Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուսականությամբ ցածրլեռն. վայրերում:

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,2-5,6 սմ), պոչը մոտավորապես կրկնակի երկար է, ինքնահատվող: Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով: Մեջքային մակերեսը ծածկված է միանման մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են: Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են դեղնագորշավուն և բաց դեղնաշագանակագույն երանգները: Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված, մանր բծերից բաղկացած, բավական նեղ նախշ: Երբեմն բծերը միանալով կարող են ձևավորել ցանցանման նախշ: Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են այս կամ այն չափով արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից, ունեն սպիտակավուն կենտր. խալ և մուգ եզրագիծ: Առջևի վերջավորությունների մակարդակին կան կապույտ խալեր: Վերևի եզրային շարքի սպիտակ բծերը միավորվելով կարող են ձևավորել սպիտակ երկայնակի գիծ, որն առավել արտահայտիչ է մարմնի առջևի հատվածում: Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի դեղնականաչավուն գունավորում: Որովայնային մակերեսի եզրային վահանիկները կրում եՆ բաց երկնագույն խալեր: Կարող է հանդիպել համատեղ հայկ., Դալի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով:

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով: Կուսածին է. հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 2-4 ձու (13x8 մմ): Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը:

Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:

ՍԱԳԵՐ, բադերի ընտանիքի ջրլող թռչուններ:

Վայրի Ս. խոշոր են (2-6 կգ), ոտքերը՝ համեմատաբար երկար և ավելի լավ հարմարված քայլելուն: Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում լայնացած: ՀՀ-ում հանդիպում է 4 տեսակ՝ մոխրագույն սագ, սպիտակաճակատ սագ, ծվվան սագ, կարմրախածի սագ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի):

Ընտանի Ս. հիմնականում ծագել են մոխրագույն Ս-ից: Փետուրները սպիտակ են՝ տարբեր երանգներով, կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն: Փետրածածկը խիտ է: Ձու են ածում 265-350 օրական դառնալուց հետո: Ձվատվությունը՝ 30-70, որոշ ցեղերինը՝ 100 հատ:

Առավել արժեքավոր ցեղերից են չինական, խոլմոգորյան, արզամասյան (ՌԴ), թուլուզյան (Ֆրանսիա), պոմերանյան (Գերմանիա) և այլ Ս.:

Ըստ փետրածածկի գույնի՝ ՀՀ տեղ. Ս. բաժանվում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների: Տարեկան միջին ձվատվությունը՝ 8-12: Արուների միջին կենդանի զանգվածը՝ 4-4,6 կգ է, էգերինը՝ 3,5-4,3 կգ:

ՍԱԼԱՄԱՆԴՐՆԵՐ (Salamandridae), պոչավոր երկկենցաղների կարգի ընտանիք: Հայտնի է 15 ցեղի 64 տեսակ: ՀՀ-ում տարածված է Triturus ցեղի 2 տեսակ՝ սովորական տրիտոն և փոքրասիական տրիտոն:

ՍԱՂՄՈՆԱՁԿՆԵՐ (Salmonidae), սաղմոնակերպների կարգի ձկների ընտանիք: Հայտնի է 7 ցեղի մոտ 40, ՀՀ-ում՝ սաղմոնների ցեղի 2 տեսակ՝ իշխան (4 ենթատեսակով) և կարմրախայտ, պարասաղմոնների ցեղի 1 տեսակ՝ ծիածանախայտ:

Թեփուկները մանր են, կողագծում՝ 110 հատ և ավելի: Բերանը զինված է ատամներով: Կողքերը սովորաբար պատված են սև, հաճախ՝ նաև կարմիր, նարնջագույն, դեղին կամ սպիտակ պտերով: Մեջքային լողակում ճառագայթների ընդհանուր թիվը չի գերազանցում 16-ը: Ունեն ճարպային լողակ: Ձվատարները զարգացած չեն, և ձկնկիթը, հասունացմանը զուգընթաց, ընկնում է մարմնի խոռոչ:

ՍԱՊՍԱՆ (Falco peregrinus), բազեների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 36-48 սմ է, թևերի բացվածքը՝ 95-110 սմ, կենդանի զանգվածը՝ 600-1300 գ։ Կուրծքը լայն է, պոչը՝ կարճ, սեպաձև, պոչատակի ծայրը՝ մուգ: Թևերը հիմքում լայն են, ծայրերը՝ խիստ սուր: Թևատակը մուգ զոլավոր է, թափահարող և ծածկող փետուրների ցայտերանգությունը՝ թույլ: Հասուն արուի այտը մուգ է, բեղերը՝ լայն, մուգ, կոկորդի և վզի կողքերը՝ սպիտակավուն: Մարմինը ներքևից բաց նարնջագույն է՝ խիտ զոլերով: Էգն ավելի մուգ է: Երիտասարդը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն՝ մուգ խայտերով: Թռիչքն արագ է և ճկուն: Սավառնում է մեծ բարձրություններում՝ հորիզոն․ տարածած թևերով: Բավական մեծ արագությամբ (100- 110 կմ/ժ) անսպասելի սլանում է ցած և օդում կտրուկ հարվածում զոհին: Բնակվում է լեռնատափաստաններում, անտառներում, կիսաանապատներում, գյուղատնտ. տարածքներում: Սնվում է թռչուններով: Բնադրում է ժայռախորշերում կամ այլ գիշատիչ թռչունների հին բներում, քաղաքներում (բարձրահարկ շենքերի տանիքներում) և այլն: Դնում է 52 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 3-4 ձու: Թխսակալում է էգը՝ 30-35 օր: Արուն այդ ընթացքում կեր է հայթայթում բնից 1-2 կմ հեռավորության վրա, էգը՝ բնի սահմաններում: 35-40 օրական ձագերը դուրս են գալիս բնից: Բարձր է գնահատվում որպես որսորդ թռչուն:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՍԱՏՈՒՆԻՆԻ ՍԵՎԱԳԼՈՒԽ ՌԻՆԽՈԿԱԼԱՄՈՒՍ (Rhynchocalamus melanocephalus satunini), Սատունինի ռինխոկալամուս, Սատունինի կնճիթաձողիկ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի ռինխոկալամուս ցեղի օձ: