Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:
Հաճախ խնամվում է անազատ պայմաններում:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՏՎԱՕՁ (Telescopus fallax), իբերական կատվաօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի կատվաօձերի ցեղի օձ:
ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն նաև լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է կիսաանապաստային, թփուտային, չոր նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում:
Մարմնի երկար, տարիքի հետ փոխվում է (14-80 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է: Մարմինը բարեկազմ է: Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով: Աչքերը թեթևակի արտափկկված են՝ դեղնավուն կամ վարդագույն ծիածանաթաղանթով, բիբը օվալաձև է, ուղղահայաց: Մարմնի թեփուկները հարթ են ու փայլուն: Մեջքը մոխրագույն է, գորշավուն, երբեմն՝ վարդագույն՝ ծածկված թույլ արտահայտված մուգ գծերից կազմված շղթայանման նախշով: Բծերը շեկից մուգ շագանակագույն, մուգ մոխրագույն կամ սև են: Նույն գույնի ավելի մանր բծերի մեկական շարք կա մարմնի կողմնային մակերեսներին: Որովայնային մակերեսը բազմաթիվ սև կետերի շնորհիվ ստանում է սև գունավորում, միայն որովայնային վահանիկների Եզրային մասերն ու ստորին ծնոտի վահանիկներն են մնում սպիտակ: Սնվում է հիմնականում մողեսներով, երբեմն նաև թռչունների ձագերով ու մանր կրծողներով: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (27-35X10-13 մմ) 6-9 ձու: Ձագերը ծնվում են սեպտեմբերին: Խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Վերին ծնոտի հետևի մասում ունի 2 զույգ ակոսավոր թունամուղ ատամներ: Թույնն ունի նյարդարգելակիչ ազդեցություն: Մարդուն գրեթե չի կծում, իսկ կծածը մարդու և կենդանիների կյանքի համար վտանգավոր չէ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱՅՐԵՀԱՎ (Tetrao mlokosiewiczi), մայրեհավերի ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկար. 38-52 սմ է, թևերի բացվածքը՝ 58-62 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ: Արուի փետրածածկը սև է, փայլուն, աչքերի վերևում կա վառ կարմիր կատար, ուսերին՝ ոչ մեծ սպիտակ բիծ: Պոչը երկար է, երկատված՝ դեպի ներքև ու դուրս կեռված ծայրերով: Էգի մարմինը վերևից դեղնադարչնագույն է՝ մոխրագույն ու սև խճճված զոլերով, կուրծքը և փորը՝ մոխրագույն՝ սև, դեղնադարչնագույն զոլերով: Երիտասարդը նման է հասուն էգին: Կերակրվում է սաղարթավոր անտառների վերին սահմանի մարգագետիններում, արոսենու և կեչու պուրակներում, մրտավարդի մացառներում: Հաճախ ճանապարհների վրա փոշու լոգանք է ընդունում: Բնակվում է ՀՀ հս. մարգերի ենթալպյան մարգագետինների սահմանում (1500-2500 մ բարձրներում), ձմռանը՝ ավելի ցածրում: Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, կատվիկներով: ՀՀ-ում, համատարած ծառահատման հետևանքով, համակեցությունները խիստ վտանգված են: Բնադրատեղիները միմյանցից խիստ մեկուսացած լինելու պատճառով դրանց միջև գենետիկ, կապը դժվարանում է կամ ուղղակի անհնար դառնում:
Հարսանեկան խաղերի ընթացքում արուները տեղում հաճախակի վեր վեր են թռչկոտում: Ձմռանը խիստ սառնամանիքներից պաշտպանվելու և գիշերելու համար ծառից վայր են նետվում և խրվում ձյան մեջ: Բները ձվերով հայտնվում են մայիսի 2-րդ կես-հունիսի ընթացքում: Բույնը ոչ մեծ փոսիկ է, ցամքարը՝ խոտաբույսերից, փետուրներից: Բնադրում է գետ- նին՝ թփուտների տակ կամ խիտ բուս ուտներում: Դնում է 51 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 2-10 ձու: Օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին կազմում են ընտանիքներ (5-8 ձագ), այնուհետև միավորվում խմբերում (20-25 թռչուն):
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑԼԻԿԱՁՈՒԿ (Knipowitschia caucasica), ցլիկաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1999-ին՝ Մեծամոր գետում: Տարածված է Արարատյան դաշտի գետերում, ջրանցքներում, լճակներում: Վարում է մերձհատակային կենսաձև:
Մարմինն իլիկաձև է, երկար.՝ 2-3 (երբեմն՝ 4) սմ: Գլուխը խոշոր է (մարմնի բարձրությանը հավասար կամ ավելի մեծ), որի վրա կան լավ զարգացած սեյսմազգայարաններ: Բերանի կտրվածքը լայն է ու թեք: Ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից: Ծնոտները զինված են մանր ատամներով: Պոչային լողակը կորաեզր է՝ երկկողմ համաչափ: Թեփուկներն ատամնաեզր են՝ մարմնի վրա 29-34 երկայնական շարքով: Գլխից մինչև 2-րդ մեջքային լողակի հիմքը, խռիկային կափարիչների վրա, կրծքային