անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն: Որոշ հետազոտողների կողմից դասվում է Ommateremias ենթացեղին կամ ցեղին:
Արմ. Անդրկովկասի բնաշխարհիկ ենթատեսակ է: ՀՀ-ում տարածված է Գեղարքունիքի մարզում: Բնակվում է լեռնատափաստանային բուսականությամբ ծածկված ավազուտային ու քարքարոտ վայրերում:
Մարմնի երկար. 2,5-9,6 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության: Գլուխը բարձր է՝ ծածկված խոշոր վահանիկներով, դիմային հատվածը՝ նեղ: Որովայնային մակերեսը ծածկված է մանր վահանիկների բազմաթիվ երկայնակի շարքերով:
Մեջքը գորշամոխրագույն է՝ սև եզրագծով և բաց գույնի կենտր. հատվածներով խոշոր խալերով, որոնք կազմում են 6-8 երկայնակի զոլեր: Խալերը, միմյանց ձուլվելով, առաջացնում են լայնակի զոլերից բաղկացած խայտաբղետ նախշ: Բաց գույնի կլորավուն խալեր կան նաև վերջույթների վրա: Որովայնային մակերեսը սպիտակավուն է կամ բաց դեղնավուն:
Սնվում է մանր հոդվածոտանիներով: Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբ: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին: Ձվադրում է 1-2 անգամ՝ մայիսի վերջից հուլիս, դնում 4-6 ձու (13-14x8 մմ) Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի սկիզբ:
Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակի աճը:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ/ԼԵՌՆԱՅԻՆ ԿՈՒՐԱՄԿՆԻԿ (Ellobius lutescens), համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի: Տարածված է ՀՀ կենտր., հվ-արլ. մասերում (700-2500 մ բարձրություններում):
Մարմնի երկար. մինչև 128 մմ է, պոչինը՝ 18 մմ, կենդանի զանգվածը՝ միջինը 56 գ: Մարմինը մոխրագույն է, գլուխը՝ դեղնավուն: Ամենաբարձր խտությունը դիտվում է աշնանացանի և չօգտագործվող դաշտերում (6-31 անհատ/հա): Ապրում է գետնափոր, երկու և ավելի մակարդակով, բարդ կառուցվածք ունեցող բնում, որը գետնի վրա հայտնաբերվում է բնից արտանետված հողակույտերի առկայությամբ: Սնվում է բույսերի արմատներով, սերմերով: Ձմեռման համար բների կերային խցերում պահեստավորում է մինչև 5,6 կգ պաշար: Բազմանում է տարին 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում է 3-6 ձագ: Այս տեսակի մոտ հայտնաբերվել է սեռի ձևավորման տարօրինակ ձև. և՛ էգի, և՛ արուի սեռ. քրոմոսոմները X0 են, որը բերում է 50% սաղմնային մահացության: Վարակակրությունը համաճարակաբան. լուրջ նշանակություն չունի, քանի որ վարում է խիստ ստորգետնյա կյանք: Մեծ վնաս է հասցնում հացաբույսերին:
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱԳԼՑՈՂ ՍԱՀՆՕՁ (Elaphe hohenackeri), Հոհենակերի մագլցող սահնօձ, անդրկովկասյան սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ: Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Elaphe կամ Zamenis ցեղերին:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախալեռներում ու լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է չոր կիսաանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային, գետամերձ անտառային բուսականությամբ և ժայռոտ ու քարքարոտ վայրերի տնկարկներում:
Մարմինը բարեկազմ է, երկար.՝ 24-85 սմ, պոչը՝ 4-5 անգամ կարճ: Էգերը խոշոր են արուներից: Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր, փայլուն վահանիկներով: Աչքերը խոշոր են՝ դեղնավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ կլոր: Գլխի վրա (աչքերից դեպի ներքև և դեպի հետ) ձգվում են մուգ զոլեր: Մարմնի առջևի մասի թեփուկները հարթ են ու փայլուն, հետևի մասինը՝ թեթևակի կատարավոր: Մեջքը մոխրագույն է կամ գորշավուն, մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչը, անցնում են մուգ շեկից սև խալերի 2 բավական նեղ շարքեր, որոնք տարանջատված են բարակ սպիտակավուն գծով: Երբեմն 2 շարքի զույգ խալերը, ձուլվելով միմյանց, ձևավորում են լայնակի խալեր: Գլուխը վերևից ծածկված է մանր սև կետիկներով, ծոծրակային հատվածում առկա են իրար հետ V-աձև ձուլված զույգ մուգ երկարավուն զոլեր: Մուգ խալերի մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով: Որովայնային մակերեսը մոխրագույն է կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների միաձուլման հաշվին: Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի առջևի վահանիկները:
Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, կրծողներ, թռչուններ և նրանց ձվերը): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբ: Զուգավորումը՝ ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի սկիզբ էգը դնում է 3-7 խոշոր ձու (47-52 x 10-16 մմ): Ձագերը ծնվում են հուլիսի վերջից:
Օգտակար է. կրծողների թվաքանակի կարգավորող է:
Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով: Կծածը մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր չէ:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՊԻՏԱԿԱՁՈՒԿ (Alburnus charusini hohenackeri), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Մեծամոր գետերում և նրանց ջրերով սնվող արհեստ. լճակներում ու ջրանցքներում:
Մարմինը կողքերից սեղմված է, երկար.՝ 5-7 (երբեմն՝ մինչև 15) սմ, զանգվածը՝ 15 գ և ավելի: Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 38-45 հատ: Մեջքային լողակում կա 10-12 ճառագայթ, հետնալողակում՝ 14-17: Կլանային ատամները երկշարք են, ձգված, թեթևակի կեռված: Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից: Բերանը վերին դիրք ունի: Փորային լողակների և հետնալողակի միջև կա