Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տափոլոռի, սոյայի, ոսպի սերմերից ստանում են կազեին և սոսինձ: Որոշ տեսակներ աճեցվում են որպես գեղազարդիչ բույսեր (լուպին, գլիցինիա, ռոբինիա, դեղին ակացիա, բուրավետ տափոլոռ ևն):

ՀԱՐՍՆԱԽՈՏ (Physalis), բոջոջ, բշտի դեղ, մորմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հ. սովորական (P. alkekengi): Հանդիպում է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Աճում է խոնավ, ստվերոտ վայրերում, թփուտներում, անտառեզրերին:

Ցողունը կանգուն է, պարզ կամ վերին մասում ճյուղավորվող, բարձր.՝ 20-100 սմ․ Տերևները պարզ են, երկարավուն-ձվաձև կամ ձվաձև, ամբողջաեզր կամ թեյՅևակի ատամնաեզր: Ծաղիկները սպիտակավուն են: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը նարնջակարմրավուև, հյութալի, երկբուն, գնդաձև հատապտուղ է՝ ամփոփված բշտաձև, վառ նարնջագույն ծաղկաբաժակի մեջ: Դեղաբույս է. թարմ պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, պեկտինային նյութեր, աղաղանյութեր, կարոտին (A- նախավիտամին), կարմիր ներկանյութ, սերմերը՝ ճարպայուղ, ալկալոիդներ: Ժող. բժշկության մեջ սերմերն օգտագործում են որպես ցավամոքիչ, միզամուղ, լեղամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց: Որոշ երկրներում Հ. տարածված է մշակության մեջ: Հասուն պտուղներն օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ և որպես դիետիկ մթերք, կանաչները (ծաղկաբույլի հետ) թթու են դնում, պատրաստում մարինադ: Թարմ, հասուն պտուղներն ավելացնում են նաև աղցաններին, արգանակներին, կոմպոտներին, մուրաբաներին և այլն (տալիս է յուրահատուկ համ և բույր):

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմն. սննդամթերք (հատիկ), գյուղատնտ. կենդանիների կեր և արդ-յան տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով: Գրեթե բոլոր Հ. բ. (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) դաշտավլուկազգիների ընտանիքից են, իսկ հնդկացորենը՝ մատիտեղազգիների: Բաժանվում են 3 խմբի՝ սովորական Հ. բ.՝ ցորեն, գարի, աշորա և վարսակ, որոնց հատիկներն ունեն ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում ԵՆ սաղմնային մի քանի արմատիկներ: Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ): Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ: Կորեկանման Հ. բ.՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ: Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն): Բացառապես գարնանացան Են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են: Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը: Հ. բ-ի արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից): Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային ամատներ: Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն:

ՀԱՑԵՆԻ (Fraxinus), ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ: Հայտնի է 65, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Հ. սովորական (F. excelsior) և Հ. սրապտուղ (F. oxycarpa): Առաջինը տարածված է ՀՀ գրեթե բոլոր անտառներում՝ ստորինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2000 մ բարձր-ներում): Աճում է կաղնուբոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ: Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:

Բարձր. 20-40 մ է: Տերևները բարդ Են, հակադիր, կենտփետրաձև: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ: Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը: Պտուղը միաբուն թևապտղիկ է:

Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանըր գործիքաշինության, շինան տարբեր բնագավառներում: Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպան. անտառաբուծության մեջ: Ապրում է մինչև 300 տարի:

ՀԱՑՀԱՄԵՄ (Trigonella), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 17 (18) տեսակ՝ Հ. երկնագույն (T. coerulescens), Հ. գլխիկավոր (T. capitata), Հ. թրաձև (T.gladiata), Հ. բարակ (T. tenuis) և այլն: Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում: Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն:

Ցողունի բարձր. 5-70 սմ է: Տերևները եռմասնյա են: Ծաղիկները Երկնագույն են, սպիտակ, դեղին՝ հովանոցանման կամ գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում: Ծաղկում է ապրիլ-հուլիսին: Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է: Սերմերը հարթ են կամ կնճռոտ: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ամինաթթուներ, սապոնիններ, եթերայուղեր, ալկալոիդներ, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ, և այլ հիվանդությունների դեպքերում: Գլխիկավոր Հ. հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գ-ի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՀԱՓՈՒԿ (Reseda), հափուկազգինրի ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ: Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Հ. դեղնավուն (R. luteola), Հ. դեղին (R. lutea), Հ. գնդապտուղ (R. globulosa), Հ. մանրապտուղ (R. microcarpa) և այլն: