Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դոնդողանման, հատիկավոր շերտից՝ էնդոպլազմայից: Ի-ի շարժման օրգանները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի հետ թիավարումով էլ Ի. լողում են: Ունեն 2 տիպի կորիզ՝ պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս: Սեռ. պրոցեսը կոնյուգացիայի ձևով է. միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները: Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ: Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին: Մեծ մասը սնվում է մանր սնկերով, ջրիմուռներով, բակտերիաներով, որոշները գիշատիչ են: Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորության անցքից: Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկ․ ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ: Ապրում են քաղցրահամ ջրերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմի մեջ: Լինում են նաև խոնավ հողերում, մամուռների մեջ: Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ, օրինակ՝ Baiantidium coli-ն առաջացնում է խոզերի և մարդու աղիքային բալանտիդիազ հիվանդությունը: Հողաթափիկի որոշ տեսակներ օգտագործում են ԳՀԼ-ներում:

ԻՇԱԽԱՌԱՆՉ (Gryllotalpa gryllotalpa), սովորական արջուկ, ուղղաթևերի կարգի խլրդածղրիդների ընտանիքի միջատ: ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք:

Խոշոր է, երկար.՝ 35-60 մմ։ Ունի լավ զարգացած վերնաթևեր ու թևեր: Առջևի զույգ ոտքերը փորող են, ատամնավոր, խիստ խեցևորված, հետևինները հարմարված են թռչելուն: Բերանային համակարգը հզոր է և ուղղված առաջ: Բեղիկները բավականին կարճ են: Ձվատարը բացակայում է: Արուն և էգը արտաքինից չեն տարբերվում միմյանցից: Մարմինը գորշագույն է, ստորին մասը՝ դեղնագորշ, մետաքսափայլ: Փորելով 10-20 սմ խոր. փոս՝ էգը ձվադրում է մինչև 350 ձու: 10-12 օր անց ձվերից դուրս են գալիս սարդանման թրթուրներ, որոնք ձմեռում են:

Ապրում է օրգ. նյութերով հարուստ խոնավ հողերում: Սնվում է բույսերի սերմերով, ստորգետնյա մասերով, ինչպես նաև միջատներով և անձրևաորդով: Վնասում է անտառային և պտղատու ծառերը, դաշտային և բանջարաբոստանային բույսերը, հատկապես՝ ջերմոցներում:

ԻՇԽԱՆ (Salmo ischchan), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում բնակվում է միայն Սևանա լճում: Ունի 4 ենթատեսակ՝ ձմեռային իշխան, ամառային իշխան, գեղարքունի, բոջակ, որոնք մի շարք հատկանիշներով տարբերվում են սաղմոնաձկների մյուս տեսակներից:

Ստերջ վիճակում նրանց բոլորի մարմինը պատվում է բազմաթիվ սև, կլորավուն պտերով, բացակայում են վառ կարմիր բծերը, իսկ ծնոտները համեմատաբար կարճ են: Միաժամանակ, յուրաքանչյուր ենթատեսակ առանձնանում է իր ձևաբան․ և էկոլոգ. առանձնահատկություններով՝ բնակվելով կամ բազմանալով լճի կամ նրա մեջ թափվող գետերի այս կամ այն տեղամասերում:

Ի-ին անվանում են նաև բախտակ, որը բազմացման շրջանում գտնվող Ի-ների ընդհանուր անվանումն է: Այդ ընթացքում Ի-ի (հատկապես արուների) մարմնի կառուցվածքը և գունավորումը էական փոփոխություններ են կրում, մաշկը հաստանում, պատվում է լորձի հաստ շերտով, ծնոտները երկարում են, գույնը մգանում է, պտերը կարող են անհետանալ և այլն:

Անհետացող տեսակ է, որի պաշարները սպառվել են գերորսի և Սևանա լճի էկոլոգ. վիճակի վատթարացման հետևանքով:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ԻՍԿԱԿԱՆ ՄՈՂԵՍՆԵՐ (Lacertidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք: Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 31 ցեղի 279 տեսակ: ՀՀ-ում տարածված են (տարբեր գիտնականների կողմից տարբեր կերպ ընդունվող) այդ ընտանիքի 4-5 ցեղերի 15-16 տեսակ՝ նրբագեղ օձաչք մողես, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, անդրկովկասյան անապատային մողեսիկ, Շտրաուխի անապատային մողեսիկ, Դալի ժայռային մողես, հայկական ժայռային մողես, Ռադդեի ժայռային մողես (ներառյալ Նաիրյանը), Ռոստոմբեկովի ժայռային մողես, Պորչինսկու ժայռային մողես, միասեռ ժայռային մողես, Վալենտինի ժայռային մողես, մարգագետնային մողես, զոլավոր մողես, միջին մողես, ճարպիկ մողես և փոքրասիական մողես։

Ի. մ. բնորոշվում են լավ զարգացած վերջույթներով, երկարավուն մարմնով և ինքնահատվող պոչով: Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր, համաչափ վահանիկներով: Մարմնի մեջքային մակերեսը ծածկված է մանր ոսպանման թեփուկներով, իսկ որովայնայինը՝ հարթ ու համեմատաբար խոշոր վահանիկներով: Կոպերը կարող են լինել բաժանված ու շարժուն կամ միաձուլված: Ունեն արտաքին ականջային անցք: Ընտանիքում կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ:

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՃՆՃՂՈՒԿ (Passer hispaniolensis), ճնճղուկների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 15 սմ է, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 27-28 գ: Բնադրման շրջանում արուի գլխի վերին մասը և ծոծրակը շիկակարմրադարչնագույն են, այտերը՝ սպիտակ: Կրծքի փողկապանման շերտը սև է: Մարմնի կողքերը և մեջքը սև շերտերով են: ՀԵտբնադրման շրջանում արուն շատ ավելի բաց գույնի է և ավելի խամրած: Էգերը և երիտասարդ թռչունները մոխրավուն, բաց դարչնագույն-դեղին են, հոնքերը՝ ավելի բաց գույնի: Մեջքին և թևաշերտերին կան սպիտակավուն գծեր, մարմնի կողքերին՝ թույլ մոխրավուն շերտեր: