Փոքր կամ միջին չափի (4-25 մմ) թիթեռներ են՝ նուրբ ծոպավոր թևերով:
Գլուխը ծածկված է երկար մազիկներով: Առջևի թևերը երկար են և նեղ, հետիններն ունեն մազիկներից կազմված լայն ծոպեր: Թրթուրներն սպիտակադեղնավուն են, ապրում են մետաքսահյուս խողովակներում կամ պատյաններում՝ բուս․ և կենդ․ մնացորդների, սնկերի, քարաքոսերի վրա, շատերը վնասում են պահպանվող մթերքները (հացահատիկի, հացի Ց.), փչացնում բուրդը, մորթին, փետուրները (հագուստի, մուշտակի Ց.):
Կնգումացեցերի (Ipomeutidae) ընտանիքը տեսակներով հարուստ չէ, սակայն տարածված է ամենուրեք: Թրթուրներն ապրում են ոստայնակերպ բներում կամ ականում են տերևները, վնասում բողբոջները և այլն: Գյուղատնտ. մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում խնձորենու ցեցը, պտղացեցը և այլն:
Գոգաթև Ց-ի (Felechiidae) ընտանիքը հարուստ է տեսակներով (1500)՝ տարածված ամենուրեք: Բնորոշ է թիթեռի հետին թևերի գագաթի տակ գտնվող խորը կտրվածքը: Թրթուրները թաքնված կյանք են վարում ընձյուղներում, բողբոջներում, տերևային ականներում կամ ոլորված տերևներում: ՀՀ-ում մեծ վնաս են պատճառում հացահատիկային ցեցը, ռեկուրվարիան, շերտավոր պտղացեցը և այլն:
Մանգաղաթև Ց. (Plutellidae) մանր թիթեռներ են՝ նեղ, երկար թևերով, որոնք հանգստի վիճակում ծածկում են մարմինը վերևից և կողքերից: Առջևի թևերն ունեն մանգաղաձև գագաթ (այստեղից՝ անվանումը): Թրթուրներն ապրում են ոստայնով պատված տերևներում, սերմերում, երբեմն ականում են տերևները: ՀՀ-ում տարածված է դեղձենու և կաղամբի Ց.:
Ականող Ց. մի շարք (Nepticulidae, Tischeriidae, Phyllocnistidae, Iyonetidae, Gracillariidae և այլն) ընտանիքների միավորում է, որն ընդգրկում է թիթեռների կարգի ամենափոքր տեսակները, որոնք ունեն նեղ նշտարաձև թևեր: Թրթուրները հաճախ ոտքեր չունեն, ականում են տերևները կամ ապրում ոստայնի մեջ, տերևների միջև: Յուրաքանչյուր տեսակ ունի իրեն բնորոշ ական: Առավել տարածված են խնձորենու ականացեցը, ալոճենու կլորավուն ցեցը և այլն:
Մատնաթև Ց-ի (Pterophorodae) առաջին զույգ թևերը շատ կամ քիչ խորը ճեղքով բաժանված են 2 բլթակի, հետին զույգ թևերը՝ 3 մատնաձև բլթակների: Հանգստի վիճակում թևերը հորիզոնադիր փռված են և մարմնի հետ ուղիղ անկյուն են կազմում: Բազմաքանակ ընտանիք է: ՀՀ-ում առավել տարածված է վարդենու հովհարաթևը:
ՑԻՆԵՐ (Milvus), ճուռակների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ՝ սև ցին և կարմիր ցին:
Մարմնի երկար. մինչև 70 սմ է, պոչի ծայրը կտրվածքով է: Տարածված են անտառներում, տափաստաններում, կիսաանապատներում՝ առավելապես ջրամբարներին մոտ: Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին: Դնում են 2-3 (երբեմն՝ 5) ձու: Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) ուշադիր հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա:
