պորֆիրիտներով, տուֆիտներով, տուֆափշրաքարերով և ավազի, թերթաքարերի ու կավերի շերտերով: Թարթառի վերին և Հագարիի աջափնյա ավազանում հիմնականում նեոգենի և անթրոպոգենի հրաբխ. ապարներն են՝ բազալտներ, անդեզիտաբազալտներ, իսկ Փոքր Կովկասի նախալեռների երկայնքով տարածված են անթրոպոգենի ցամաք. նստվածքները:
Զարգացած են սողանքային, կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարայրը: Օգտ. հանածոներից կան պղինձ, ոսկի, բազմամետաղներ, մարմար, պեմզա, գիպս, ասբեստ, բարիտ, կրաքար, կավ և այլն: Ստեփանակերտի և Շուշիի շրջակայքում տարածված են հիդրո- կարբոնատային, քլոր-սուլֆատային հանք, աղբյուրները՝ 20-40°C ջերմաստիճանով (Թթուջուր, Չարեք-տար, Տումի և այլն): Կլիման բարեխառն է, մեղմ, լավ արտահայտված վերնթաց գոտիականությամբ: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 1700-ից (գոգավորություններ) 2300 (նախալեռներ) է:
Ձմեռը խիստ չէ, ցածրադիր մասերում ձնածածկույթ գրեթե չի ձևավորվում, սակայն, ըստ բարձրության, ձմռան տևողությունը երկարում է: Հարթավայրերում և նախալեռներում տարեկան միջին ջերմաստիճանը 12-16°C է, միջին լեռն. շրջաններում՝ 6-8°C, լեռն. շրջաններում՝ 2-4°C, 3000 մ-ից բարձր.՝ 0°C-ից ցածր: Նվազագույն ջերմաստիճանը -27°C է. առավելագույնը՝ 40,2°C: Տարեկան տեղումները ցածրադիր մասերում 250-300 մմ են, բարձրադիրում՝ 800-1000 մմ, առավելագույնը՝ գարնանը, նվազագույնը՝ ձմռանը: Գետային ցանցը պատկանում է Կուր (75 %) և Արաքս գետերի ավազաններին: Այստեղ հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկար. 8395 կմ է: Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձր լեռնաշղթաներից, ունեն մեծ անկում:
Կուրի ավազանի խոշոր վտակներից են Թարթառը, Ինջան, Խաչենը, Կարկառը, Խոնաշենը, Արաքսի ավազանի վտակներից՝ Հագարին, Վարանդան, Իշխանագետը: ԼՂՀ-ի տնտ. զարգացման համար ջրային պաշարների դերն անգնահատելի է. սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ պաշարն է: Տարածքը գտնվում է չորային շրջանում, մշակաբույսերի ոռոգումը խիստ անհրաժեշտություն է: Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու համար կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման և ջրաէներգետիկ նպատակներով: Լանդշաֆտային գոտիները նույնպես կախված են բացարձակ բարձրությունների տատանումներից: Մինչև 400-500 մ բարձրները տիրապետում են կիսաանապատային գորշ և մոխրահողերը՝ ծածկված օշինդրային բուսականությամբ (Ղարաբաղյան և Միլի հարթավայրեր), շատ են նաև ճահճային տարածքները: Կիսաանապատային տարածքները ոռոգվում են Վերին Ղարաբաղյան ջրանցքի ջրերով:
Կիսաանապատներից վեր՝ շագանակագույն հողերի վրա, տարածվում են չոր տափաստանները՝ ծածկված չորասեր հացազգիներով, թփուտային ֆրիգանոիդ բուսականությամբ, ավելի վեր (1500-2300 մ) անտառն է՝ ստորին հատվածում՝ դարչնագույն, վերինում՝ գորշ հողերի վրա: Հողերը ճմապատված են, ունեն բարձր ներծծանցման հատկություն, տիրապետող են կաղնին, բոխին, հաճարենին, թխկին, լորենին, հացենին և բազմաթիվ պտղատուներ՝ ընկուզենի, հոնենի, զկեռենի և այլն:
Անտառային գոտուց վեր լեռնամարգագետնային լանդշաֆտն է: Կենդանիներից տարածված են վայրի այծը, այծյամը, վայրի խոզը, գորշ արջը, գայլը, աղվեսը, սկյուռը, խլուրդը և այլն, թռչուններից՝ արծիվը, ուրուրը, տատրակը, հոպոպը և այլն:
Բազմաթիվ են պատմաճարտարապետ. հուշարձանները: Հանրահայտ են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Շուշիի Դազանչեցոց եկեղեցին, բազմաթիվ այլ կառույցներ ու միջնադարյան հարյուրավոր խաչքարեր, որոնք լուռ վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղն անընդմեջ բնակեցված է եղել հայերով:
Շրջանի շռայլ բնությունը տալիս է բոլոր նախադրյալները բարձրորակ առողջարաններ, հանգստյան տներ և տուրիստ. հանգրվաններ հիմնելու համար:
Զանգեզուրի ֆիզիկաաշխարհագրական շրջան, ՀՀ հվ-արլ-ում: Ընդգրկում է Սյունիքի մարզը, Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների և Մեղրի գետի ավազանները, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթնային մասը, արլ. լանջերը: Արլ-ում սահմանակից է ԼԴՀ Շահումյանի, Քաշաթաղի