Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատկանում լայնականջ ծալքաշոտթ չղջիկը:

Միակ ակտիվ թռչող կաթնասունն է: Առջևի վերջավորությունները ձևափոխվել են թևերի, մատները (բացառությամբ առաջինի) երկար են և հենարանի դեր են կատարում թռիչքաթաղանթի համար: Վարում են մթնշաղային և գիշերային կյանք: Օժտված են անդրաձայնի միջոցով տարածության մեջ կողմնորոշվելու ունակությամբ: Ձմռանը քուն են մտնում: Սերմնավորվում են աշնանը, բեղմնավորվում՝ գարնանը: Ունենում են 1-2 ձագ:

Օգտակար են. սնվում են միջատներով (մետաքսագործներ, արյունածծուկներ, բզեզներ և այլն):

ՉՔՉՔԱՆՆԵՐ, կեռնեխների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ մարգագետնային չքչքան և սևագլուխ չքչքան: Ճնճղուկից փոքր են, կենդանի զանգվածը՝ 15-16 գ: Փետրածածկը սև է, սպիտակ, գլուխը՝ շերտավոր կամ ամբողջությամբ սև, թևերին կա սպիտակ բիծ: Հաճախ նստում են թփուտների ծայրերին:

Հիմնականում միջատակեր են:

ՊԱԼԼԱՍԻ ՄԱԳԼՑՈՂ ՍԱԳՆՕՁ (Elaphe sauromates), քառաշերտ սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի Elaphe ցեղի օձ:

ՀՀ-ում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի լեռներում, Երևանի շրջակայքում: Տարածված է չոր տափաստանային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ կենսավայրերում, նաև այգիներում:

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (27-180 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից լավ է տարանջատված և ծածկված է խոշոր փայլուն վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ մուգ, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները թույլ կատարավոր են, փայլուն: Ունի շատ խայտաբղետ տեսք: Գլխի վրա՝ աչքերից դեպի հետ, ձգվում է մուգ զոլ: Դեղնավուն մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչի ծայրը, անցնում է լայնակի ձգված, մուգ շագանակագույն կամ գրեթե սև եզրերով շղթայանման նախշ, որի տարբեր հատվածներում խալերը կարող են միաձուլվելով ձևավորել զիգզագ կամ տարանջատվել: Մուգ խալերի մեկական երկայնակի շարք է ձգվում նաև մարմնի կողքերով: Պոչի հատվածում նախշի տարանջատված ձևը պահպանվում է: Որովայնային մակերեսը բաց դեղնավուն է, հաճախ՝ մանր, մուգ բծերով:

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, թռչուններ և նրանց ձվերը, կրծողներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին: Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է 4-16 ձու: Ձվերը խոշոր են (48-70 X 20-25 մմ) Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին: Ի տարբերություն օձերի շատ այլ տեսակների՝ Պ.մ.ս-ի էգը խնամում է ձագերին:

Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Բավական ագրեսիվ է: Զայրացած ժամանակ բարձր ֆշշոցով և պոչի ծայրը արագ գետնին զարկելով՝ կարող է կատարել հարձակողական շարժումներ: Կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ: Որպես հազվադեպ հանդիպող տեսակ՝ առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:

ՊԱՐՈՂ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe isabelliina), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բևադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 16,5 սմէ, թևերի բացվածքը՝ 27-31 սմ, կենդանի զանգվածը՝ 30-31 գ՚. Փետրածածկը բաց գույնի է, կտուցը՝ երկար, կեցվածքը՝ ուղղաձիգ, թևատակը՝ բաց գույնի, պոչը՝ դարչնագույն լայն շերտով: Բնադրման շրջանում հասունը վերևից մոխրավուն դարչնագույն-դեղին է, ներքևից՝ շատ բաց նարնջագույն-դարչնագույն կամ մոխրագույն-դարչնագույն, հետբնադրման շրջանում՝ ավելի բաց և ավելի դեղին: Թևի վերևը բաց գույնի լայն երիզներով է: Երիտասարդի մարմնի վերին մասը, կոկորդը, կուրծքը թույլ մուգ խայտերով են: Արագավազ է, վազելիս հաճախ կանգ է առնում՝ շրջապատը զննելու: Բնակվում է չոր լեռնատափաստաններում, կիսաանապատներում: Սնվում է անողնաշարավորներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի 1-ին օրերին է: Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 1-ին կեսից ապրիլի կեսը: Հարսանեկան խաղերի ընթացքում արուն, պոչը և թևերի թափանցիկ փետուրները հովհարանման բացած, առույգ երգելով, վայրէջք է կատարում և տեղ զբաղեցնում էգի կողքին: Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից՝ կրծողների բներում: Դնում է 22 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմրավուն պտերով 5-6 ձու: Թխսակալում է էգը՝ 15 օր: Առաջին թռչող ձագերը հայտնվում են մայիսի սկզբից, կերակրում են ծնողները՝ մինչև աներեր թռչելու ունակություն ձեռք բերելը: Թռիչքին վստահ տիրապետող երիտասարդները բնից հեռանում են հունիսին և թաքնվում մոտակայքում:

ՊԱՐՍԿԱԿԱՆ ԱՎԱԶԱՄՈՒԿ (Meriones persicus), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և այլ մարզերի կիսաանապատային գոտիներում, քարքարոտ հացահատիկային դաշտերում և այլն:

Մարմնի երկար. 17,5 սմ է, պոչինը՝ 18,8 սմ։ Մարմնի վերին մասն ավազագույն է, որովայնը՝ սպիտակավուն: Պոչը մազակալած է և վերջանում է մոխրագույն կամ դարչնագույն վրձնիկով: