ՀՆԴԿԱԿԱՆ ՄԱՑԱՌԱԽՈՁ (Histryx indica), հնդկական վայրենակերպ, մացառախոզերի ընտանիքի կրծող կենդանի:
Ընտանիքի ամենախոշոր և. կարճապոչ տեսակն է: Առջևի վերջավորությունները 4-մատնանի են, հետևինները՝ 5-մատնանի: Մյուս ցեղերի համեմատ՝ մազածածկն ապաճած է, իսկ ասեղնածածկը՝ առավել զարգացած և տարբերակված: Սև կամ մուգ շագանակագույն մազածածկը պահպանվում է միայն դնչի, թաթերի և մարմնի ստորին մասերում: Մեջքը և մարմնի կողքերը, մասամբ՝ մարմնի վերին մասը ծածկված են երկար, առաձգական և կորացած ասեղներով: Մարմնի ասեղների երկար, մինչև 42 սմէ: Ասեղները սև-սպիտակ օղակաձև շերտավորում ունեն: Պոչը զինված է կարճ, հաստ ու շատ սուր, սպիտակ և սև-սպիտակ, երկար, սնամեջ ասեղներով, պոչի ծայրին կա կարճ ասեղներից կազմված վրձին: Հազվագյուտ կրծող է: ՀՀ-ում հայտնի է Վայքի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններում: Վերջին տասնամյակներում հայտնաբերված է Սևանի ավազանում՝ Արեգունու լանջերին: Բնակվում է թփուտներում, մացառուտներում. գերադասում է ժայռերի ու մացառուտների համատեղությամբ տարածքները: Գործունյա է միայն գիշերը: Բնակվում է իր փորած, մինչև 20 մ երկար., բարդ ստորգետնյա բներում, երբեմն՝ քարանձավներում և այլն: Սնվում է վայրի ու մշակաբույսերի պտուղներով, խոտաբույսերի վեր և ստորգետնյա մասերով, ձմռանը՝ ծառերի, թփերի մատղաշ ճյուղերով ու կեղևով: Բազմանում է տարին 1 անգամ (գարնանը, երբեմն՝ ամռան վերջին), ունենում 2-5 ձագ:
Տարածվածության աննշան խտության պատճառով տնտ. և համաճարակաբան. նշանակություն չունի:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀՈԴՎԱԾՈՏԱՆԻՆԵՐ (Artropoda), ամենալայն տարածված անողնաշարավոր կենդանիների տիպ: Հայտնի է շուրջ 1,5 մլն ջրային և ցամաքային մակաբույծ տեսակներ, ՀՀ-ում՝ 5830 տեսակ՝ տարածված բոլոր աշխարհագր. գոտիներում:
Մարմինը երկկողմանի համաչափ է՝ կազմված գլխից, կրծքից և փորից՝ պատված ամուր խիտինային կուտիկուլայով (պաշտպանիչ և կմախքային վահանիկ), որին միանում են Ներքին մկանները: Այդ պատճառով էլ Հ-ի աճը տեղի է ունենում մաշկափոխության ընթացքում, երբ պարբերաբար հին կուտիկուլան ընկնում է, իսկ նորը դեռևս կոշտացած չէ: Վերջավորությունները հատվածավոր են: Նյարդային համակարգը կազմված է 3 զույգ վերըմպանային հանգույցներից (գլխուղեղ) և որովայնային նյարդային շղթայից: Գլխուղեղը խիստ տարբերակված է, որը կապված է շարժման բարդությունների և զգայարանների բարձր զարգացածության հետ: Հ-ին շատ բնորոշ է բարդ կամ ֆասետային աչքերը: Աղեփողը բաղկացած է առաջային, միջին և հետին աղիներից: Շնչառ. օրգանները խռիկներն են, թոքային պարկերը կամ շնչափողը: Արյան շրջանառությունը բաց է: Որպես արտազատության օրգաններ ծառայում են ձևափոխված մետանեֆրիդները կամ մալպիգյան անոթները: Հ. տարասեռ են, բազմանում են սեռ. ճանապարհով, երբեմն լինում են նաև կուսածնությամբ (լվիճներ, թթենու շերամ, երկարակընճիթներ) բազմացման դեպքեր: Հետսաղմնային զարգացումը կատարվում է լրիվ (բզեզներ, թիթեռներ, մեղվազգիներ) կամ ոչ լրիվ (մորեխներ) կերպարանափոխությամբ: Կենսակերպը խիստ բազմազան է. խեցգետնակերպները և որոշ միջատներ ապրում են ջրերում, բազմոտանիները, սարդերը և այլն ցամաքային կյանք են վարում: Խաչափառն ապրում է քաղցրահամ ջրերում, պտղատուների գորշ և քոսի տզերը բույսերի և կենդանիների վնասատուներ են: Գյուղատնտեսության համար կարևոր նշանակություն ունեն հոդվածոտանիների 3 դասերը՝ սարդակերպները, խեցգետնակերպները և միջատները։ Շատ Հ. օգտակար սնունդ են (գետային խաչափառը), որոշ տեսակներ արտադրում են արժեքավոր մթերքներ՝ մեղր, մոմ, մետաքս և այլն: Մեծ թվով Հ. գյուղատնտեսության վնասատուներ են (կոլորադյան բզեզը, գամմա բվիկը, մորեխը), մարդու և կենդանիների մակաբույծներ (քոսի տիզը, փայտոջիլը, ոջիլը), հիվանդությունների փոխանցողներ (մալարիայի մոծակը, իքսոդային տզերը և այլն): Հ-ի 63 տեսակ (սևծովյան ճպուռը, տափաստանային սագան, լայնացած բրադիպորուսը, որդան կարմիրը, ալպիական երկարաբեղիկը և այլն) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
ՀՈՂԱԹԱՓԻԿ (Paramecium), ինֆուզորիաների դասի նախակենդանի:
Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկար.՝ 0,2-0,3 մմ: Ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր: Ամբողջ մարմի¬ նը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ Հ. շարժվում է: Մարսողությունը ներբջջային է. բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ: Բնորոշ է անսեռ բազմացումը, երբեմն՝ նաև կոնյուգացիան: Տարածված է առավելապես քաղցրահամ ջրերում: Հ-ի P. caudatum և P. aurelia տեսակներն օգտագործվում են ԳՀԼ-ներում:
ՀՈՊՈՊՆԵՐ (Upupidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 1 տեսակ՝ հոպոպը (Upupa epops), բնադրող-չվող է, տարածված:
Մարմնի երկար. 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 42-46 սմ, կենդանի զանգվածը՝ 70 գ: Կտուցը երկար է՝ ներքև կեռված, փուփուլը՝ մեծ, թևերը, պոչը՝ սև ու սպիտակ շերտերով, գլուխը, թիկնոցը՝ վարդագույն-նարնջագույն: Փուփուլի ծայրերը սև են: Երիտասարդն ավելի խամրած է: Գետնին քայլում է՝ փուփուլը հովհարանման բացած: Թռիչքը դանդաղ է՝ պոչն ու լայն թևերը հովհարանման բացած և խորը թափահարումներով: ՀՀ-ում լայնորեն տարածված է կիսաանապատներից մինչև լեռնատափաստաններ