Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրձնիկներ կրող գորտնուկներով: Հարսնյակավորման ժամանակ բոժոժ են հյուսում (այստեղից՝ անվանումը): Հաստ հարսնյակը գտնվում է ամուր մետաքսե կամ մագաղաթանման բոժոժում (հաճախ՝ մի քանի տարի)՝ մինչև թիթեռի դուրս գալը: Լուրջ վնաս են հասցնում անտառատնտեսությանը և պտղաբուծությանը (խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, բալենուն և այլն), հատկապես՝ օղակավոր, իշակաթնուկի, լեռնային օղակավոր և կաթնատերեվ Բ-ի (մոտ 10) տեսակները: Ընտանիքի ներկայացուցիչների մեջ կան նաև օգտակար տեսակներ՝ թթենու մետաքսագործը (տես Շերամ), կաղնու մետաքսագործը:

ԲՈՋԱԿ (Salmo ischchan danilewskii), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ: Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկը: Տարածված է միայն Սևանա լճում՝ Փոքր Սևանում և Մեծ Սևանի արմ. ափերի մոտ: Մարմնի կառուցվածքային առանձնահատկություններով հիշեցնում է ձմեռային իշխանին, որից հիմնականում տարբերվում է գլխի երկարության 1/5-1/4 մասը կազմող խոշոր աչքերով:

Միջին չափի ձուկ է: Մարմնի երկար.՝ 20-25 (երբեմն՝ մինչև 32) սմ է, զանգվածը՝ 350 գ: Սևանի իշխանի մյուս ենթատեսակներից տարբերվում է դանդաղ աճով և մարմնի փոքր չափերով: ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև: Վերին ծնոտը երկար է ստորինից կամ՝ նրան հավասար: Ատամներն ավելի թույլ են զարգացած, քան իշխանի մյուս բոլոր ենթատեսակներինը: Բազմացման շրջանում հաճախ հանդիպում են լրիվ անատամ առանձնյակներ: Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-118 հատ, առավել հաճախ՝ 111-113: Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 10-12: Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 15-20 կարճ ու թելանման առէջներ: Ստերջ Բ-ի մարմնի գուnավորումը հիշեցնում է ձմեռային իշխանին, իսկ լողակներն ավելի մուգ են: Փոքր առանձնյակների կողքերի վրա երբեմն հայտնվում են նարնջագույն կամ բաց կարմիր պտեր: Բազմացման շրջանում մարմնի գունավո8 ԲՎԵՃ 373 րումը գրեթե չի փոխվում: Նստակյաց է, ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ կերային ու բազմացման միգրացիաներ չի կատարում ինչպես լճում, այնպես էլ նրա մեջ թափվող գետերում: Բազմանում է հոկտեմբեր մարտին՝ լճի խճապատ կամ խոշոր ավազով պատված հատակին' 1-20 մ խորներում: Բեղունությունը հասնում է մինչև 900 ձկնկիթի:

Սնվում է ջրային իշուկներով, տզրուկներով, ստորակարգ խեցգետնակերպներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն՝ նաև սեփական ձկնկիթով:

Մինչև XX դ. 70-ական թթ. Սևանա լճում ունեցել է արդ. նշանակություն և որսված ձկների մեջ թվաքանակով զբաղեցրել է առաջին տեղը: Ներկայումս համարվում է բնաջնջված ենթատեսակ (գերորսի և ձվադրավայրի կորստի հետևանքով):

ԲՈՌԵՐ երկթևանիների կարգի միջատներ: ՀՀ-ում տարածված է Բ-ի 3 ընտանիք՝ տավարի ենթամաշկային, ոչխարների քթախոռոչային, ձիերի ստամոքսաղիքային: Կաթնասուն կենդանիների և մարդու մակաբույծներ են:

Տավարի ենթամաշկային Բ-ի (Hypoderma bovis, Hypoderma lineatum) էգերը ձվադրում են տիրոջ որովայնի ստորին պատի և ցատկիչ հոդի հատվածի մազերի վրա: Ձվից դուրս եկած թրթուրը ծակում է մաշկը և թափանցում ենթամաշկային հյուսվածք, ազդրի միջմկանային հյուսվածքով արյան անոթների ուղղությամբ դուրս է գալիս մեջքի և կրծքի հատվածի ենթամաշկային հյուսվածք, առաջացնում այտուցներ (հիպոդերմատոզ), որոնցում 1 ամիս մնալուց հետո ծակում է մաշկը՝ մթն. օդ շնչելու համար, ապա ընկնում հողի մեջ, հարսնյակավորվում և վերածվում սեռահասուն ձևի: Հասունների թռիչքը՝ ապրիլից սեպտեմբեր: Ձվից մինչև հասուն բոռ դառնալը տևում է մոտ 1 տարի: Զուգավորվելուց հետո էգն արտազատում է ձվեր՝ վարակելով նոր գլխաքանակ (տարեկան 1 գեներացիա):

Հիպոդերմատոզի մյուս հարուցչի (Hypoderma lineatum) թրթուրները տավարի որովայնի ստորին պատի ենթամաշկային հյուսվածքով շարժվում են դեպի պարանոցի հատվածը, մուտք գործում կերակրափողի ենթալորձային շերտը, 5-6 ամսից դուրս գալիս մեջքի և գոտկատեղի հատվածը: Հետագա զարգացումը նույնն է, ինչ որ տավարի ենթամաշկայինը դեպքում:

Քանի որ հիպոդերմատոզը լուրջ վնաս է պատճառում տավարաբուծությանը (փչացնում է կաշին, իջեցնում մթերատվությունը), ուստի անհրաժեշտ է ձեռնարկել բուժման և կանխարգելման միջոցառումներ՝ օգտագործելով տարբեր միջատասպաններ (քլորոֆոս, հիպոդերմին քլորոֆոս և այլն): Ձիերի ստամոքսաղիքային Բ-ի (Gastrophilus intestinalis) էգերը ձվադրում են տիրոջ գլխի վրա, որտեղից թրթուրներն անցնում են կենդանու մարսող. ուղիներ: Հասունների թռիչքը՝ հունիսից սեպտեմբեր: Ոչխարների քթախոռոչային Բ-ի (Oestrus ovis) էգերը կենդանածին են: Թրթուրները զարգանում են ոչխարների ճակատի և քթի խոռոչներում: Հասունները թռիչքը՝ մայիսից հոկտեմբեր:

ԲՎԵՃ (Bubo bubo), բվերի ընտանիքը գիշատիչ թռչուն: Նստակյաց է. քիչ տարածված:

Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է: Մարմնի Երկար. 60-75սմ է, թևերի բացվածքը՝ 160-188 սմ, կենդանի զանգվածը՝ 2.1- 3,2 կգ՚. էգերը խոշոր են արուներից: Փետրածածկը միատարր է, խիտ. փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ: Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր: Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված: Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը: Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ: Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի