Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է-ի մարմինը կազմված է գլխիկից, որը կրում է ծծիչներ ու կարթերի պսակ, և 3-4 հատվածից: Սեռահասուն ձևի երկար, մինչև 6 մմ է. մակաբուծվում է շների և վայրի մսակերների բարակ ագիներում: Երիզորդի համար մարդը և գրեթե բոլոր կաթնասուն կենդանիները միջնորդ տերեր են, որոնց օրգանիզմում զարգանում են է-ի թրթուրային ձևերը՝ գոյացնելով բշտեր, որոնց ներքին շերտը սաղմնային հյուսվածք է և առաջացնում է սկոլեքսներ ու դուստր բշտեր: Է-ի բշտերի չափը հազիվ տեսանելիից կարող է հասնել մինչև նորածին Երեխայի գլխի մեծության: Բշտերը հաճախ զարգանում են կենդանիների լյարդում և թոքերում: Կենդանիները է-ով վարակվում են՝ շների կողմից արտաքին միջավայր արտազատած սաղմերը (օնկոսֆերներ) ներս ընդունելով:

Մարդը վարակվում է չլվացած կանաչեղենի, մրգերի, բանջարեղենի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կարող է վարակվել նաև շների հետ խաղալիս, շոյելիս (հատկապես՝ երեխաները): Կլինիկ, ախտանշաններով էխինոկոկոզի ախտորոշումը դժվար է: Երբեմն օգտագործում են իմունակենսբ. եղանակը: Չնայած է-ի միջնորդ տերերը շատ են, սակայն համաճարակաբան. տեսանկյունից կարևոր են ոչխարներն ու տավարը: Է-ի բշտերը ինվազիոն են դառնում 6 ամսում: Ոչխարի կամ տավարի մորթից հետո է-ի բշտային ձևով վարակված լյարդը և թոքերը սովորաբար տրվում են շներին. հատկապես այժմ, երբ իրականացվում է հիմնականում բակային մորթ, որով և պայմաններ են ստեղծվում շների և գյուղատնտ. կենդանիների զանգվածային վարակման համար: Վերջին հինգ տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ տավարի և ոչխարի է-ով վարակվածությունը բարձր տոկոս է կազմում: Քիչ չեն նաև մարդկանց վարակվածության դեպքերը:

Էխինոկոկոզի դեղանյութային բուժումը դեռևս մշակված չէ: Մարդկանց բուժումն իրականացվում է վիրաբուժ. միջամտությամբ:

Բազմախցիկ էխինոկոկոզ ՀՀ-ում չի հայտնաբերվել: Միախցիկ էխինոկոկոզի դեմ պայքարի հիմն․ միջոցը շների ճիճվաթափությունն է, որն իրականացվում է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ: Բնակչության շրջանում (հատկապես՝ դպրոցներում) պետք է տանել բացատրական աշխատանքներ:

էՅՄԵՐԻԱՆԵՐ (Eimeria), կոկցիդիաներ, սպորավորների դասի էյմերիդե ընտանիքի միաբջիջ նախակենդանիներ: Մակաբուծվում են ոչխարների, տավարի, ճագարների և թռչունների օրգանիզմում (հիմնականում՝ ազիների լորձաթաղանթներում)՝ պատճառելով զգալի տնտ. վնասներ: ՀՀ-ում լայնորեն տարածված են հատկապես ճագարների և հավերի էյմերիոզները:

Կենդանիները վարակվում Են՝ կերի կամ ջրի միջոցով է-ի ինվազիոն ձվերը ներս ընդունելով, որոնք անցնում են զարգացման 3 հաջորդական փուլեր. առաջին երկուսը (շիզոգոնիա, գամետոգոնիա) տեղի են ունենում տիրոջ օրգանիզմում, իսկ 3-րդը (սպորոգոնիա)՝ արտաքին միջավայրում: Գամետոգոնիայի հետևանքով գոյացած օոցիստները, տիրոջ արտաթորանքի հետ ընկնելով արտաքին միջավայր, համապատասխան պայմանների առկայության դեպքում դառնում են ինվազիոն (գոյանում է սպոր՝ սպորոզոիտներով): Ինվազիոն օոցիստներն ընկնելով կենդանիների օրգանիզմ՝ շարունակում են հետագա զարգացումն ագիների էպիթելային բջիջներում, և, այդպես շարունակ:

Ճագարների և հավերի էյմերիոզներն ընթանում են զանգվածային անկումներով, միաժամանակ նկատվում է աճի դանդաղում, կենդանի զանգվածի և ստացված մթերքի որակի նվազում:

Էյմերիոզի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են ամպրոլում, կոկցիդին, կոկցիդիովիտ, սուլֆանիլամիդներ, տետրացիկլին և այլն:

Էյմերիոզի կանխարգելման համար վճռական նշանակություն ունի նաև տնտեսության պատշաճ սանիտար. վիճակի պահպանումը:

ԸՆԴԱԿԵՐՆԵՐ (Bruchidae), բզեզների ընտանիք:

Ունեն բնորոշ արտաքին տեսք: Գլուխը փոքր է, ուղղաձիգ, որոշ չափով առաջ ձգված, հաճախ աչքերը բեղիկների հիմքի շուրջը ուժեղ կտրված են, այտերը երկար են, քունքերը՝ մեծ՝ անկյունավոր դուրս ցցված, գլուխը հետևից նեղանալով՝ վիզ է կազմում: Բեղիկները հաստ են, հաճախ՝ երկար, համրիչաձև կամ բզաձև: Առաջնամեջքը կիսակլոր է կամ սեղանաձև, սովորաբար՝ լայնական: Վերնաթևերը կարճ են ու տափակ: Մարմինը հաճախ ծածկված է խիտ մազիկներով, որոնք կարող են խայտաբղետ նախշ առաջացնել: Հետևի ազդրերն ուռած են, ստորին եզրի երկարությամբ՝ հաճախ ատամիկներով և փորոքով: Սրունքները ծուռ են, հետևի թաթերի առաջին հոդը երկար է: Չափահաս թրթուրը հաստ է, սպիտակ, C-աձև թեթևակի ծռված: Առաջին հասակի թրթուրի ոտքերը կարճ են, չափահասները սովորաբար անոտ են: Սերունդը միամյա է. ձմեռում է թրթուրը կամ բզեզը: Ը-ի բոլոր տեսակները զարգանում են երկշաքիլ բույսերի հատիկներում, ՀՀ բոլոր վնասատու տեսակները՝ թիթեռնածաղկավորների պատիճներում: Ը., որպես լրացուցիչ սնունդ, ուտում են ծաղկափոշի, նաև պսակաթերթեր կամ տերևներ:

ԸՆՏԱՆԻ ՈՉԽԱՐԻ ԽԱՌՆԱԾԻՆ ՆՈՐ ՊՈՊՈՒԼԱՑԻԱ, Հայաստանում առաջին անգամ 1980-ի վերջերին հայկական մուֆլոնի և ընտանի կորրիդել տիպի ոչխարի խաչասերումից ստացվել են խառնածին ոչխարներ (հեղինակ՝ Ա. Անտոնյան): Ներկայումս առկա է 60 գլուխ, որոնք պահպանվում են ՀՀ ԳԱՍ Կենդանաբանության և ՌԳԱ Մակաբուծաբանության ինստ-ների համատեղ գիտափորձար. կենտրոնում (Երևան): Խառնածինները մուֆլոնից (հայրական ձև) ժառանգել են ակտիվ վարքը, գլխի դիրքը, ոտքերի բարձր դրվածքը, սլացիկ իրանը, բնակլիմ. պայմաններին հարմարվածության կայուն ճկունությունը: Խոյերի իրանի Երկար. 85-100 սմէ, մաքիներինը՝ 75- 90 սմ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 80-95 սմե. 70-85 սմ: Խոյերի կենդանի զանգվածը 70-100 կգ է, մւսքիներինը՝ 50-55 կգ: Միջին բրդատվությունը 2-2,5 կգ է, կաթնատվությունը՝ 40-60 կգ Կաթը հարուստ է ճարպով, սպիտակուցով և կաթնաշաքարով: Օրական միջին քաշաճով (մինչև 1 տարեկան) խառնածինների