուրահատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Չորա-, ցրտա-, ջերմադիմացկուն, լուսասեր բույս է:
ՀԱՎԱԾԱՂԻԿ, տես Երիցուկ:
ՀԱՎԱԿԱՏԱՐ (Amaranthus), զիմել, հավակատարազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 5 (այլ տվյալներով՝ 80), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ Հ. սպիտակ (A. albus), Հ. դիմակավորված (A. graecizans), Հ. սովորական (A. retroflexus), Հ. թելուկատերև (A. blitoides), տարածված են գրեթե բոլոր մարզերում, և Հ. հուրանավոր (A. hybridus)՝ հանդիպում է միայն Լոռու մարզում: Աճում է աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ուշ գարնանացան, շարահերկ բույսերի ցանքերում, բանջարանոցներում, տնկարկներում և այլն:
Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, փռվող, սպիտակ, կանաչավուն, կարմրավուն, թավոտ կամ անթավ, բարձր.՝ 20-100 սմ: Տերևները հերթադիր են, ամբողջական, երկարավուն, երկարավուն-ձվաձև կամ հակադիր ձվաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ, մանր, թաղանթանման, կանաչ, դեղին, ծիրանագույն: Ծաղկում է հուլիս-օգոստոսին: Պտուղն ընկուզիկանման է: Սերմերը կլորավուն են, հարթ, փայլուն, ոսպանման՝ սևագանակագույն երանգով:
Որոշ տեսակների մատղաշ տերևներն ուտելի են (պարունակում են վիտամիններ C, E), որոշները մշակվում են որպես գեղազարդիչ բույս:
ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, բազմամյա, վայրի և մշակովի բույսերի մեծ խումբ, որից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ: Մշակության մեջ տարածված են ելակը, գետնաելակը, հաղարջենին, կոկռոշենին, հապալասենին, մոշենին, լոռամրգին և այլն: Վայրի տեսակները կիրառվում են նաև ընտրասերման ճանապարհով նոր սորտեր ստանալու համար: ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի անտառներում աճում են մորենու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու լավագույն տեսակները: Հատապտուղները պարունակում են օրգ. թթուներ, հանք, աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր: Օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ, դոնդող, մարմելադ, աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրությունում: Հ. բ-ի որոշ տեսակներ կիրառվում են բժշկության մեջ:
Խոնավասեր են, ջերմության նկատմամբ պահանջկոտ չեն: Բազմանում են վեգետատիվ ճանապարհով:
ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԲՈՒՅՍԵՐ, հատիկ (սերմ) ստանալու համար բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի մշակաբույսեր: Հիմնականում խոտաբույսեր են, որոնց ծաղկապսակը կազմված է հինգ ոչ միատեսակ պսակաթերթերից, վերինը կոչվում է առագաստ, ներքևի երկուսը՝ նավակ, երկու կողմնայինները՝ թիեր:
Հ. բ-ի փոշոտումը կատարվում է հիմնականում մեղուների և թիլՅեռների, հազվադեպ՝ թռչունների, երբեմն՝ ինքնափոշոտման միջոցով: Հ.բ-ի արմատների վրա առաջանում են պալարիկներ, որոնց բջիջներում ապրում են օդի ազոտը յուրացնող բակտերիաներ (պալարաբակտերիաներ): Բույսի մհանալուց հետո հողը հարստանում է ազոտ պարունակող նյութերով: Որոշ տեսակների (ոլոռ, լոբի, սոյա, բակլա, ոսպ, սիսեռ, գետնանուշ և այլն) սերմերը հարուստ են ամինաթթուներ պարունակող սպիտակուցներով (լիզին, զիստին, տրիպտոֆան, բարգինին, հիստիդին, վալին և այլն), ածխաջրերով, ճարպերով, վիտամիններով և օգտագործվում են որպես պարեն: Որոշ տեսակներ կերաբույսեր են (երեքնուկ, կորնգան, առվույտ, վիկ, լուպին, տափոլոռ, բակլա, ուղտափուշ, իշառվույտ և այլն), կան դեղաբույսեր (սոֆորա, մատուտակ, թերմոպսիս և այլն), մեղրատու, դեղատու, խեժատու (գազի որոշ տեսակներ), ներկատու (օրոճ, լեղակենի և այլն), թունավոր, տեխ. և այլ բույսեր: Հատիկը, կանաչ զանգվածը, քուսպը պրոտեինով հարուստ և արժեքավոր կեր են: Սերմերում պարունակող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ:
Լուպինը և այլ Հ.բ. կիրառվում են կանաչ պարարտացման համար: Սիլոսի, սենաժի և խոտալյուրի համար օգտագործվում է բակլայի, սոյայի, ոլոռի, լուպինի կանաչ զանգվածը: