Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռիչքի է դիմում սպիտակագլուխ անգղերի խմբում (նրանց հայտնաբերած լեշից օգտվելու համար): Օգտակար է որպես բնական սանիտար, սակայն վերջին տասնամյակում, տարածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը Ս.ա-ի թվաքանակի կրճատման պատճառ կարող է դառնալ:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՍԵՎ ԱՄՈՒՐ (Mylopharigodon piceus), ծածանաձկների ընտանիքի ձուկ: Հայաստան առաջին անգամ ներմուծվել է XX դ. վերջին տասնամյակում: Երբեմն հանդիպում է Մեծամոր գետում ու նրա ջրերով սնվող ջրանցքներում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից: Նախընտրում է դանդաղահոս և տղմոտ կամ ավազոտ հատակ ունեցող խոր գետերն ու լճերը:

Խոշոր ձուկ է: Մարմինն իլիկաձև է, երկար.՝ 40-45 (երբեմն՝ մինչև 65) սմ, զանգվածը՝ 8 կգ և ավելի: Որովայնի վրա ողնուցը բացակայում է: Դունչը բութ է, բերանը՝ կիսաստորին: Աչքերը փոքր են: Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝ 39-42 հատ: Կլանային ատամները մեծ են՝ լայն ծամող պսակով, միաշարք կամ երկշարք: Պոչային լողակի կտրվածքը միջին խորության է: Մեջքային լողակը և հետնալողակը կարճ են՝ համապատասխանաբար՝ 9-11 և 10-11 ճառագայթով: Մեջքը և գլխի վերին մասը գրեթե սև են, կողքերը՝ մի փոքր ավելի բաց գույնի: Փորիկը մոխրասպիտակավուն է՝ թույլ արծաթավուն նրբերանգով, լողակները՝ մուգ մոխրագույն:

Սեռահասուն է դառնում 5-10 տարեկանում՝ կախված միջավայրի պայմաններից: Ձկնկիթը պելագիալ է, շատ խոշոր ու թափանցիկ: Սնվում է փափկամարմիններով, ջրային միջատներով և խեցգետնակերպներով:

Միսն ունի բարձր համային արժեքներ, սակայն ՀՀ կարպային տնտեսություններում լայն տարածում չունի և աճեցվում է ժամանակ առ ժամանակ:

ՍԵՎ ԱՆԳՂ (Aegypius monachus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված, անհետացման վտանգի ենթակա:

Մարմնի երկար. 95-105 սմ է, թևերի բացվածքը՝ 240-280 սմ, կենդանի զանգվածը՝ 7-12 կգ։ Խոշոր անգղ է՝ հզոր կտուցով, վզին կան օձիքանման կարճ զարդափետուրներ, պոչը կարճ է՝ բութ ծայրով: Թևերը երկար են, հավասարաչափ, լայն, թևատակի ծածկողները՝ մուգ: Հասունի ընդհանուր գունավորումը սև-դարչնագույն է, գլուխը՝ մոխրագույն-սպիտակ: Երիտասարդը հասունից ավելի մուգ գույնի է: Սավառնում է մեծ բարձրություններում՝ հորիզոն․ տարածած թևերով: Լեշերի վրա իշխող է, նախահարձակ: Անգղերի այլ տեսակների խմբերում հաճախ հանդիպում է միայնակ: Բնակվում է բարձր լեռներում, գետաձորերում, գերադասում նոսր բուսականությամբ արևոտ տարածքները (Խոսրովի անտառ արգելոց, գիհու նոսրանտառներ): Սնվում է լեշերով (հիմնականում մկանային համակարգով):

Բնադրումը երբեմն գաղութային է: Բույնը մեծ հարթակ է՝ ճյուղերից, ծառի կեղևից, գոմաղբից, բրդից, սննդի մնացորդներից և ոսկրերից: Այն չափազանց ծավալուն է (տրամագիծը՝ 135-300 սմ, քաշը՝ 150-200 կգ, բարձր.՝ 50-90 սմ) և ծառայում է մի քանի տարի: Բնադրում է բարձր ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին: Ձվադրում է փետրվար-մարտին: Դնում է 90 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն վրձնախազերով ու գծիկներով 1-2 ձու: Թխսակալում է 50-60 օր: Ձագերը կերակրվում են՝ մայր թռչունի ըմպանից ու կերակրափողից կտուցով կերը դուրս հանելով կամ նրա փսխման զանգվածով: Ձագերը բնից հեռանում են հուլիս-օգոստոսին:

Ս.ա-ի հզոր, ծանրաշարժ մարմինը և բութ մագիլները հարմարված չեն կենդանի որսը բռնելուն, նա միայն կարող է լեշը հոշոտել՝ մկաններն ու ջլերը պատառոտելով: Մյուս լեշակերների հետ համարվում է բնական սանիտար, կանխում է մի շարք հիվանդությունների տարածումը դիակների միջոցով: Ս.ա-ի թվաքանակը տարեցտարի նվազել է հատկապես այն պատճառով, որ դաշտում լեշերի առկայությունը խիստ կրճատվել է: Ուստի կարիք ունի ամբողջ տարվա ընթացքում մարդու կողմից արհեստ․ կերակրման: ՀՀ տարածքում պահպանվում է 10 բնադրազույգ:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՍԵՎ ԱՐԱԳԻԼ (Ciconia nigra), արագիլների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, հազվագյուտ:

Մարմնի երկար. 95-100 սմ է, թևերի բացվածքը՝ 145-155 սմ, կենդանի զանգվածը՝ 3 կգ: Մարմինը վերևից, գլուխը և վիզը սև են՝ մանուշակագույն-կանաչ փայլով: Կրծքի ստորին մասը և փորը սպիտակ են: Կտուցը, աչքի շուրջը, ոտքերը կարմիր են: Երիտասարդը դարչնագույն է, կտուցը, ոտքերը՝ մոխրականաչ: Թռչում է՝ վիզը ձգած, ոտքերը հետ տարածած: Բնակվում լեռնատափաստաններում, գետերի կիրճերում, անտառներում, լճերում, ձկնաբուծ. ջրավազաններում: Սնվում է ձկներով, ջրային միջատներով, երկկենցաղներով: