Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ:

Ցեղի ներկայացուցիչներին բնորոշ է սարդոստայնանման մասնակի ծածկոցի առկայությունը, որը ոտիկը միացնում է գլխարկի հետ: Գլխարկն ունի տարբեր գունավորում՝ սպիտակից մինչև գորշ, կարող է լինել չոր, լորձնային, մետաքսանման, հարթ կամ թույլ թեփուկավոր: Ընդհանուր ծածկոցը զարգացման վաղ փուլերում պատում է պտղամարմինը, հետագայում պատռվում (որոշ տեսակների ոտիկի վրա պահպանվում է օղակաձև գոլերի ձևով): Պտղամարմինը մսալի է, թիթեղներն սկզբում սպիտակ են, ապա՝ մուգ: Ոտիկը թելանման է, թաղիքանման կամ աղվամազով պատված, հաճախ՝ գավազանաձև, հիմքի մոտ լայնացած:

Որոշ տեսակներ ուտելի են, կան նաև մահացու թունավոր տեսակներ:

ՍԱՐԻ ՉԱՄԻՉ (Ephedra), էֆեդրա, լեռնաչամիչ, սարիչամիչազգիների (էֆեդրազգիներ) ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Ս. չ. սովորական (E. distachya) և Ս. չ. բարձր (E. procera): Առաջինը հանդիպում է միայն Սյունիքի մարզի (Մեղրու շրջան) ստորին լեռն․ գոտու ավազոտ, խճոտ և քարքարոտ վայրերում, երկրորդը՝ Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն․ գոտիների չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին:

Խիտ ճյուղավորվող թուփ է, բարձր.՝ 20-100 սմ: Ճյուղերն անփայլ են, դեղնականաչավուն, հատվածավոր, կեղևը՝ մոխրագույն: Երիտասարդ ընձյուղները կանաչ են, իրականացնում են ֆոտոսինթեզը: Տերևները մանր են, հակադիր, թեփուկանման: Երկտուն է. արական հասկիկները միայնակ են կամ հավաքված գնդաձև փնջերում, իգականները՝ երկարավուն, ձվաձև՝ հավաքված 3-4-ական խմբերով: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), վիտամին C, աղաղանյութեր: Բժշկության մեջ էֆեդրինն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց և շնչարգելության, տիֆի, էկզեմայի, թոքաբորբի, գրիպի ժամանակ:

Ցրտա- և չորադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ (աճում է նաև աղակալած հողերում):

ՍԵԶ (Elytrigia-Agropyron), չայիր, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 150 տեսակ: ՀՀ-ում առավել տարածված են Ս. սողացողը (E. repens), Ս. սանրանմանը (E. cristatum), Ս. մազակիրը (E. trichophora), Ս. միջինը (E. intermedia), Ս. երկարավունը (E. elongatum): Տարածված է բոլոր մարզերում: Աճում է ամենուրեք, ցանքերի մոլախոտ է:

Արմատային համակարգը հզոր է: Ցողունը կանգուն է, մերկ, բարձր.՝ 30-130 սմ: Տերևները գծաձև են, հարթ: Ծաղկաբույլը հասկ է՝ 4-7 ծաղկային հասկիկներով: Ծաղկում է հունիսին: Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է: Ս-ի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգ. թթուներ, եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, ֆրուկտոզ, սապոնին ևն: Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանք., ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց և այլն: Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր ևն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, իսկ բոված արմատները փոխարինում են սուրճին:

Ս. ձմեռադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ:

ՍԵԽ (Melo), դդմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Ս. սովորական (M. sativus), Ս. մանրապտուղ կամ Շամամ (M. dudaim), Ս. մոլախոտային (M. agrestis): Աճում է հիմնականում Արարատյան դաշտում: Մշակության մեջ առավել տարածված է մշակովի Ս.:

Ցողունը կողավոր է, գետնատարած, փռված, ճյուղավորվող, երկար.՝ 2-2,5 մ: Տերևները պարզ են, խոշոր, երիկամաձև, տերևանութներում կան բեղիկներ: Ծաղիկները բաժանասեռ են (հանդիպում են նաև երկսեռ): Արական ծաղիկները փնջերով են՝ տերևանութներում, իգականները՝ մեկական: Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է՝ տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև, տափակ և այլն) և մեծության (200 գ- 16 կգ): Պտղի մակերևույթը հարթ է, կողավոր, ցանցապատ, կնճռոտ և այլն, կեղևը՝ սպիտակ, դեղին, կանաչ, դարչնագույն, նարնջագույն և այլն: Պտղամիսը սպիտակ է, կանաչավուն, կարմրավարդագույն,