Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով: Պոչային լողակը մկրատաձև է, որի ստորին բլթակը մի փոքր երկար է վերինից: Մեջքը և գլխի վերին մասը կեղտոտ դեղնականաչավուն են՝ մետաղ., երկնագույն կամ կանաչավուն նրբերանգներով: Կողքերն արծաթափայլ են, փորիկը՝ արծաթասպիտակ: Կողքերի վերին մասով ձգվում են թույլ արտահայտված կապարագույն, իսկ դրա տակ՝ բարակ կանաչաոսկեգույն շերտեր: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն: Աչքի ծիածանաթաղանթը ղեղնաարծաթավուն է: Բնակվում է վտառներով: Սեռահասուն է դառնում 1 տարեկանում: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Արուներն էգերից փոքր են ու ցածրամարմին՝ ավելի երկար լողակներով:

Բազմանում է գարնանը: Բեղունությունը հասնում է մինչև 2 հզ. ձկնկիթի:

Կենդանակեր է: Սնվում է տարբեր մանր անողնաշարավորներով՝ միջատներով, նրանց թրթուրներով, ջրալվերով և Արդ. նշանակություն չունի:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՓԱՍԻԱՆ (Phasianus colchicus), փասիանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 53-89 սմ է, թևերի բացվածքը՝ 70-90 սմ, կենդանի զանգվածը՝ 720-1200 գ: Խոշոր է, պոչը՝ երկար ու սուր, դեղնականաչավուն, զոլավոր: Հասուն արուի ընդհանուր գունավորումը ոսկեգույննարնջագույն է, փետուրների ծայրերը՝ սև: Գլուխը մուգ կանաչ է՝ մետաղ. փայլով, այտի վրա կա չփետրավորված կարմիր հատված: Գոտկատեղը դարչնավուն է, թևերի ծածկող փետուրները՝ բաց դարչնագույն: Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է՝ կարմրավուն սև խայտերով, գլուխը և վիզը՝ բաց կապտամանուշակագույն երանգով: Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն պոչն ավելի կարճ է:

Վտանգի պահին թաքստոց է գնում վազելով, թռիչքի դիմելիս թևերը բարձր շփշփոցներ են արձակում: Արուի ճիչը բաղկացած է 2-3 բարձր կոպիտ հնչյուններից, որոնց հաճախ հետևում են թևերի արագ թափահարումները: Բնակվում է դաշտեզրերի եղեգի, ուռենու և մոշենու խիտ մացառներում: ՀՀ-ում չնչին թվաքանակով (1-7 թռչուն) գրանցված է Սյունիքի մարզում (Կապանի, Եղվարդի, Շվանիձորի ծայրամասերում):

Բույնը ոչ խորը գավաթաձև փոսիկ է, ցամքարը՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է գետնին՝ խիտ թաքստոցում: Դնում է 45 մմտրամագծով, կանաչարչնագույն 8-15 ձու: Թխսակալում է էգը՝ 21-23 օր: Ձագերը աներեր թռչելու ունակություն են ձեռք բերում կյանքի 50-57-րդ օրը: ՀՀ-ում Ա. փ-ի արհեստ, բազմացման և բնության մեջ վերավարժեցման աշխատանքներն անհաջողության են մատնվել՝ թաքստոցների բացակայության և գիշատիչների առկայության պատճառով: Հաջողությամբ հարմարվում և բազմանում է անազատ պայմաններում: Շքեղ փետրավորումը գայթակղում է սիրող, և մարզ, որսորդությամբ զբաղվողներին:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԱՆՁՐԵՎԱՈՐԴ (Lumbricas terrestris), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ: Հայտնի է մոտ 1500 տեսակ:

Մարմինը (երկար.՝ 30-150 սմ) կազմված է 80-300 օղակից (մետամերներ): Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր: Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է: Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին: Ապրում է խոնավ հողերում: Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո (այստեղից էլ անվանումը): Սնվում է բուս, մնացորդներով, գոմաղբով և այլն: Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է: Արյունատար համակարգը փակ է: Ա. իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը: Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է:

ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ (Invertebrata), թիկնալար կամ ողնաշար չունեցող կենդանիներ: Ա. են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը: Հայտնի է Ա-ի մոտ 1.260 հզ. տեսակ. Նախակենդանիներ՝ 25-30 հզ., սպունգներ՝ 5 հզ., աղեխորշավորներ՝ 9 հզ., տարբեր որդեր՝ 46 հզ., փափկամորթներ՝ 128 հզ., հոդվածոտանիներ՝ 1.066 հզ. (1 մլն միջատներ), մամռակենդանիներ՝ 2,7 հզ. և այլն: Բնության մեջ տարածված Ա-ի թիվը հավանաբար շատ ավելի մեծ է, քանի որ ամեն տարի նկարագրվում են Ա-ի բազմաթիվ նոր տեսակներ: ՀՀ-ում տարածված են նախակենդանիներ (15 հզ.), որդեր (մոտ 580 տեսակ), հոդվածոտանիներ (9 հզ., որից 8 հզ.՝ միջատներ), փափկամարմիններ (155 տեսակ):

Ա. տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն: Շատերը բույսերի և կենդանիների մակաբույծներ Են: Ա-ի բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրբ. շերտերի հասակը որոշելիս, որը նպաստում է օգտակար հանածոների (նավթ, կավիճ, քարածուխ) հայտնաբերմանը: Կարևոր են բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտում: Բացառիկ մեծ է Ա-ի նշանակությունը մարդու համար: Նրանց կենսագործունեության արգասիքները (մոմ, մետաքսաթել, ներկանյութեր) ունեն տեխտնտ. նշանակություն, օգտագործվում են որպես սնունդ, միաժամանակ կեր են թռչունների, ձկների ու