Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնականում՝ բնակավայրերում: Սնվում է միջատներով, բզեզների թրթուրներով:

Բույնը գավաթաձև է: Բնադրում է ապրիլին՝ փչակներում, պատերի ճեղքերում, քարակույտերում, կավային զառիթափերի փորվածքներում և այլն: Ձվադրում է ապրիլ-մայիսին: Դնում է 26 մմ տրամագծով, ձիթապտղագույն-կանաչ 5-9 ձու: Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտ. խոշոր վնասատուների (հատկապես՝ իշախառանչին): Թխսակալում է էգը՝ 15-18 օր, կարճ ժամանակով՝ նաև արուն: Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը:

Բույնը և ձագերին թշնամիներից պաշտպանում է իր արտադրած հեղուկ արտաթորանքի գարշահոտությամբ: Գեղեցկատես այս թռչունը՝ գլխի գրավիչ սանրով, ճանաչված է և պաշտպանվում է շատերի կողմից:

ՀՈՎԱԶ (Panthera pardus), ընձառյուծ, ինձ, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հս. մարզերի անտառներում: Որջը կառուցում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստ ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկար.՝ 107-160 (երբեմն՝ 180) սմ, պոչինը՝ 75-110 սմ, կենդանի զանգվածը՝ 32-40 կգ: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով՝ վարդանախշաձև համատարած ցրված սև բծերով: Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն, սուր ճանկերով: Ականջները կարճ են ու կլոր: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնակերպ կրծողներով, նաև ձկներով ու լեշով: Որսի վրա հարձակվում է գաղտագողի կամ դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Կտղուցը հունվարին է: Հղիությունը տևում է 90-105 օր: Ունենում է 1-4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6-8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ: 1 կամ մեկուկես տարեկանում մայրը թողնում է ձագերին: Արուները սեռահասուն են դառնում 3, էգերը՝ 2 տարեկանում: Անազատ պայմաններում ապրում է 21 տարի:

Գրանցված է Բնության պահպանության միջազգ. միության և ՀՀ Կարմիր գրքերում:

ՁԿՆԵՐ (Pisces), ջրային սառնարյուն ողնաշարավոր կենդանիների վերնադաս:

Ձ-ի մարմինը հիմնականում իլիկաձև է, հաճախ՝ կողքերից սեղմված, վերնամաշկը՝ լորձնային (շնորհիվ լորձ արտադրող բազմաթիվ գեղձերի): Մարմինը պատված է թեփուկներով (փշեր, ոսկրային թիթեղներ): Արծաթափայլ են: Ունեն զույգ և կենտ լողակներ (մկանները թույլ են զարգացած): Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից: Զգայարանները լավ են զարգացած, աչքի ոսպնյակը գնդաձև է, որի հետևանքով տեսնում են նաև շատ մոտ գտնվող առարկաները: Շնչառությունը խռիկային է: Սիրտը կազմված է նախասրտից և փորոքից: Ձ. (որոշ բացառությամբ) բաժանասեռ են, լավ արտահայտված է սեռ. երկձևությունը: Ի տարբերություն մյուս ողնաշարավորների՝ բեղմնավորումը մեծ մասամբ արտաքին է:

ՀՀ ջրավազաններում հայտնաբերվել է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ:

Տեսակների մեծ մասը (36) գետերի բնակիչ է, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում, ջրանցքներում: Իսկ 3-ը (իշխան, սիգ, Սևանի բեղլու) հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող վտակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատներ ևն: Ձ-ի շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործ. նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկ. կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզ. որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

Հայկ. կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

ՁԿՆԿՈՒԼՆԵՐ (Phalacrocoracidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլ:

Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլլի լճի չորացումից հետո անհետացել են: Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում: Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով:

ՁՄԵՌԱՅԻՆ ԵՐԿՐԱՉԱՓ (Operopthera Brumata), երկրաչափների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում տարածված է ամենուրեք, հիմնականում՝ հս. անտառային շրջաններում:

Արուի թևերի բացվածքը՝ 25-27 մմ է: Առջևի զույգ թևերը դեղնամոխրագույն են՝ մուգ գույնի թույլ արտահայտված լայնական գծերով, հետին զույգը՝ ավելի բաց գույնի և առանց նկարի: Էգի թևերը շատ կարճ են, հետզարգացած, որոնց վրա նկատելի են 1 կամ 2 մուգ, լայնական գծեր: