ՄՌԱՎԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռն․ համակարգում՝ Սևանի լեռնաշղթայի արլ. շարունակությունը: Երկար․ մոտ 70 կմ է, առավելագույն բարձր.՝ 3724 մ (Արիության լեռ): Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով: Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ:
ՄՈՒՍԱ ԼԵՌ, Միջերկր. ծովի Անթաքիա ծոցի և Որոնտես գետի ստորին հոսանքի միջև. Ամանոսի լեռնաշղթայի հվ. միջերկրածովահայաց զանգվածն է: Բարձր. 1355 մ է: Կազմված է մեզոզոյի կրաքարերից, ավազաքարերից: Գագաթնային մասը եռանկյունաձև է: Կլիման մերձարևադարձային-միջերկրածովային է, տարեկան տեղումները՝ 900-950 մմ: Անտառապատ է:
Մ. լ. հայտնի է 1915-ի հերոսամարտով, որը հայ ժողովրդի ազգ-ազատագր. շարժման փայլուն դրվագներից է և իր գեղարվեստ․ արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում:
Լեռան ստորոտին (Խդրբեկ գ-ում) էր «Նահապետ սոսին», որը, ըստ պատմ. աղբյուրների, մ.թ.ա. 85-ին տնկել էր Տիգրան Մեծը:
ՄՈՒՐԱԴՍԱՐ, լեռնագագաթ Թեքսարի լեռնաշղթայում՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ ք-ից հս-արմ.: Բարձր. 3214 մ է: Կազմված է հրաբխանստվածք. ու ներժայթուք ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ՆԱԶԵԼԻ, լեռնագագաթ Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ Աժդահակ լեռնագագաթից հվ-արլ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բարձր. 3312 մ է: Գագաթին կա ոչ մեծ խառնարան՝ ճեղքված էրոզային ձորակով: Կազմված է հրաբխ. ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Հայկ. լեռնաշխարհում՝ Արարատյան գոգավորության հվ-արլ. շարունակությունը՝ եզրավորված Վայքի, Զանգեզուրի, Վասպուրականի լեռնաշղթաներով, Մակուի դաշտով: Բարձր․ մինչև 800 մ է: Գրաբեն-գոգածալքային իջվածք է՝ ծածկված լճագետաբերուկային նստվածքներով: Բնորոշ է էրոզային տեղատարումային, մասնատված «մերկ» ռելիեֆը, լավ արտահայտված են Արաքսի դարավանդները՝ մասնատված Արաքսի Արփա, Նախիջևան, Ալինջա վտակների հովիտներով: Լանդշաֆտը կիսաանապատային է, տափաստանային: Գոգավորության սահմաններում Արաքս գետի վրա կառուցվել է «Արաքս» ջրահանգույցի ջրամբարը:
ՆԱՀԱՊԵՏ, լեռնագագաթ Զանգեզուրի լեռնաշղթայում՝ Գեղիի վերին հոսանքի ավազանում՝ ՀՀ Սյունիքի մարզի ու Նախիջևանի սահմանագլխին: Բարձր. 3510 մ է: Կազմված է պալեոգեն-նեոգենի հրաբխ. ու հրաբխանստվածք. ապարներից: Կատարային մասը լերկ ու ժայռոտ է: Պահպանվել են սառցադաշտային ռելիեֆի ձևեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ՆԵՄՐՈՒԹ, Նեմրուդ, Սարակն, հրաբուխ Հայկ. լեռնաշխարհում՝ Վանա լճի արմ. ափին: Բարձր. 3050 մ է, հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Կազմված է անթրոպոգենի անդեզիտաբազալտներից: Հվ-արլ. լանջերը զառիթափ են, արմ-ը զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ: 2400 մ բարձր․ վրա Ն-ի խառնարանի կիսաշրջանաձև լիճն է (մակերեսը՝ 9 կմ2): Ն-ի վերջին ժայթքումը եղել է 1441-42-ին:
ՆԵՐՔԻՆ ՏԱՎՐՈՍ, լեռն․ համակարգ Հայկ. լեռնաշխարհում. Կենտր. Տավրոսի Ուզունյայլա սարահարթից փնջաձև տարածվում է արլ.: Ջրբաժան է Արաքս, Արմ. Եփրատ, Գայլ (Կելկիտ), Ճորոխ գետերի միջև: Մակերևույթը մասնատված է խոր, կարճ գետահովիտներով: Ն. Տ-ի կենտր. մասը Մնձուր, Մերջան, Այծպտկունք, Հայկական Պար լեռնաշղթաներով ձգվում է մինչև Մասիս լեռնազանգվածը, հս-արլ. լեռնաճյուղը՝ Սիվրի, Մեծրաց, Կարմիր Փորակ լեռնաշղթաներով՝ մինչև Կուրի ակունքները, հվ-արլ-ը Խամուր, Կազբել և այլ լեռնաշղթաներով հասնում է Սիփան լեռնազանգված: Կազմված է յուրայի ու կավճի ծալքավորված կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից, առանձին տեղերում ծածկված է պլիոցենիանթրոպոգենի անդեզիտային ու բազալտային լավաներով: Հվ. և հս. լեռնաճյուղերի միջև խորքային բեկվածքների հետևանքով հս-ում առաջացել են Երզնկայի, Դերջանի, Աշկալայի, Էրզրումի, Բասենի, հվ-ում՝ Բայազետի, Դիադինի, Ալաշկերտի, Խնուսի գոգավորությունները: Ջրբաժան գոտուն բնորոշ են սրածայր ատամնավոր գագաթները, հնագույն սեղանաձև մնացորդային մակերևույթները (3000-3100 մ) և լավածածկույթի վրա տեղադրված Այծպտկունք, Էրլի հրաբուխները: Կան շինանյութերի, երկաթի, նավթի, ծծմբի, բազմամետաղային հանքավայրեր, կերակրի աղ, հանք, ջրերի աղբյուրներ:
Կլիման չոր մերձարևադարձային է, ամառը՝ շոգ, չոր, ձմեռը՝ ցուրտ, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5°C, հուլիսինը՝ 26-27°C, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային:
ՆԻԳԱՍԱՐ, լեռնագագաթ Արագածի հս-արլ. լանջին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: Բարձր. 3424 մ է: Կազմված էնեոգենի հրաբխ. ապարներից: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Երևանից հվ-արլ.: Զբաղեցնում է Արարատյան դաշտի կենտր. մասը: Բարձր. 800-1300 մ է: Կազմված է