ՑԻՍՏԻՑԵՐԿՆԵՐ, մարդկանց բարակ աղիքներում մակաբուծվող ժապավենաձև որդերի (եզան և խոզի երիզորդեր) թրթուրային ձևերը, որոնք տեղակայվում են տավարի և խոզերի կմախքային մկաններում: Եզան երիզորդի (Taeniarynchus saginatus) թրթուրը սպիտակագորշագույն, օվալաձև բուշտ է (երկար.՝ 5-15 մմ), որի ներսում տեղավորված է երիզորդի սկոլեքսը՝ զինված 4 ծծաններով: Տավարը, գոմեշը, զեբուն համարվում են այդ մակաբույծի միջնորդ տեր, իսկ մարդը՝ վերջնական:
Մարդը տենիարինխոզով վարակվում է տավարի վատ եփված մսի հետ ֆինաները ներս ընդունելուց: Ց., մարդու աղիքներում զարգանալով, դառնում են սեռահասուն երիզորդեր, որոնց երկար. 10 մ-ից ավելի է: Վարակված մարդու արտաթորանքի հետ արտաքին միջավայր են արտազատվում հազարավոր ձվերով լցված երիզորդի հատվածներ: Տավարը, կերի կամ ջրի հետ ներս ընդունելով երիզորդի ձվերը, վարակվում է Ց-ով: Այսպիսով՝ մարդը պատճառ է դառնում տավարի վարակման, իսկ տավարն էլ մսի միջոցով վարակում է մարդուն: Խոզի երիզորդի (Taenia solium) կենսակերպը ևս ընթանում է նույն ձևով, սակայն մարդը և՛ վերջնական, և՛ միջնորդ տեր է, այսինքն մարդը վարակվում է նաև ցիստիցերկներով:
Նշված երիզորդերը լուրջ վնաս են հասցնում մարդու օրգանիզմին, նաև պատճառ դառնում զգալի քանակի մսեղիքի ոչնչացման:
Տավարի և խոզերի ցիստիցերկոզների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է այդ կենդանիների մսեղիքը անասնաբուժասանիտար. փորձաքննության ենթարկել և հարկ եղած դեպքում արգելել վաճառքը:
Կենդանիների վարակումը կանխելու համար վարակված մարդկանց հարկավոր է ենթարկել ճիճվաթափության, բարձրացնել տնտեսության սանիտար․ վիճակը: Կարգավորված զուգարանների առկայությունը տավարաբուծ. և խոզաբուծ. տնտեսություններում այդ ինվազիաների կանխարգելման կարևոր միջոց է:
ՑԼԻԿԱՁԿՆԵՐ (Gobiidae), պերկեասկերպների կարգի ձկների ընտանիք: Հայտնի է շուրջ 200 ցեղի 600 տեսակ: ՀՀ-ում տարածված է 2 տեսակ՝ ավազային ցլիկաձուկը և կովկասյան ցլիկաձուկը:
Մանր և միջին մեծության ձկներ են, երկար.՝ 0,7-50 սմ։ Փորային լողակները սերտաճած են և առաջացնում են ծծիչ, որը գտնվում է կրծքային լողակների հիմքի տակ կամ դրանից առաջ: Մեջքային լողակները երկուսն են:
ՈւՂՂԱԹԵՎՆԵՐ (Orthoptera կամ Saltatoria), միջատների կարգ: Հայտնի է շուրջ 20 հզ., ՀՀ-ում՝ 160 տեսակ՝ տարածված ամենուրեք: Ու. բաժանվում են 2 ենթակարգի՝ երկարաբեղ (ծղրիդներ, ճռիկներ) և կարճաբեղ (մորեխներ, եռամատներ):
Փոքր, միջին և խոշոր չափերի միջատներ են: Մարմինը (երկար.՝ 70 մմ) կողքերից սեղմված է: Բերանը կրծող տիպի է: Մեծամասնությունն ունի 2 զույգ թևեր (կան թերզարգացած թևերով կամ անթև տեսակներ): Վերնաթևերը խիտինացված են կամ եղջերային: Առջևի և միջին զույգ ոտքերը հարմարված են սողալուն և վազելուն, հետինը՝ ցատկելուն: Շատ տեսակների էգերն ունեն ձվադիրներ: Ձմեռում են ձվի, թրթուրի կամ հասուն փուլում: