Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է: Ծաղիկները մեկական են, մանր, երկսեռ, ցողունների ծայրերին: Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Պտուղն ընկուզիկ է:

ՃԱՀՃԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Բուսական ծածկույթի վերընթաց գոտիականություն հոդվածում:

ՃԱՅԿՏՈՒՑ, տես Արագլախոտ։

ՃԱՆՃԱՍՊԱՆ (Amanita), գլխարկավոր սնկերի ճանճասպանայինների ընտանիքի ցեղ: Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 11 տեսակ: Առավել տարածված են դժգույն գարշասունկը (A. phalloides) և կարմիր ճանճասպանը (A. muscaria):

Դժգույն գարշասնկի գլխարկը (տրամագիծը՝ 5-10 սմ) ձիթապտղագույն է, կանաչավուն, մեջտեղում ավելի մուգ գունավորված, կիսագնդաձև, մետաքսանման, հարթ եզրերով: Պտղամիսը, թիթեղները և ոտիկը սպիտակ են: Հասուն և չորացած պտղամարմիններն ունեն տհաճ հոտ: Ոտիկը (երկար.՝ 6-12 սմ, հաստ.՝ 1,5-2 սմ) ունի սպիտակ թաղանթանման օղակ, հիմքի մոտ ուռուցիկ և ազատ է՝ պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով: Արտաքինից նման է սովորական շամպինյոնին, կանաչ դառնամատիտեղին և շարքասունկ կանաչուկին, տարբերվում է սպիտակ թիթեղներով և պատյանի առկայությամբ:

Մահացու թունավոր սունկ է. թունավորման ախտանշաններն ի հայտ են գալիս օգտագործելուց 6-12, երբեմն՝ նույնիսկ 30 ժ անց, երբ այլևս գործնականորեն հնարավոր չէ օգնել:

Կարմիր ճանճասպանը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, և գլխարկի վրա պահպանված ընդհանուր ծածկոցի մնացորդներով, որոնք լինում են սպիտակ գորտնուկների կամ լաթերի ձևով: Թունավոր է, առաջացնում է զգայախաբություններ:

ՃԱՊԿԻ (Cornus), հոնազգիների ընտանիքի տերևաթափ ցածրաճ ծառերի կամ թփերի ցեղ: Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ճ. հարավային (C. australis) և Ճ. վրացական (C. iberica): Տարածված է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն․ գոտիների անտառներում, մացառուտներում, անտառեզրերին, կիրճերում, գետափերին և այլն: Ցողունի բարձր. 1,5-4 (6) մ է: Երիտասարդ ճյուղերը կանաչավուն են, հետագայում՝ կարմրավուն: Տերևները հակադիր են, լայն, նեղ, երկարավուն կամ նշտարաէլիպաձև: Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղիկները՝ սպիտակ, մանր: Ծաղկում է մայիս-հունիսին: Պտուղը գնդաձև, հյութալի, կապտավուն կամ սև կորիզապտուղ է: Պտուղները և սերմերը պարունակում են 19-45% չչորացող յուղ, տերևները՝ 160-200, իսկ պտուղները՝ մինչև 100 մգ % վիտամին C: Արագաճ է: Բազմանում է սերմերով, արմատամացառներով և կտրոններով: Գեղագարդիչ է: Օգտագործվում է կանաչ շին. մեջ (կարելի է օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում):

ՃԱՎՇԻՐ (Opopanax), ջոշիր, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ճ. պարսկական (Օ. persicus): Հազվադեպ հանդիպում է Արագածոտնի և Կոտայքի (Ծաղկաձորի և Ֆանտան գ-ի մերձակայքում) մարզերում: Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին:

Ցողունի բարձր․ մինչև 150 սմ է: Ստորին մասի տերևները կրկնակի փետրաբաժան են, երկարակոթուն, վերինները՝ ավելի փոքր: Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ դեղին, պտուղը՝ ձվաձև կամ էլիպսաձև: Դեղաբույս է. պարունակում է մշկաբույր խեժ:

ՃԱՐՏԱՐՈՒԿ (Draba), կաղամբագգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 400 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ Ճ. Արարատի (D. araratica), Ճ. պատիճավոր (D. sillquosa), Ճ. անտառային (D. nemorosa) և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն., ենթալպյան, ալպյան գոտիներում: Աճում է ժայռերին, խճոտ և քարքարոտ վայրերում, թփուտներում, վարելահողերում և այլն:

Ցողունը խավոտ է, պարզ կամ ճյուղավորվող, բարձր.՝ 4-50 սմ. Տերևներն ամբողջական են, արմատամերձները՝ վարդակում, ցողունայինները նստադիր են կամ բացակայում են: Ծաղկաբույլը նոսր ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն: Ծաղկում է ապրիլ հունիսին: Պտուղը պատիճակ է:

Ճ. մամռակերպը (D. bryoides) հանդիպում է Սևանի ավագանի արլ. մասում (Գեղամասար գ-ի շրջակայքում), աճում է ժայռերի վրա և քարքարոտ տեղերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՃՌՃՌՈՒԿ (Cerastium), եղջերաբույս, կորունկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 18(19) տեսակ՝ Ճ. եռասռնակ (C. cerastoides), Ճ. անտառային (C. nemorale), Ճ. եղանաձև (C. dichotomum), Ճ. աղբային (C. ruderale), Ճ. ծիրանի (C. purpurascens) և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է խոնավ, քարքարոտ և ավազոտ վայրերում, անտառներում, անտառեզրերին, վարելահողերում, այգիներում: Հիմնականում մոլախոտ է:

Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձր.՝ 5-100 սմ։ Տերևները կանաչավուն են կամ գորշականաչավուն, հակադիր ձվաձև, նշտարաձև, երկարավուն-ձվաձև: Ծաղկաբույլը կիսահովանոց