Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափոններով, ձվերով և մանր ողնաշարավորներով (առնետ, դաշտամուկ, կզաքիս, արտույտ, կաքավ և այլն), ակտիվ որսի միջոցով:

Գարնանային վերադարձը՝ ապրիլին: Բները հիմնականում ժայռափոր են կամ ժայռաքիվերին՝ գետնից 2,5-50 մ բարձր: Սարքում է ճյուղերից, խոտաբույսերից, լաթերից, բրդից: Ձվերը բներում հայտնվում են մայիսին, կորստի դեպքում կրկնակի ձվադրումը՝ հունիսի կեսերին: Դնում է 64 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 1-3 ձու: Թխսակալում է 30 օր: Ձագերը հայտնվում են հունիսի սկզբին, մշտապես գտնվում են էգի և արուի հսկողության տակ: Հասունները օդային խաղերի և թռիչքների են դիմում սև ագռավների հետ, որոնց հետապնդում են կերը խլելու նպատակով: Ձագերը կերակրվում են ծնողի փսխման զանգվածով կամ կտուցից: Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին: Արժեքավոր է որպես բնական սանիտար։

ԳԻՇԱՏԻՉ ԹՌՉՈՒՆՆԵՐ, բազեանմանների կարգի (Falconiformes) թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 37 տեսակ՝ հիմնականում տարածված կիսաանապատներից մինչև ալպիական գոտիները:

Բնորոշ է ուժեղ, սուր, կտրող եզրերով, կարթաձև կտուցը: Վերնակտուցի հիմքում մաշկը մերկ է: Թևերը երկար են, մագիլները՝ սուր և թրանման կեռված: Կրծքի և ոտքերի մկանները լավ են զարգացած: Սովորաբար էգերն արուներից խոշոր են: Փետրավորումը կոշտ է, դարչնագույն, մոխրագույն, սպիտակ կամ սև: Տեսողությունը և լսողությունը խիստ զարգացած են: Բնադրում են առանձին զույգերով: Բազմանում են տարեկան 1 անգամ: Խոշոր տեսակները (անգղներ) դնում են 1-2, մանրերը՝ 6-7 ձու: Թխսում են էգը և արուն՝ 28-ից (բազեներ) 60 (անգղներ) օր: Բնադրում են ծառերի, ժայռերի, գետնի վրա: Կան չվող և նստակյաց տեսակներ:

Հիմնականում ցերեկային կյանք են վարում: Սնվում են մկնակերպ կրծողներով, այլ թռչուններով, սողուններով, լեշերով: Որոշ տեսակներ (ճուռակներ, բազեներ) վնասատու կրծողների դեմ կենսբ. պայքարի լավագույն միջոց են, մյուսները (անգղներ, խոշոր արծիվներ)՝ բնական սանիտարներ: Մարդու տնտ. գործունեության հետևանքով Գ.թ-ի քանակը խիստ նվազել է: Անհետացման վտանգի տակ են գառնանգղը, սպիտակապոչ արծիվը ևն։ Գ.թ. են նաև բվերը, որոնք գիշերային կյանք են վարում:

20 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԳԻՇԱՏԻՉՆԵՐ (Carnivora), կաթնասունների կարգ: Ընդգրկում է 7 ընտանիք՝ ավելի քան 100 սեռով և 283 տեսակով, ՀՀ-ում՝ 9 սեռ, 15 տեսակ: Մյուս կաթնասուններից տարբերվում են իրենց արտաքին տեսքով, մարմնի չափերով, կենսբ. առանձնահատկություններով, կյանքի պայմաններին հարմարվելու ունակություններով և այլն: Տարբեր մեծություն (13 սմ - 3 մ) և զանգված (100 գ - 700 կգ ունեցող կենդանիներ են:

Հիմնականում ցամաքային կյանք են վարում, մսակեր են, երբեմն՝ ամենակեր կամ բուսակեր: Ժանիքները զարգացած են, «գիշատիչ ատամները»՝ խոշոր, տեղադրված են միմյանց դիմաց և նպաստում են միսը հոշոտելուն: Վերջավորությունները լավ են զարգացած, ունեն 4-5 մատներ, ուժեղ ճանկեր, որոնք երբեմն ներքաշվող են: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված, բացառությամբ որոշ տեսակների, որոնց արուներն էգերից խոշոր են: Միայնակ կյանք են վարում, մոնոգամ են: Գործունյա են գիշերը և մթնշաղին: Առանձին տեսակներ (աղվես, ջրասամույր, հովազ) ունեն արժեքավոր մորթի, որոշ տեսակներ ոչնչացնում են վնասատու կրծողներին: Գայլերը վնաս են հասցնում անասնապահությանը:

Գորշ արջը, ջրասամույրը, հովազը և անտառային կատուն գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԾԻԾԵՌՆԱԿ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն։ Բնադրող է, չվող, տարածված:

Մարմնի երկար. 17-19 սմ է, թևերի բացվածքը՝ 32-34,5 սմ, կենդանի զանգվածը՝ 17-20 գ։ Մարմինը սլացիկ է, վերին մասի փետրածածկը և կրծքի շերտը կապույտ-սև են՝ փայլուն երանգով, ներքևինը՝ փոփոխական՝ սպիտակավունից բաց շիկակարմրավուն, ճակատն ու կոկորդը՝ շիկակարմիր: Պոչը երկար է՝ խոր մկրատաձև կտրվածքով, ներքնապոչը՝ բաց գույնի: Էգերի և երիտասարդների պոչն ավելի կարճ է և ավելի փոքր մկրատաձև կտրվածքով: Սնվում է միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում: Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումներով: Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածայինը՝ ապրիլ-մայիսի սկզբին: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի 1-ին տասնօրյակից մինչև մայիսի վերջը: Բնադրում է մարդու հարևանությամբ՝ գյուղերում, քաղաքներում՝ քանդված ու բնակելի շենքերի, տարբեր շինությունների ներսի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին ու կամուրջների տակ: Բույնը գավաթաձև է՝ ցեխից ծեփած, ցամքարը՝ փետուրներից ու մազարմատներից: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի ընթացքում: Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 4-5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 9,5 %-ը): Թխսակալում է էգը՝ 14-15 օր (օդի ջերմաստիճանի նվազման դեպքում՝ 16-18 օր): Ձագերին կերակրում են արուն և էգը. օրվա ընթացքում կեր են բերում 600 անգամ: 21-22 օրական ձագերը դուրս են գալիս բնից և սահուն թռչում:

Աշնանային չուն՝ օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ:

Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ վնասակար միջատներ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ մշակաբույսերը վնասող կամ ոչնչացնող կենդանիներ: ՀՀ-ում տարածված է 600-700 տեսակ, նեմատոդներ, կողինջներ (փափկամարմիններ), միջատներ (ամենից շատ), տզեր, մկնանման կրծողներ և այլն։ Կան միակերներ (ոլոռի, լոբու ընդակեր բզեզները), սակավակերներ՝ սնվում են 1 ընտանիքի պատկանող բույսերով (օրինակ՝ շվեդ․ ու հեսենյան ճանճերը), և առավել վնասակար