Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատվում օգոստոսի առաջին օրերին: Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու: Տարիների ընթացքում թվաքանակի կտրուկ անկումներ ու վերելքներ են նկատվում:

ԼԵՌՆԱՅԻՆ ԴՐԱԽՏԱՊԱՆ (Emberiza cia), դրախտապանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 16 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 22-25 գ: Հասուն արուի մարմինը դարչնագույն-նարնջագույն է, վերևից՝ սև խայտերով: Գլուխը և վիգը բաց մոխրագույն են, դիմային մասի և գագաթի շերտերը՝ սև, հոնքը՝ սպիտակ: Էգն ավելի խամրած է, գլուխը և կուրծքը՝ մանր սև խայտերով: Երիտասարդը խամրած դարչնագույն է՝ մանր խիտ խայտերով, դիմային մասը՝ նեղ սևավուն շերտով: Հաճախ կերակրվում է ճամփեզրերին, նստում է քարերին կամ թփուտներին: Բնակվում է չոր լեռնալանջերին, գիհու նոսրանտառներում, կիսաանապատներում: Սնվում է սերմերով, անողնաշարավորներով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի սկիզբ-հունիսի վերջին (կրկնակի բնադրման դեպքում): Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են ապրիլից հունիս, նաև հուլիսի 1-ին կեսին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է գետնին, հազվադեպ՝ թփուտներում: Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի առաջին կեսը: Դնում է 21 մմ տրամագծով, մոխրավուն-սպիտակ՝ դարչնագույն սև գծերով 5-6 ձու: Թխսակալում է էգը՝ 13-14 օր: Նորելուկ ձագերը Խոսրովի անտառ արգելոցում գրանցվել են մայիսի 1-ին կեսի վերջից, բնից հեռանում են 8-11 օրականում, ևս 10-15 օր ձեռք են բերում ինքնուրույն թռչելու ունակություն և ընտանեկան խմբեր են կազմում օգոստոս-սեպտեմբերին: Դաշտային պայմաններում հեշտ ճանաչելի է և առանձնապես աչքի չի ընկնում զգուշությամբ: ԼԵՌՆԱՅԻՆ ԽԱՂՏՏՆԻԿ (Motacilla cinerea), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 18-19 սմէ, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ: Մեջքը և թիկնոցը բաց մոխրագույն են, թևերը՝ սևավուն՝ կենտրոնում սպիտակ շերտով, գոտկատեղը և ներքնապոչը՝ դեղին, պոչը երկար է, սև՝ սպիտակ երիզներով: Բնադրման շրջանում հասուն արուի կրծկալը և սանձիկը սև են: Էգի կոկորդը սպիտակ է, մարմնի կողքերը և փորը՝ սպիտակավուն: Հետբևադրման շրջանում արուի և էգի կոկորդը սպիտակավուն են, սակայն արուի փորն ավելի վառ է և դեղին: Երիտասարդի դիմային մասի և թևի ծածկող փետուրները դարչնագույն են՝ երիզված դեղինով: Քայլում է առուների և գետերի երկայնքով, նստում առափնյա քարերին, վեր ու վար շարժում մարմնի հետնամասը և պոչը, թռչում գետնից ոչ բարձր: Բնակվում է քարքարոտ առվակների ու գետերի (հաճախ՝ ծառա¬ պատ) ափերին: Սնվում է անողնաշարավորներով:

Բնադրում է ապրիլ-մայիսին: Բույնը (տրամագիծը՝ 9-11 X 10-18 սմ) գավաթաձև է կամ փոսիկ, ցամքարը կոկիկ է՝ մազերից ու աղվամազից: Բնադրում է գետնին կամ թեք լանջերին ու ջրամերձ պատերին: Ձվադրում է ապրիլ-հունիսին. Դնում 19 մմ տրամագծով, մոխրավունից կապույտ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 10 %-ը): Թխսակալում են արուն և էգը: Հուլիսի 1-ին կեսից օգոստոսի սկիզբը հասուն անհատների հետ հանդիպում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչուններ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՁԻԱԹՌՉՆԱԿ (Anthus spinoletta), խաղտտնիկների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 16,5-17 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-28 սմ, կենդանի զանգվածը՝ 17-22 գ: Մարմնի փետրածածկը վերևից մոխրագույն է՝ դարչնագույն երանգով: Երկրորդային ծածկող փետուրների ծայրերը սպիտակավուն են, հոնքերը՝ սպիտակ, ոտքերը՝ մուգ: Բնադրման շրջանում կտուցը սև է, մարմինը ներքևից՝ սպիտակ, կոկորդը, կուրծքը և մարմնի կողքերը՝ վարդագույն: Հետբնադրման շրջանում փետրածածկն ավելի դարչնագույն է ու ավելի խայտավոր, կտուցի հիմքը՝ դեղին: Հաճախ թռիչքը զուգակցվում է երգով: Ամռանը բնակվում է ալպյան և ենթալպյան մարգագետիններում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում՝ ջրերին մոտ: Սնվում է անողնաշարավորներով, սերմերով:

Բնադրում է ապրիլի վերջից մայիսի վերջը: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 11,4-12,9 սմ) խոտերից: Բնադրում է գետնին: Ձվադրում է մայիսի 2-րդ կեսից հունիսի 1-ին կեսը: Դնում է 21 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ դարչնագույն, մոխրակապտամանուշակագույն պտերով 4-6 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 13 %-ը): Թխսակալում է մոտ 2 շաբաթ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՎՇԱՍԱՐԵԿ (Carduelis flavirostris), սերինոսների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22-24 սմ, կենդանի զանգվածը՝ 15-20 գ՝. Փետրածածկը մուգ խայտերով է, թևի ու պոչի հիմքի փետուրները՝ սպիտակ երիզով: Կտուցը կարճ է, կոնաձև, դեղնավուն: Թռչելիս նկատելի է թևատակի վառ սպիտակ հատվածը: Բնադրման շրջանում թևերն ու պոչը սևավուն են, մեջքին