Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրիտոնների ցեղի պոչավոր երկկենցաղ:

ՀՀ-ում հանդիպում է միայն Լոռու մարզում: Բնակվում է խոնավ անտառային ու մարգագետնատափաստանային գոտու կանգուն ու հոսող ջրավազաններում և նրանց մերձակայքում: ՀՀ-ում բնակատեղին ունի մնացորդային բնույթ, պահպանվել է հետսառցային շրջանում կլիմ. պայմանների փոփոխություններից:

Մարմնի երկար. 1,2-6,2 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության: Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտիկավոր: Գլուխը մուգ, երկայնաձիգ զոլերով է, որոնցից մեկն անցնում է աչքերի երկարությամբ և ակնառու է: Մեջքը և կողքերը գորշ են, գորշ շագանակագույն, դեղնաշագանակագույն կամ կանաչագորշավուն: Փորիկը բաց դեղնավուն է կամ նարնջագույն՝ մուգ կետերով կամ բծերով: Զուգավորման շրջանում արուի մեջքի երկայնքով զարգանում է կատար, հետին վերջույթների վրա՝ լայն լողաթաղանթներ, մարմնի և պոչի վրա հայտնվում են բաց երկնագույն զոլեր: Արուի մեջքային և որովայնային մակերեսները պատված են խոշոր, մուգ գույնի բծերով, մեջքի ընդհանուր գունավորումն ավելի մուգ է, քան էգինը: Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ: Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով:

Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին: Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում գարնանը: Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների: Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո: Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը: Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և չկերպարանափոխված (նեոտենիկ) ձևեր:

Առաջարկվել է գրանցել ՀՀ Կարմիր գրքում:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՌԹԱԿ (Gobio gobio), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել է 1998-ին: Հանդիպում է Արաքս, Ախուրյան, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում:

Մանր ձուկ է: Մարմինը լայնակի կտրվածքում գրեթե կլոր է, երկար.՝ 12 (երբեմն՝ մինչև 15) սմ, զանգվածը՝ 50 գ և ավելի: Գլուխը բավական խոշոր է, կազմում է մարմնի երկարության 1/4-ը: Բերանը գտնվում է գլխի երկարության կեսը կազմող դնչի ստորին մասում: Վերին ծնոտի աջ և ձախ կողմերում կա մեկական կարճ բեղիկ: Թեփուկները միջին մեծության են, կողագծում՝ 37-43 հատ: Կլանային ատամները երկշարք են, եզակի դեպքերում՝ միաշարք: Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է, վերին բլթակը ստորինից մի փոքր երկար է: Մեջքը և կողքերի վերին մասը մոխրականաչավուն են՝ մետաղ․ երկնագույն նրբերանգով, կողքերն արծաթագույն են, փորիկը՝ դեղնասպիտակավուն: Մեջքի և կողքերի թեփուկներն ունեն մուգ եզրագիծ, մարմնի վրա, կողագծի երկայնքով, կան 6-11 կլորավուն պտեր: Կրծքային, մեջքային և պոչային լողակները մոխրագույն են. վերջինների վրա կան գորշավուն, մանր, անկանոն դասավորված պտեր, իսկ փորային լողակներն ու հետնալողակն անգույն են:

Սեռահասուն է դառնում կյանքի 2-րդ տարում: Բազմանում է գարնանը: Յուրաքանչյուր առանձնյակ տարեկան ձվադրում է մի քանի անգամ (որոշակի ընդմիջումներով): Բեղունությունը հասնում է մինչև 10 հզ. ձկնկիթի: Այն դեղնավուն է. դնում է քարերի կամ ստորջրյա բույսերի վրա: Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս տեղամասերում: Վարում է մերձհատակային կենսակերպ, սնվում բենթոսային անողնաշարավորներով (միջատների թրթուրներ, խեցգետնակերպներ, փափկամարմիններ, օղակավոր որդեր, դետրիտ), երբեմն՝ բույսերի մնացորդներով:

Արդ. նշանակություն չունի: Որոշակի վնաս է հասցնում՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաշամ, ճանար) ձկնկիթով ու թրթուրներով:

Կարող է ծառայել որպես սիրող․ ձկնորսության օբյեկտ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՔԱՐԱԹՌՉՆԱԿ (Oenanthe oenanthe), կեռնեխների ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:

Մարմնի երկար. 14,5-15,5 սմ է, թևերի բացվածքը՝ 26-32 սմ, կենդանի զանգվածը՝ 17-28 գ։ Հոնքը բաց գույնի է, պոչի սև շերտը՝ միջին լայնության: Բնադրման շրջանում հասուն արուի գագաթից մինչև մեջքը կապույտ-մոխրագույն է, ակնադիմակը, թևերը՝ սև, կոկորդը, կուրծքը՝ բաց նարնջագույն, մարմինը ներքևից՝ սպիտակ: Էգը վերևից ավելի դարչնագույն է, դիմային մասը՝ ավելի բաց գույնի: Հետբնադրման շրջանում արուն նմանվում է էգին, սակայն ամբողջ փետրածածկը դեղին երանգ ունի, թևերի փետուրները բաց երիզով են: Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի էգին, սակայն ավելի մուգ ու խամրած է, մարմինը ներքևից թեփուկանման նախշով է: Քարերին նստած՝ հետևում է միջատներին, դրանց որսում մանրավազքով կամ քայլելով: Երգում է 15-30 մ բարձր թռչելիս: Բնակվում է բաց քարքարոտ հարթավայրերում (կիսաանապատներից մինչև բարձրադիր լեռներ, գետաձորեր), չուի ընթացքում՝ դաշտերում և խոտածածկ տարածքներում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:

Գարնանային վերադարձը և բնադրազույգերի ձևավորումը՝ ապրիլի 2-րդ կեսին: Չափազանց ցուցադրական են արուների հարսանեկան խաղերը, որոնք ուղեկցվում են կոշտ և նուրբ երանգներից բաղկացած անընդմեջ երգով (այդ ընթացքում էգը թաքնվում է): Բույնը պատրաստում է էգը՝ ապրիլի 2-րդ կես-մայիսին կամ մինչև հունիսի վերջը: Բույնը գավաթաձև