Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմակերներ՝ սնվում են բազմաթիվ ընտանիքների պատկանող բույսերով (օրինակ՝ մորեխները, ճռիկները, սևամարմինները, որոշ թիթեռներ և այլն): Հացահատիկային բույսերին վնասում են դաշտամկները, ավազամկները, մոխրագույն համստերիկը, սև և մոխրագույն առնետները, եվրոպ. գետնասկյուռը, լվիճները, տրիպսները, հացահատիկի գնայուկ բզեզը, բվիկը, կրիայիկը և այլն:

Պտղատու ծառատեսակներին և խաղողենուն մեծ վնաս են հասցնում խնձորենու և տանձենու տերևոլոր լվիճները, սովորական տերևալվիկները, տզերը, պտուղների սերմնակերները, ոսկե, մայիսյան և անդրկովկասյան բզեզները, բալենու ճանճը, սալորենու հաստոտիկը, դեղձենու ոսկեբզեզը, խաղողի ողկուզակերը, պտղակերը, ծաղկակերը, տերևոլոր բզեզը և այլն: Ընդավորներին վնասում են պալարակեր երկարակնճիթ բզեզը, ոլոռի սերմնակերը և լվիճը, լոբու սերմնակերը, ոստայնատիզը, երկարակնճիթ բզեզը և այլն:

Տեխ. մշակաբույսերից կարտոֆիլին վնասում են կոլորադյան բզեզը, կարտոֆիլի ցեցը, ցողունային նեմատոդը, լարաթրթուրները և այլն, ճակնդեղին՝ սովորական երկարակնճիթը, ճակնդեղի մլուկը, ճանճը, նեմատոդը, լվիճը և այլն, ծխախոտին-ծխախոտի տրիպսը, լվիճը, աշնանային և այլ բվիկներ, սովորական իշախառանչը (արջուկ) և այլն, ցանովի խոտաբույսերին՝ առվույտի ֆիտոնոմուսը, սերմնակերը, մլուկը, կորնգանի ծերատողը, բանջարաբոստանային բույսերին՝ իշախառանչը, կրծող բվիկները, կաղամբի լվիճը, ցեցը, ճերմակաթիթեռը, սոխի ճանճը, ցողունային նեմատոդը, լոլիկի ժանգատիզը, սեխի ճանճը և այլն:

Պայքարի միջոցները․ ագրոտեխնիկական (վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ստեղծում, ճիշտ ցանքաշրջանառություն, խնամքի ժամկետների ճիշտ ընտրություն), կենսաբանական (վնասատուների դեմ իրենց իսկ մակաբույծների և գիշատիչների օգտագործում, մանրէակենսբ. պատրաստուկների կիրառում), ֆիզիկամեխանիկական (թակարդների, որսացանցերի կիրառում, ձվերի և թրթուրների ձմեռային բների ոչնչացում և այլն), քիմիական (միջատասպանների, ֆումիգանտների, տզասպանների օգտագործում և այլն), կենսաֆիզիկական և կենսաքիմիական (ջերմության, լույսի, ռադիոակտիվ, գամմա ճառագայթների և քիմ. պատրաստուկների կիրառում և այլն):

ԳՅՈՒՐԶԱ (Macrovipera lebetina obtusa), դագաղային իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի խոշոր իժերի (Macrovipera) ցեղի օձ: ՀՀ-ում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում: Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն՝ նաև այգիներում:

Մարմինը հաստ է, երկար.՝ 22-180 սմ, պոչը՝ 8-10 անգամ կարճ: Արուները խոշոր են էգերից: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով: Մարմնի թեփուկները նույնպես կատարավոր են, անփայլ: Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց: Աչքից դեպի հետ և դեպի ներքև ձգվում են մուգ զոլեր: Գլխի վերևի մակերեսն առանց նախշի է կամ մի քանի մանր սև կետիկներով: Պարանոցից դեպի պոչի առջևի մասը ձգվում է մուգ գորշ, շեկ, մուգ մոխրագույն կամ գրեթե շագանակագույն լայնակի ձգված խոշոր (սալերից բաղկացած շղթայաձև նախշ: Մուգ խալերի մեկական կամ զույգ շարքեր են ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով: Որովայնային մակերեսը սպիտակավուն է, դեղնավուն կամ վարդագույն՝ բազմաթիվ մուգ կետիկներով ու բծերով: Ներքևի ծնոտի վահանիկները սպիտակ են:

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, սարդակերպներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, մանր կրիաներ, թռչուններ, մանր ու միջին չափի կրծողներ):

Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի վերջից հունիսի վերջը: Հունիսի 2-րդ կեսից օգոստոսի սկիզբը էգը դնում է 8-25 ձու: Ձվերը երկարավուն են (17-24 X 30-44,5 մմ) Ձագերը ծնվում են սեպտեմբերին:

Օգտակար է. կարգավորում է վնասատու կրծողների թվաքանակը: Թույնը կիրառվում է դեղագործության մեջ:

Հաճախ խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակներով: Որպես կրճատվող տեսակ՝ առաջարկված է գրանցել ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար:

ԳՆԱՅՈՒԿ ԲԶԵԶՆԵՐ գնայուկներ (Carabidae), բզեզների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է մոտ 450 տեսակ՝ տարածված անտառներում, դաշտերում, ճահիճներում, ջրերի ափերին, հազվադեպ՝ քարանձավներում:

Մարմնի երկար․ մինչև 8 սմ է: Գլուխն ազատ շարժվող է, առաջ ցցված, բեղիկները՝ թելանման՝ 11-հատվածանի: Ոտքերը երկար են, վազող տիպի, թաթերը՝ 5-հատվածանի: Ծածկոցները հաճախ սև են կամ մետաղ․ փայլով, վերնաթևերը՝ սովորաբար լավ արտահայտված ամբողջական ակոսներով: Թրթուրները շարժուն են, հաճախ 6 հոդից կազմված երկար ոտքերով, ծածկոցները՝ սպիտակ կամ գունավորված (թուխ, սևակապույտ), փորի ծայրը՝ հիմնականում երկար խոզաններ կրող 2 երկար հոդավոր ցերկաներով: Գրեթե բոլոր