Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև 1960-ական թթ., Տ., որպես Սևանա լճի ժայռաշատ ափերին բնորոշ, ծագումով բորիալ, մնացորդային տեսակ, համարվում էր բավական մեծ, նստակյաց (բնադրող) համակեցություն, որը, սակայն, Սևանա լճի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով վերջնականապես անհետացել է (1966-68-ին Սևանա լճի ավազանում գրանցվել է 2-12 թռչուն, 1995-ին Արփի լճում՝ 2-3):

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՑԱԽԱՔԼՈՐԱՈՐՍ (Accipiter genitilis), ճուռակների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկար. 48-62 սմ է, թևերի բացվածքը՝ 90-120 սմ, կենդանի զանգվածը՝ 0,7-1,5 կգ:

Գիշատիչ թռչուն է, թևերը՝ լայն՝ դեպի վեր փքված երկրորդային փետուրներով, արտաքին թևը՝ նեղ, պոչը՝ կլորավուն, ներքնապոչը՝ սպիտակ, աչքի վերին մասում կա ցայտուն սպիտակավուն շերտ: Հասուն արուն զգալի փոքր է էգից, վերևից կապույտոխրագույն է, գագաթը և այտերը՝ մուգ, պոչը՝ զոլավոր, մարմինը ներքևից՝ սպիտակ՝ մոխրագույն զոլերով: Երիտասարդի մարմինը վերևից մուգ դարչնագույն է, փետուրները՝ բաց երիզով, ներքևից՝ ցայտուն խայտերով, աչքի վերին մասում կա աղոտ սպիտակ շերտ: Որս է անում առավելապես անտառներում: Բնակվում է բացատների առկայությամբ խիտ անտառներում: Սնվում է առավելապես թռչուններով, նապաստակի մեծության որոշ կաթնասուններով:

Զուգավորման առաջին փորձերը տեղի են ունենում ապրիլի 1-ին կեսերին: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 80-90 սմ)՝ խոշոր ու մանր ճյուղերի կույտ՝ ծառի կեղևից ու կանաչ բույսերից: Բնադրում է գետնից 7-20 մ բարձր: Ողջ բնադրման ընթացքում էգը և արուն այն թարմացնում ու կարգավորում են: Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 2-րդ կեսից: Դնում է 59 մմ տրամագծով, կապտավունպիտակ 2-4 ձու: Թխսակալում է էգը՝ 30-32 օր: Ձագերը հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակին, վարժ թռչելու ունակություն են ձեռք բերում հուլիսի 1-ին կեսին (Խոսրովի անտառ արգելոցում՝ կյանքի 38-40-րդ օրը): Ձագերի բնային կյանքում նկատվել է կանիբալիզմի երևույթը, որը սերնդի թվաքանակի կարգավորման և առողջացման միջոց է: Վտանգի դեպքում (օրինակ՝ բնի մոտակայքում մարդ հայտնվելիս) հասունները զայրանում և աղաղակով հարձակվում են ու ճանկերով հարվածում գլխին, ուսերին: Կերը հայթայթում է արուն, կերակրում է էգը: Արուն թռիչքի ընթացքում կարող է որսը փոխանցել էգին:

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿՐԻԱՆԵՐ (Testudinidae), կրիաների կարգի ընտանիք: Ընդգրկում է ցամաքային կենսակերպ վարող 13 ցեղի շուրջ 51 տեսակ: ՀՀ-ում տարածված է 1 տեսակ՝ միջերկրածովյան կրիան: Բնորոշվում են համեմատաբար բարձր և ուռուցիկ զրահով: Հիմնականում բուս ակեր ու լեշակեր են:

ՑԱՆՑԱԹԵՎԱՎՈՐՆԵՐ (Neuroptera), միջատների կարգ: Հայտնի է 5 հզ., ՀՀ-ում՝ մոտ 30 տեսակ: Հանդիպում են հիմնականում Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում: Առավել հետաքրքրություն են ներկայացնում ոսկեաչիկների ընտանիքից սովորական ոսկեաչիկը և մրջնառյուծների ընտանիքից սովորական մրջնառյուծը:

Սովորական ոսկեաչիկը (Chrysopa cornea) միջին մեծության է, թևերի բացվածքը՝ 25-30 մմ, 2 զույգ երկնագույկանաչավուն թևերով և ոսկեգույն աչքերով: Սովորական մրջնառյուծը (Myrmoleon formcoris) աչքի է ընկնում խոշոր մարմնով:

Միջին չափի կամ մեծ միջատներ են: Բերանային մասերը կրծող են: Գլուխը մարմնի նկատմամբ ուղղա հայաց դիրք ունի: Բեղիկները թելանման են, քորոցաձև, սանրաձև: Առաջնակուրծքը մեծ է, շարժունակ: 2 զույգ թևերն էլ թաղանթակերպ են՝ ցանցաձև ջրավորված (այստեղից՝ անվանումը): Ոտքերը մեծ մասամբ միակերպ են, հազվադեպ առաջին զույգը գիշատիչ է: Թրթուրը և հասունը գիշատիչ են: Մեծ մասամբ սնվում են բուսակեր միջատներով (լվիճներ, կոկցիդներ, տզեր):

Թրթուրներն ավազաքարերում փորում են ձագարաձև փոսեր և, թաքնվելով ձագարի հատակում, բռնում և ներս են քաշում փոսի մեջ ընկած միջատներին:

Ց. կարող են օգտագործվել որպես գյուղատնտ. վնասատուների դեմ պայքարի միջոց:

ՑԵՑԵՐ, ցածրակարգ թիթեռների բազմաթիվ ընտանիքների (մոտ 50) ընդհանուր անվանումը: Հայտնի է ավելի քան 15 հզ. տեսակ: Առավել տարածված է իսկական Ց-ի (Tineidae) ընտանիքը՝ մոտ 20 հզ., ՀՀ-ում՝ 30 տեսակով: