Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգտագործում են երակների հանգուցավոր լայնացման, թրոմբոֆլեբիտի, թութքի և այլ դեպքերում: Պտուղներն օգտագործվում են նաև տեխ. օսլա ստանալու համար: Գեղազարդիչ է. օգտագործվում է կանաչ շին-յան մեջ:

ՁԻԱՁԵՏ (Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 30-32, ՀՀ-ում՝6 տեսակ՝ Ց. ընկղմված (E. fluviatile), Ձ. ձմեռող (E. hyemale), Ձ. ճյուղավորված (E. ramosissimum), Ձ. դաշտային (E. arvense) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետերի ու լճերի ավազոտ, քարքարոտ ափերին, խոնավ, գերխոնավ ճահճացած վայրերում, թփուտներում, մարգագետիններում, հաճախ աղբոտում է ցանքերը:

Կոճղարմատը սողացող է: Ցողունը սլացիկ է, բարձր.՝ 50-80 սմ (երբեմն՝ 100), չճյուղավորվող, գլանաձև, հանգուցավոր, որտեղից դուրս են գալիս ցողունային ճյուղերը: Ցողունը լինում է կանաչ (մահանում է ձմռանը) և կոշտ: Տերևներն անգույն են, թեփուկանման, տերևապատյանի տեսքով օղակաձև դասավորված հանգույցներում: Կանաչ ցողունը վերջանում է կոնաձև, սրածայր կամ բթագագաթ, դեղնավունից մինչև մուգ դարչնագույն կամ գրեթե սև սպորակիր հասկիկով, որի վրա վահանիկների նման դասավորվում են սպորատերևիկները: Վերջիններիս ստորին մակերեսին շրջանաձև դասավորվում են սպորանգիումները, որոնց մեջ գոյանում են սպորները: Սպորանգիումները հասունանում են ապրիլ-հուլիսին: Դաշտային Ձ. դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոևիդներ, ճարպեր, Եթերայուղ, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց: Որոշ տեսակներ թունավոր են կենդանիների համար:

ՁԻԹԵՆԻ (Olea), ձիթազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է ավելի քան 60 տեսակ: Մշակության մեջ տարածված է Ձ. եվրոպականը (O. europaea): Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձր.՝ 10-12 մ: Սաղարթը լայն-բրգաձև է, երբեմն՝ կախված ճյուղերով: Տերևները հակադիր են, մանր, երկարավուն-օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն: Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն: Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է: Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված: Պտուղները պարունակում են 25-80 % ձեթ, սպիտակուցներ, թթուներ, վիտամիններ B, C, կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն: Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյած) և բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է օծանելիքի արտադրության և տեքստիլ արդ., բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ: Ձ. ապրում է 400 (1000) տարի: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով: Ջերմասեր է: ՀՀ-ում կարելի է մշակել չոր մերձարևադարձային կլիմա ունեցող մարզերում (Տավուշ, Սյունիք):

ՁՄԵՐՈՒԿ (Citrullus), դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի են վայրի 1՝ Ձ. վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ: ՀՀ-ում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ Ձ. ս ե- ղանի (C. vulgaris): Միամյա է: Ցողունը մագլցող է, երկար.՝ 3-4,5 (և ավելի) մ: Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատպտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր:

ՀՀ-ում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը:

Վայրի Ձ. ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում (Արաքս գետի ողողատում): Աճում է ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՁՆԾԱՂԻԿ (Galanthus), ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ձ. ալպիական (G. alpinus), Ձ. անդրկովկասյան (G. transcaucasicus), Ձ. Արտյուշենկոյի (Տ. artjuschenkoae): Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գ.), աճում է ստորին լեռն. գոտում, կաղնուբոխու անտառներում (1100 մ բարձր-ներում): Անդրկովկասյան բնաշխարհիկներ են:

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև: Ծաղիկները մեկական Են, խոնարհված: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը տուփիկ է: Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր ԵՆ. պարունակում են ալկալոիդներ:

Ալպիական Ձ. տարածված է ստորին լեռն, գոտու կաղնու-բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան Ձ.՝ ստորին և միջին լեռն. գոտիների կաղնու-բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում: Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Գեղազարդիչ է: