Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրող Ո.: Մակաբույծ ձևերից են բոլոր փշագլուխները, տափակ որդերի գերակշռող մասը՝ ծծան որդերի և ժապավենաձև որդերի (Cestoda) դասերի ներկայացուցիչները, հսկայական քանակությամբ կլոր և որոշ օղակավոր Ո.: Մակաբույծ Ո. (ճիճուներ) առաջացնում են մարդու և կենդանիների հիվանդություններ (հելմինթոզներ):

ՈՐՈՐԱԿՏՈՒՑ ՋՐԱԾԻԾԱՌ (Sterna nilotica), ջրածիծառների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 35-38 սմէ, թևերի բացվածքը՝ 100-111 սմ, կենդանի զանգվածը՝ 200 գ: Կտուցը կարճ է, հաստ, սև, ոտքերը՝ սև, պոչը՝ կարճ՝ թեթևակի մկրատաձև կտրվածքով: Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, մարմնի վերին մասը՝ բաց մոխրագույն, ներքևից՝ սպիտակ: Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, աչքը՝ մուգ բծով: Երիտասարդի գագաթը, ծոծրակը և մարմինը վերևից թույլ դարչնավուն նախշերով են, աչքը՝ փոքր մուգ բծով: Չափազանց աղմկոտ է: Կերը կտցում է գետնից՝ թռիչքի պահին: Բնակվում է ձկնաբուծ. լճակներում, լճերում: Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով: Գարնանային վերադարձը և հարսանեկան զույգերի ձևավորումը՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին: Բույնը ոչ խորը փոսիկ է: Բնադրում է գետնին: Դնում է 49 մմտրամագծով, բաց դեղնադարչնագույն՝ սև պտերով 1-4 ձու: Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի վերջը: Կենսակերպին վերաբերող տվյալների լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

ՈՐՈՐՆԵՐ (Laridae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 45, ՀՀ-ում՝ 9 տեսակ, որոնցից հայկական որորը, սովորական որորը աչքի են ընկնում թվաքանակի գերազանցությամբ՝ Սևանա և Արփի լճերի կղզիներում: Թխակապույտ, փոքր, քրքջան Ո., ծովային աղավնաորորը, սևագլուխ քրքջանը, փոքր ծովաորորը ուսումնասիրված են մասնակի: Կենդանի զանգվածը 200-1500 գ է: Փետրածածկը հիմնականում սպիտակի, սևի և մոխրագույնի համադրությամբ է: Բնադրումը գաղութային է:

ՉԵՌՆՈՎԻ ՄԵՐԿԱՉՔ (Ablepharus chernovi), Չեռնովի ծածկաչք սցինկ, Չեռնովի անկոպսցինկ, սցինկների ընտանիքի անկոպ սցինկների (Ablepharus) ցեղի մողես: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Կոտայքի մարզի լեռներում: Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիիստ քարքարոտ վայրերում: Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-5,2 սմ), պոչը գրեթե 1,5 անգամ երկար է: Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից: Աչքերը փոքր են՝ ձուլված անշարժ կոպերով: Արտաքին ականջը բացակայում է: Ոտքերը շատ կարճ են: Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով: Մեջքի ընդհանուր գունավորումը մուգ կամ բաց բրոնզագույն է: Մեջքային մակերեսին 6 երկայնակի շարքով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երկարավուն կետիկներից ձևավորված գծեր, որոնցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչն անցնող մուգ գույնի նեղ զոլին: Քթանցքից դեպի պոչը ևս անցնում են մուգ գույնի զույգ կողմնային զոլեր: Որովայնային մակերեսը բաց գույնի է, պոչը՝ կապարագույն: Զուգավորման շրջանում արուների որովայնային մակերեսը վառ նարնջագույն է: Ստորին ծնոտի և պոչի գունավորումը մնում է մուգ կապարագույն: Էգերի որովայնային մակերեսը զուգավորման շրջանում բաց նարնջագույն է, իսկ մնացած ժամանակ՝ մոխրագույն՝ բաց գույնի բազմաթիվ բծերով: Սնվում է մանր հոդվածոտանիներով, փափկամարմիններով: Զուգավորումը տեղի է ունենում մայիսին: Հունիսին էգը դնում է 2-4 ձու (5x5 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՉՂՋԻԿՆԵՐ (Chiroptera), թռչող մկներ, ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգ: Հայտնի է 1100, ՀՀ-ում՝ 28 տեսակ, որոնք միավորված են պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոկավոր չղջիկների ընտանիքներում: Պայտաքիթ չղջիկների (Rinolophidae) ընտանիքին են պատկանում մեծ պայտաքիթ չղջիկը, Մեհելիի պայտաքիթ չղջիկը, Բլազիուսի պայտաքիթ չղջիկը, հարավային պայտաքիթ չղջիկը, փոքր պայտաքիթ չղջիկը։ Հարթաքիթ չղջիկների (Vespertilinnidae) ընտանիքին են պատկանում անապատի մաշկեղ չղջիկը, անտառային կամ Նատուզիուսի փոքրաչղջիկը, ասիական լայնականջ չղջիկը, Արաքսի գիշերաչղջիկը, Բեխշտեյնի գիշերաչղջիկը, բեղավոր գիշերաչղջիկը, գաճաճ փոքրաչղջիկը, գորշ ականջեղ չղջիկը, եռագույն գիշերաչղջիկը, եվրոպական լայնականջ չղջիկը, երկգույն մաշկեղ չղջիկը, թզուկ փոքրաչղջիկը, Կուլի փոքրաչղջիկը, հայկական գիշերաչղջիկը, մաշկեղակերպ փոքրաչղջիկը, մոխրագույն ականջեղ չղջիկը, Նատերերի գիշերաչղջիկը, շիկակարմիր 0իրիկնաչղջիկը, սովորական երկարաթև չղջիկը, սրականջ գիշերաչղջիկը, փոքր իրիկնաչղջիկը, ուշաթռիչք մաշկեղ չղջիկը: Բուլդոկակերպ չղջիկների (Molossidae) ընտանիքին է