ԼՎԵՐ (Siphonaptera), արյունածուծ միջատների կարգ: Հայտնի է մոտ 1800, ՀՀ-ում՝ 72 տեսակ:
Մանր, անթև միջատներ են: Մարմինը (երկար.՝ 1-5 մմ, «ամրակայված» էգերինը՝ մինչև 10 մմ) կողքերից խիստ սեղմված է՝ ծածկված խիտինային խոզանիկներով, որոնք հարմարված են բրդի ու փետուրների մեջ ազատ շարժվելուն: Ոտքերը, հատկապես հետինները, լավ են զարգացած, դրանց առանձնահատուկ մկանային կառուցվածքը բարձր ու հեռու ցատկելու հնարավորություն է տալիս: Աչքերը հասարակ են, երբեմն՝ ապաճած: Բերանային ապարատը կտրող-ծակող-ծծող է: Կյանքի ընթացքում էգն արտազատում է մինչև 500 ձու: Ձվադրում են հատակի ճեղքերում, հողում, անասնակացարաններում: Զարգացումը կատարվում է լրիվ կերպարանափոխությամբ. անցնում են 4 փուլ՝ ձու, թրթուր, հարսնյակ, հասուն միջատ (իմագո): Բոլոր Լ-ի հասունները տաքարյուն կենդանիների (այդ թվում՝ մարդու) օբլիգատ մակաբույծներ են. սնվում են նրանց արյունով (առանց սնվելու ի վիճակի են ապրել երկար ժամանակ): Լ-ի մեծամասնությունը (94%-ը) կաթնասունների արտաքին մակաբույծներ են, մյուս մասը՝ թռչունների: Տաքարյուն ցամաքային կենդանիների օգնությամբ ներթափանցելով նրանց բնակության զանազան կենսավայրեր՝ Լ. լայնորեն տարածվել են և հանդիպում են բոլոր կենդանաաշխարագր. մարզերում ու լանդշաֆտակլիմ. գոտիներում: Քանակային և տեսակային մեծամասնություն են կազմում կրծողների (դաշտամկներ, ավազամկներ, գետնասկյուռներ, առնետներ) Լ: Ունեն մեծ համաճարակաբան․ նշանակություն. հատուկ վտանգավոր վարակների (ժանտախտ, տուլարեմիա և այլն) հիմն., երկրորդական կամ պատահական փոխանցողներ են:
Պայքարի միջոցները․ ֆոսֆորօրգ. միացությունների ջրային լուծույթներ:
ԼՎԻՃՆԵՐ (Aphidodea), հավասարաթևերի կարգի միջատների ենթաընտանիք:
Մանր, նուրբ միջատներ են: Մարմնի երկար. 0,5-6 մմ է: Թևավոր Լ. ունեն 2 զույգ միակերպ թևեր՝ ջղերի նոսր ցանցով: Բերանային ապարատը ծակող-ծծող է: Մարմինը ծածկված է նուրբ աղվամազով կամ մոմաշերտով: Սնվում են ասեղնատերև և ծածկասերմ բույսերի հյութերով: Սովորաբար նստում են ծառերի վրա՝ մեծ գաղութներով: Շատ տեսակների ծակոցից առաջանում են բուս․ հյուսվածքներն այլանդակող տարաճումներ (գալեր), ոլորքներ, հաստացումներ, կնճռոտումներ, ծռումներ, ճնշվում է բույսերի աճը: Շատ Լ. արտազատում են քաղցր՝ մեղրացողի նման հյութ: Օժտված են խիստ ընտրողականությամբ տեր-բույսի տեսակի և բույսի որոշակի մասերի հանդեպ: Կան Լ., որոնց զարգացման բոլոր փուլերն ընթանում են միևնույն բույսի վրա (միատեր) կամ տարբեր բույսերի վրա (բազմատեր): Լ. ունեն բարդ կենսակերպ: Ձմեռում են բեղմնավորված ձվերը, գարնանը ձվերից դուրս են գալիս անթև էգերը, որոնք բազմանում են առանց բեղմնավորման (կուսածնությամբ)՝ սկիզբ տալով շարժուն Լ-ի:
Ամառվա ընթացքում Լ. տալիս են մի քանի սերունդ, և տեղի է ունենում սերունդների հերթափոխություն: Բազմանում են շատ արագ, ամառվա ընթացքում 1 անհատը կարող է աճել 1013 անգամ: Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Վնասակար Լ-ի տեսակային կազմը բավական մեծ է: Դրանցից է խաղողի ֆիլոքսերան (Viteus vitifolie), որի դեմ դեռևս պայքարի էժան և արդյունավետ եղանակ մշակված չէ: Այգեգործությանը մեծ վնաս է պատճառում արյունային վիճը (Eriosoma lanigerum), որի դեմ պայքարում են կենսբ. եղանակով: Խնձորենու կանաչ լվիճը (Aphlis pomi) ամառվա ընթացքում բազմանում է կուսածնությամբ, տալիս է 7-17 սերունդ: Դրա դեմ կարելի է պայքարել գարնանային ցողարկումների միջոցով՝ օգտագործելով կարբոլինեումի էմուլսիա, այդ լվիճի բնական թշնամին զատիկն է: Ճակնդեղի լվիճը (Aphis fabae) ամառվա ընթացքում տալիս է 10-12 սերունդ: Դաշտավլուկազգիների արմատային լվիճը մեծ վնաս է հասցնում ծխախոտի, ճակնդեղի, լոբու ցանքերին:
ԼՈՒՍԱՆ (Felis Lynx), կատվազզիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Բնակվում է անտառներում, անտառամերձ ժայռերում:
Մարմնի երկար. 82-107 սմ է, պոչինը՝ 18-31 սմ, կենդանի զանգվածը՝ 8-17 կգ։ Մեջքը հարդածխագույնից շիկակարմրավուն է: Մարմինը կարճ է, ոտքերը՝ երկար, թաթերը՝ լայն: Մատները միացած են թաղանթով: Ականջների ծայրերին ունի վեր ցցված վրձնաձև մազափունջ, գլխի 2 կողմերում՝ լավ արտահայտված այտամորուք:
Սնվում է նապաստակներով, թռչուններով, կրծողներով, աղվեսներով: Լավ զարգացած են լսողությունը, տեսողությունը և հոտառությունը: Կտղուցը փետրվար-մարտին է: Հղիությունը տևում է 67-74 օր: Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք առաջին 2 ամիսը սնվում են միայն կաթով, 3 ամսականից թողնում են որջը և գնում մոր հետևից: Սեռահասուն է դառնում 2 տարեկանում: Մազափոխությունը տեղի է ունենում գարնանը և աշնանը: Ակտիվ գործում է մթնշաղին և գիշերը: Ապրում է 25 տարի: Մորթին թանկարժեք է:
ԽԱԾԿՏԻԿՆԵՐ, սերինոսների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ անապատային խածկտիկ, մոնղոլական խածկտիկ, սովորական խածկտիկ։ Առաջին երկուսը ժայռաբնակներ են, վերջինը՝ գերազանցապես անտառաբնակ: Հատիկակեր են, մասնակի՝ միջատակեր:
ԽԱՂՏՏՆԻԿՆԵՐ (Motacillidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 9 տեսակ. դեղին խաղտտնիկ, դեղնագլուխ խաղտտնիկ, սպիտակ խաղտտնիկ, լեռնային խաղտտնիկ, դաշտային ձիաթռչնակ, անտառային ձիաթռչնակ, մարգագետնային ձիաթռչնակ, կարմրախածի ձիաթռչնակ, լեռնային ձիաթռչնակ:
Փոքրամարմին են (կենդանի զանգվածը՝ 20-30 գ)՝ գեղանի կեցվածքով: Գլուխը փոքր է, ոտքերն ու ճանկերը՝ երկար՝ հարմարված գետնին անկաշկանդ շարժվելուն: Փետրածածկը բազմագույն է:
ԽԱՅԹԱՃԱՆՃԵՐ, իսկական ճանճերի ընտանիքի կարճաբեղիկ երկթևանի